ՀՀ ԿԲ-ն պահպանեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8,5%-ի մակարդակում

13.07.2011 10:34
ՀՀ ԿԲ-ն պահպանեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8,5%-ի մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ խորհուրդը երեքշաբթի նիստի ընթացքում որոշեց  անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.5%, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Տեղեկատվության մեջ նշվում է, որ 2011 թվականի հունիսին, մայիսին համեմատ, արձանագրվել է 1.4% գնանկում, որի արդյունքում 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազել է 0.5 տոկոսային կետով և կազմել 8.5%: Պարենային ապրանքների գնաճի նպաստումը 12-ամսյա ցուցանիշին դեռևս բարձր է` 7.3 տոկոսային կետ:

Խորհուրդն արձանագրեց, որ գնաճային միջավայրի ձևավորման վրա տնտեսության արտաքին հատվածից էական ազդակներ չկան։

2011 թվականի երկրորդ եռամսյակում միջազգային ապրանքային շուկաներում, չնայած որոշակի տատանողականությանը, արձանագրվել է գների հարաբերական կայունություն, և ներկայումս չեզոքացել են գնաճային ճնշումները:

Խորհուրդը համակարծիք է, որ տնտեսության ներքին զարգացումները ևս գնաճային միջավայր չեն ձևավորում։ Աշխատանքի շուկայի և մասնավոր ծախսումների ազդեցությունը չեզոք է, իսկ հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը` զսպող։

Տեղեկատվության մեջ նաև նշվում է, որ տարեսկզբից իրականացրած դրամավարկային պայմանների խստացումը ևս շարունակում է նպաստել գնաճային միջավայրի մեղմմանը:

Խորհուրդն ամփոփեց, որ համաշխարհային և ներքին տնտեսությունների ներկա զարգացումները, ինչպես նաև նախորդ տարվա համեմատությամբ գյուղատնտեսության ճյուղում ավելի բարենպաստ պայմանները թույլ են տալիս վերահաստատել, որ ծրագրում նախանշված ռիսկերի հաշվեկշռված դրսևորման պարագայում կանխատեսվող հորիզոնում մեծ հավանականությամբ գնաճը կձևավորվի 4% ± 1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում։

ԿԲ-ն վերջին անգամ 0.25 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2011 թ.-ի ապրիլի 13-ին՝ հասցնելով այն 8.5 տոկոսի։

ՀՀ պետբյուջեի համաձայն՝ 2011 թ.-ին հանրապետությունում գնաճը նախատեսված է 4 տոկոսի սահմաններում (±1,5%)։-0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև