25.07.2011 11:48
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազել է 0,2 տոկոսով՝ մինչև 365,98 դրամի: Շաբաթվա ընթացքում իրականացված առքուվաճառքի ծավալը կազմել է 18,85 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2,4 տոկոսով ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը նվազեց 0,37 տոկոսով և շաբաթ օրը՝ հուլիսի 23-ին, կազմեց 367,35 դրամ: Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքի նվազումը կապված է ներկրողների և բնակչության կողմից ամերիկյան արժույթի նկատմամբ պահանջարկի նվազմամբ պետական պարտքի վերին շեմի անորոշության պատճառով ԱՄՆ-ում հնարավոր դեֆոլտի ֆոնի ներքո: Արժույթի առաջարկը, ընդհակառակը, կայուն է դեպի Հայաստան մասնավոր փոխանցումների իրականացման և ապրանքների ու ծառայությունների արտահանման կապակցությամբ:
Իսկապես, ՀՀ ԿԲ մամուլի ծառայության շաբաթվա ամփոփագրի համաձայն՝ ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից արտարժույթի զուտ վաճառքի ծավալը նախորդ շաբաթ կազմել է 0,61 մլն ԱՄՆ դոլար, ինչը 83,2 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից:
Մենք չենք բացառում, որ ԱՄՆ-ի պարտքային խնդիրների լուծումից հետո Հայաստանում արտարժույթի նկատմամբ պահանջարկը կարող է վերականգնվել:
Այս ամենի կապակցությամբ մենք ենթադրում ենք, որ Հայաստանում այս շաբաթ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 365-371 դրամի սահմաններում:
Հայաստանում նախորդ շաբաթ եվրոյի փոխարժեքը սահմանվում էր FOREX համաշխարհային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը աճեց 1,4 տոկոսով՝ հասնելով 1,4365-ի:
Եվրոյի աճի հիմնական դրայվերն են դարձել ԵՄ գագաթնաժողովի նորությունները: Եվրագոտու պարտքային խնդիրների լուծման հարցում առաջընթացը, որը ձեռք է բերվել հինգշաբթի՝ հուլիսի 21-ին, ԵՄ արտակարգ գագաթնաժողովի ժամանակ, ուժեղացրեց բարձր եկամտաբերություն ունեցող արժույթների, մասնավորապես՝ եվրոյի նկատմամբ պահանջարկը:
Եվրագոտու առաջնորդները պայմանավորվել են Հունաստանին օգնության նոր փաթեթի (109 մլրդ եվրո) տրամադրման և ծայրամասային երկրներին օգնության հիմնադրամի բարեփոխման մասին: Բարեփոխման ընթացքում մեծ պարտքեր ունեցող երկրների համար պետք է երկարացվեն պարտքերի մարման ժամկետներն ու կրճատվեն վարկերի տոկոսադրույքները: Հունաստանին օգնություն ցուցաբերելու նպատակով մասնավոր հատվածի ներդրումները կկազմեն 37 մլրդ եվրո:
Այս իրադարձությունների ֆոնի ներքո Հայաստանում նախորդ շաբաթ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքն աճեց 1,3 տոկոսով՝ հասնելով 531,23 դրամի:
Այս շաբաթ աշխարհում և Հայաստանում եվրոյի դինամիկան կսահմանվի FOREX միջազգային շուկայից ստացվող նորություններով: Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն հուլիսին սպառողական վստահությունը, երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ի ծավալի փոփոխման վերաբերյալ կանխատեսվող տվյալները, հունիսին առաջնային բնակարանների վաճառքի թվերը, ինչպես նաև հուլիսին Չիկագոյում գործարար ակտիվության համաթվի տվյալները:
Եթե եվրագոտում սպառողական գնաճի վերջնական տվյալները կանխատեսվածից բարձր լինեն (տարեկան արտահայտությամբ՝ 2,7 տոկոսից ավելի), ապա եվրոն կունենա իր աճը վերսկսելու բոլոր հնարավորությունները դրամային քաղաքականության հետագա խստացման ակնկալիքների ֆոնի ներքո: Եվրոյի համար առաջիկա հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում դիմադրության մակարդակ կարող է լինել 1,4650-ը:
Իսկ եթե ԱՄՆ-ից ակնկալվող մակրոտնտեսական վիճակագրությունը բացասական լինի, ապա եվրոն կարող է շարունակել իր անկումը: Առաջին հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում եվրոյի համար աջակցող շեմ կլինի 1.4050-ը: Այս շաբաթ Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքն այս դեպքում կգտնվի 520-545 դրամի սահմաններում:
Հայաստանում ռուսական կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ աճեց 1,0 տոկոսով՝ հասնելով 13,37 դրամի: Այս ամենը պայմանավորված էր ԱՄն դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի աճով եվրագոտու ծայրամասային երկրների պարտքային խնդիրների հարցերին նվիրված ԵՄ գագաթնաժողովի դրական արդյունքից հետո ներդրողների ռիսկի նկատմամբ միտվածության ավելացման ֆոնի ներքո:
ԱՄՆ դոլարի և, համապատասխանաբար, դրամի նկատմամբ ռուբլու դինամիկան այս շաբաթ կախված կլինի ԱՄՆ-ից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից և ԱՄՆ պարտքի վերին շեմի հետ կապված հարցի լուծումից: Եվրագոտու պարտքային խնդիրների նկատմամբ լավատեսության և նավթի պահպանվող բարձր գների ֆոնի ներքո ռուսական ռուբլին կարող է շարունակել իր աճը ԱՄՆ դոլարի և դրամի նկատմամբ:
Հայաստանում առաջին հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 13,3-13,47 դրամի սահմաններում:--0--
Միքայել Վերդյան, FOREX Club վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: