Հայտնի են դարձել HSBC Խմբի կողմից հովանավորվող European Business Awards մրցանակաբաշխության երկրորդ փուլի արդյունքները

18.07.2011 16:03
Հայտնի են դարձել HSBC Խմբի կողմից հովանավորվող European Business Awards մրցանակաբաշխության երկրորդ փուլի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայտնի են դարձել HSBC Խմբի կողմից հովանավորվող European Business Awards մրցանակաբաշխության երկրորդ փուլի արդյունքները, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին HSBC Բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, եվրոպական 220 լավագույն ընկերությունների շարքում հայաստանյան  տասը կազմակերպություններ ընտրվել են որպես Հայաստանը ներկայացնող բիզնեսներ և արդեն հաջորդ փուլում կպայքարեն նախ «Պատվո ժապավենին» (Ruban d’Honneur), ապա նաև` Եվրոպական Բիզնես Մրցանակին արժանանալու համար:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդի խոսքով՝ «Չափազանց հպարտ եմ տեսնել «Պատվո ժապավենի» և Եվրոպական Բիզնես Մրցանակին արժանանալու համար պայքարող հայկական բիզնեսների մասնակցության նման զգալի աճը նախորդ տարվա համեմատ»:

«Այս ընտրությունը արդարացված է և արտացոլում է հայկական ձեռնարկատիրության հաջողությունները անցած 12 ամիսների ընթացքում»,- ասաց Քլիֆֆորդը։

Իրենց երկրները ներկայացնելու ընտրված 220 ընկերություններ այժմ գնահատվելու են կարևորագույն քաղաքական գործիչներից, առաջատար գործարարներից, ձեռներեցներից, բիզնես մեկնաբաններից և մամլո ներկայացուցիչներից կազմված հեղինակավոր ժյուրիի կողմից` «Պատվո ժապավենին» արժանանալու համար:

Ընտրված 100 բիզնեսների անունները կհրապարակվեն հուլիսի 28-ին: «Պատվո Ժապավեն»-ի բոլոր մրցանակակիրները հրավիրված են ներկա գտնվել European Business Awards-ի գալա-ընդունելությանը, որը կանցկացվի նոյեմբերի 22-ին Բարսելոնայում։

Արարողության ժամանակ Եվրոպայի առաջատար բիզնես առաջնորդների, քաղաքական գործիչների, ձեռներեցների, բիզնես վերլուծաբանների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև կհանձնվեն մրցանակները:

Եվրոպական Բիզնես Մրցանակը շնորհվում է հետևյալ անվանակարգերում` Infosys-ի կողմից շնորհվող Տարվա Բիզնես, RSM International-ի` Տարվա Գործարար, UKTI-ի` Տարվա Նորարարություն, Ֆոկուս դեպի Հաճախորդը, Էյչ-Էս-Բի-Սի-ի` Աճի Ռազմավարություն, Տարվա Գործատու, Կորպորատիվ Պատասխանատվություն, Բնապահպանական Իրազեկվածության և Նախագահի Ընտրութուն:

«Էյչ-Էս-Բի-Սի Հոլդինգս փի-էլ-սի-ն» «Էյչ-Էս-Բի-Սի Խմբի» հիմնադիր ընկերությունն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Լոնդոնում: «Էյչ-Էս-Բի-Սի Խումբը» հաճախորդներին սպասարկում է Եվրոպայում, Ասիայում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում գտնվող 87 երկրներում գործող շուրջ 7500 գրասենյակների միջոցով: «Էյչ-Էս-Բի-Սի Խումբը», որի ակտիվները 2011 թվականի մարտի 31-ի դրությամբ, կազմել են 2,598 միլիարդ ԱՄՆ դոլար, հանդիսանում է աշխարհի բանկային և ֆինանսական ծառայություններ մատուցող խոշորագույն հաստատություններից մեկը: Այսօր աշխարհում «Էյչ-Էս-Բի-Սի»-ն հանդես է գալիս «Ձեր բանկն ամբողջ աշխարհում» կարգախոսով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post