Մետաղի շուկա. ոսկին ու պղինձը կրկին ուշադրության կենտրոնում են

02.08.2011 13:26
Մետաղի շուկա. ոսկին ու պղինձը կրկին ուշադրության կենտրոնում են

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ ոսկու արժեքը կարողացավ թարմացնել հուլիսին մեկնարկած իր մրցավազքը: Թանկարժեք մետաղի գնանշմանը կրկին հաջողվեց թարմացնել իր պատմական առավելագույն ցուցանիշը՝ ԱՄՆ-ի փոխառությունների վերին շեմի բարձրացման վերաբերյալ շարունակվող բանավեճերի ֆոնի ներքո հասնելով տրոյական մեկ ունցիայի դիմաց 1632,16 դոլարի:

Կրակին յուղ ավելացրեցին Moody’s և Standard & Poor’s վարկանիշային գործակալությունները, որոնք հերթական անգամ նվազեցրեցին Հունաստանի երկարաժամկետ վարկային վարկանիշը և նշեցին, որ այս երկրում շատ էական ռիսկեր կլինեն հարկաբյուջետային և տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար:

Մակրոտնտեսական վիճակագրությունը, մասնավորապես ԱՄՆ-ի ՀՆԱ-ի երկրորդ եռամսյակի նախնական տվյալները նույնպես չավելացրեցին լավատեսությունը, ցուցանիշը կանխատեսվածից շատ ավելի վատն էր: Այսպես, ՀՆԱ-ի ծավալը երկրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով ավելացել է ընդամենը 1,3 տոկոսով այն դեպքում, երբ կանխատեսվում էր 1,8 տոկոսանոց աճ: Աշխարհի խոշորագույն տնտեսության աճի տեմպերի դանդաղեցման կապակցությամբ շուկայի մասնակիցների մտավախությունները նախորդ շաբաթվա վերջում ոսկու արժեքի կտրուկ բարձրացման հանգեցրեցին:

Արդյունքում՝ նախորդ հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում ոսկու արժեքն ավելացավ 1,6 տոկոսով՝ հասնելով տրոյական մեկ ունցիայի դիմաց 1626,45 ԱՄՆ դոլարի:

Այս շաբաթ ոսկու գնանշումը կսահմանվի ԱՄՆ-ի և եվրագոտու մակրոտնտեսական վիճակագրությամբ, ինչպես նաև այդ երկրների պարտքային խնդիրների շուրջ տեղի ունեցող իրադարձություններով: Մակրոտնտեսական վիճակագրությունից շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի ADP գործակալության կողմից ԱՄՆ-ում զբաղվածների թվի փոփոխման վերաբերյալ հուլիսյան տվյալների և ոչ գյուղատնտեսական ոլորտում զբաղվածների թվի փոփոխության վերաբերյալ տվյալների հրապարակումը:

Եվրագոտու նորություններից հարկավոր է նշել տոկոսադրույքին նվիրված ԵԿԲ –ի հերթական նիստը, որը նախատեսված է օգոստոսի 4-ին: Նիստի ավարտից հետո տեղի կունենա ԵԿԲ-ի նախագահ Ժան-Կլոդ Տրիշեի ավանդական մամուլի ասուլիսը: Եթե Տրիշեի մեկնաբանություններում տոկոսադրույքի շուտափույթ բարձրացման վերաբերյալ ակնարկ հնչի, իսկ ԱՄՆ-ի պետական պարտքի վերին շեմի բարձրացման վերաբերյալ հարցը չլուծվի, ապա ոսկին կարող է շարունակել իր աճը: Առաջիկա հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում ոսկու համար դիմադրության շեմ կարող է լինել տրոյական մեկ ունցիայի դիմաց 1650 ԱՄՆ դոլարը:

Սակայն եթե ԱՄՆ Կոնգրեսին հաջողվի փոխզիջումային լուծում գտնել, իսկ Նահանգների մակրոտնտեսական վիճակագրությունը դրական լինի, ապա ամերիկյան դոլարի գինը կարող է ավելանալ հիմնական արժույթների նկատմամբ՝ այդպիսով ճնշում գործադրելով ոսկու արժեքի վրա: Առաջիկա շաբաթվա ընթացքում թանկարժեք մետաղին կաջակցի տրոյական մեկ ունցիայի դիմաց 1600 ԱՄՆ դոլարը:

Նախորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքն ավելացավ 1,84 տոկոսով՝ հասնելով պղնձի մեկ ֆունտի դիմաց 4,4855 ԱՄՆ դոլարի: Այս ամենն ունի մի քանի պատճառ, առաջին հերթին՝ հունական պարտքային խնդրի կապակցությամբ շուկայի մասնակիցների մտավախությունների թուլացումը, երկրորդը՝ նվազող դոլարը, և երրորդը՝ Լոնդոնի մետաղների բորսայում (ԼՄԲ) կարմիր մետաղի նվազող բորսային պաշարները:

ԱՄՆ-ի անբարենպաստ մակրոտնտեսական վիճակագրությունը, մասնավորապես՝ ՀՆԱ-ի երկրորդ եռամսյակի կանխատեսվող տվյալները խոչընդոտեցին կարմիր մետաղի արժեքի աճին:

1

Այս շաբաթ պղնձի արժեքը հիմնականում կսահմանվի ԱՄՆ-ից, եվրագոտուց ստացվող տնտեսական նորություններով և ԱՄՆ պետական պարտքի շուրջ տիրող իրավիճակով: Եթե ԱՄՆ-ի մակրոտնտեսական վիճակագրությունը, մասնավորապես՝ ոչ գյուղատնտեսական հատվածում հուլիսին նոր աշխատատեղերի քանակը կանխատեսվածից ավելի շատ լինի, իսկ հանրապետականներին ու դեմոկրատներին հաջողվի փոխզիջումային լուծում գտնել, ապա պղնձի գնանշումը աճի լրացուցիչ ազդակ կստանա:

Իսկ բացասական տնտեսական տվյալների հրապարակման և ԱՄՆ-ի փոխառությունների վերին շեմի հետ կապված խնդրի լուծման ձգձգման դեպքում ամերիկյան տնտեսության դանդաղեցման կապակցությամբ մտավախությունները կուժեղանան, իսկ կարմիր մետաղը կարող է անկում ապրել: Այս շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի գնանշման տատանման ենթադրվող դիապազոնը պղնձի մեկ ֆունտի դիմաց 4,37–4,55 ԱՄՆ դոլարն է:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև