Citibank-ն Ամերիաբանկին 4 մլն դոլարի վարկ է տրամադրել առևտրի ֆինանսավորման նպատակով

20.07.2011 14:20
Citibank-ն Ամերիաբանկին 4 մլն դոլարի վարկ է տրամադրել առևտրի ֆինանսավորման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. Աշխարհի խոշորագույն ֆինանսավարկային հաստատություններից մեկը՝ Citibank-ը, Ամերիաբանկին 4 մլն դոլարի վարկ է տրամադրել առևտրի ֆինանսավորման նպատակով:

«Վերջերս Ամերիաբանկը ամերիկյան նշանավոր Citibank-ի հետ կնքեց CARTA (Continuing agreement for reimbursement of trade advances) պայմանագիր, որը Ամերիաբանկին հնարավորություն ընձեռեց ստանալ 4 մլն ԱՄՆ դոլարի սահմանաչափով դրամական միջոցներ` առևտրի ֆինանսավորման համար, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Առաջին անգամ Citibank-ը հայկական բանկին տրամադրեց դրամական միջոցներ` միայն հիմք ընդունելով Ամերիաբանկի ֆինանսական կայուն վիճակը և մեծ վստահություն ներշնչող գործունեությունը:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ Ամերիաբանկի կողմից ներգրավված վարկը հաճախորդների համար կապահովի վարկավորման մրցունակ տոկոսադրույք և կընդլայնի հաճախորդների օտարերկրյա առևտրային գործարքների ֆինանսավորման հնարավորությունները:

Ամերիաբանկը Citibank-ի հետ համագործակցում է նաև այլ պայմանագրերի շրջանակներում, մասնավորապես` ստացվել են վարկային գծեր օրական կանխիկ դրամական հոսքերի կառավարման և առևտրի ֆինանսավորման գործարքների իրականացման համար:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

«Ամերիաբանկի» Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը՝ Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերն է «Տրոյկա Դիալոգ» խումբը` Ռուսաստանի Դաշնության ամենամեծ ներդրումային ընկերություններից մեկը:

Citibank-ը խոշորագույն միջազգային բանկ է, որը հիմնադրվել է 1812 թ.-ին որպես City Bank of New York, այնուհետև վերանվանվել է First National City Bank of New York: Այժմ բանկը ֆինանսական ծառայությունների ոլորտում միջազգային հսկայական կորպորացիայի՝ Citigroup-ի ստորաբաժանումն է: 2007 թ.-ի մարտից այն ԱՄՆ-ի խոշորագույն բանկն է հոլդինգների շրջանում: Citibank-ը գործում է աշխարհի ավելի քան հարյուր երկրների տարածքում: (1 դոլարը 366,46 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post