Բրիտանիան, հետևելով ԵՄ-ին, նվազեցրել է Իռլանդիայի վարկի տոկոսադրույքը

25.07.2011 13:08
Բրիտանիան, հետևելով ԵՄ-ին, նվազեցրել է Իռլանդիայի վարկի տոկոսադրույքը

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Մեծ Բրիտանիան, հետևելով եվրագոտու երկրների օրինակին, նվազեցնում է Իռլանդիայի վարկի տոկոսադրույքը՝ 5,8 տոկոսից դարձնելով 3,5 տոկոս:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին  նշվում է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնի հայտարարության մեջ:

Նախորդ հինգշաբթի եվրագոտու երկրները պայմանավորվել էին խորը պարտքային ճգնաժամում հայտնված Հունաստանին օգնության կոմբինացված փաթեթի, ինչպես նաև ճգնաժամի հետևանքով լուրջ վնասներ կրած Իռլանդիայի և Պորտուգալիայի վարկերի տոկոսադրույքների իջեցման մասին:

Մեծ Բրիտանիան չեզոք էր մնում Հունաստանի և Պորտուգալիայի տնտեսությունները փրկելու գործում մասնակցություն ունենալու հարցում, սակայն հարևան Իռլանդիայի նկատմամբ, որը Միացյալ Թագավորության կարևորագույն տնտեսական գործընկերներից մեկն է, Լոնդոնն այլ դիրքորոշում է զբաղեցնում և օգնություն է ցուցաբերում նրան երկկողմ հիմքով:

Նախորդ տարվա վերջին Մեծ Բրիտանիան Իռլանդիային 3,26 մլրդ ֆունտ ստեռլինգի (շուրջ 4 մլրդ եվրո) պարտք է հատկացրել՝ ի հավելումն այն ֆինանսական օգնության, որը Դուբլինը ստացել էր Եվրամիությունից և Արժույթի միջազգային հիմնադրամից:

«Ես արդեն բազմիցս նշել եմ, որ եվրագոտու երկրների կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքները չափազանց բարձր են: Ուրախ եմ, որ նրանք որոշել են նվազեցնել դրանք: Դա թույլ է տալիս Բրիտանիային նվազեցնել Իռլանդիային տրամադրված մեր վարկի տոկոսադրույքը՝ համոզված լինելով, որ լրացուցիչ միջոցները կօգնեն Իռլանդիային, այլ ոչ թե կծախսվեն եվրագոտու պետությունների բարձր տոկոսադրույքների մարման վրա», - նշել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post