ԱՄՆ-ի հնարավոր դեֆոլտը սարսափելի հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար. նախկին վարչապետ

27.07.2011 18:24
ԱՄՆ-ի հնարավոր դեֆոլտը սարսափելի հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար. նախկին վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի.  /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ի հնարավոր դեֆոլտը սարսափելի հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար, կարծում է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Ամերիկայի դեֆոլտի արդյունքում կտուժեն, առաջին հերթին, այն երկրները, որոնք դոլարներով ֆինանսական պահուստ ունեն, հայտնի է, որ Հայաստանի ֆինանսական պահուստի զգալի մասը հենց ԱՄՆ դոլարներով է պահվում։ Այսինքն, եթե ԱՄՆ-ում դեֆոլտ հայտարարվի, ապա մեր ֆինանսական պահուստները կհավասարվեն աղբի»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բագրատյանը։

Նախկին վարչապետի խոսքով՝ այդ ամենի արդյունքում կտրուկ կնվազի Հայաստանի Կենտրոնական բանկի վարկանիշը, իսկ հայկական բանկերի մի մասն էլ անմիջապես անվճարունակ կդառնան, քանի որ բանկերի մեծամասնության ֆինանսական պահուստը նույնպես դոլարով է պահվում։
Հայաստանի ԿԲ տվյալներով, ազգային արժույթով պարտադիր պահուստները հուլիսի 26-ին կազմել են 109 մլրդ 67 մլն դրամ, իսկ արտարժույթով պահուստները՝ 56 մլրդ 172 մլն դրամ։

ԱՄՆ-ն մայիսի 16-ին հաղթահարել է նախորդ տարի կոնգրեսի սահմանած 14,3 տրիլիոն դոլարի պետական պարտքի հերթական առաստաղը։ Վարչակազմը մեկ շաբաթ ունի դեֆոլտից խուսափելու համար, որը կարող է տեղի ունենալ արդեն օգոստոսի 2-ից հետո, եթե Կոնգրեսը չքվեարկի սահմանային շեմի մակարդակի բարձրացման օգտին։ Սպիտակ տունն առաջարկում է վերին շեմը բարձրացնել մինչև 2,4 տրիլիոն դոլար։ 2001 ֆինանսական տարվա արդյունքներով, ԱՄՆ-ի բյուջետային դեֆիցիտը, կանխատեսումների համաձայն, կկազմի մոտ 1,5 տրիլիոն դոլար։

Նախօրեին Օբաման հերթական, արդեն հաշվով երրորդ անգամ կոչ է արել Կոնգրեսին վճռական քայլեր ձեռնարկել օգոստոսի 2-ին ԱՄՆ-ում սպասվող տեխնիկական դեֆոլտը կանխելու ուղղությամբ։ Նախագահը, կոնգրեսի կուսակցություններից անհապաղ պահանջելով զիջումների գնալ պետպարտքի հարցում, դիմել է քաղաքացիներին, խնդրելով նրանց «հասկացնել կոնգրեսի յուրաքանչյուր անդամին, որ ամերիկացի ժողովուրդը համաձայն է փոխզիջումային ծրագրի (որը թույլ կտա բարձրացնել պետպարտքի առաստաղը մինչև դեֆոլտը և սկսել պետծախսերի կրճատումը)»։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post