ՎԶԵԲ-ը Հայաստանին 6,5 մլն եվրոյի վարկ կտրամադրի մարզերում ջրամատակարարման բարելավման նպատակով

19.07.2011 17:58
ՎԶԵԲ-ը Հայաստանին 6,5 մլն եվրոյի վարկ կտրամադրի մարզերում ջրամատակարարման բարելավման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) տրամադրում է 6.5 մլն եվրո սուվերեն վարկ Հայաստանի Հանրապետությանը` Հայաստանի 17 համայնքներում ջրամատակարարման և կեղտաջրերի մաքրման ծառայությունները բարելավելու նպատակով, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՎԶԵԲ-ի մամուլի ծառայությունից:

Վարկի միջոցներով վերավարկավորվելու է «Հայջրմուղկոյուղի» պետական ընկերությունը` ֆինանսավորելու ջրամատակարարման և կեղտաջրերի մաքրման ցանցերը: Բացի այդ, ընկերությունը կավարտի կեղտաջրերի մաքրման երկու կայանների կառուցումը:

Ծրագրի իրականացումը զգալիորեն կնվազեցնի ջրի կորուստը և կբարելավի խմելու ջրի հասանելիությունը մոտ 300 հազար բնակիչների համար:

ՎԶԵԲ-ի ֆինանասավորումը համալրվելու է Եվրամիության Հարևանության ներդրումային ծրագրի կողմից տրամադրվող 7 մլն եվրո դրամաշնորհի գումարով` հետագա կապիտալ ներդրումներ  կատարելու նպատակով:

Ծրագիրը ստանալու է նաև մինչև 2 մլն եվրո տեխնիկական աջակցության միջոցներ մի շարք դոնորների կողմից: Կանադայի կառավարությունը տրամադրել է 200 հազար եվրո` օժանդակելու «Հայջրմուղկոյւղի» ընկերությանը ներդրումային ծրագիր պատրաստելու հարցում: Մնացած դրամաշնորհային միջոցները տրամադրվելու են ՎԶԵԲ-ի Հարևանության ներդրումային ծրագրի, Բաժնետերերի հատուկ հիմնադրամի և Վաղ անցումային երկրների հիմնադրամի կողմից:

Միջոցները օգտագործվելու են օժանդակելու «Հայջրմուղկոյուղի» ընկերությանը` կոմերցիալիզացման ու կազմակերպչական բարելավման ծրագրի մշակման և ներդրումային ծրագրի իրականացման հարցերում:

Սա Հայաստանի ջրային ոլորտում ՎԶԵԲ-ի երկրորդ ծրագիրն է:  1992թ. Հայաստանում իր գործունեության սկզբից ի վեր ՎԶԵԲ-ը տրամադրել է ավելի քան 400 մլն եվրո` ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում իրականացվող մոտ 100 ծրագրերի համար, որոնցից 96 տոկոսը` մասնավոր ոլորտի զարգացմանն ուղված ներդրումներ էին:

2004 թ.-ից «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կառավարողն է «Սաուր» ֆրանսիական ընկերությունը ("SAUR" S.A.), որի հետ համաձայնագիրը երկարացվել է 2010 թ.-ին, և այս տարի նախատեսվում է այն երկարացնել մինչև 2013 թ.-ը: Ընկերության սպասարկման գոտում գտնվում է 37 քաղաք և 268 գյուղական համայնք Հայաստանի տասը մարզերում:

Ընկերության ներդրումները Հայաստանում 2004-2011 թվականների ընթացքում կազմել են 100 միլիոն դոլար։ Համարժեք գումար է ծրագրվում ներդնել ցանցի զարգացման համար հետագա հինգ տարիների ընթացքում։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post