Հայաստանի տնտեսական աճը 2011 թվականին կկազմի 4,7-5,5%. ԿԲ կանխատեսում

02.08.2011 18:07
Հայաստանի տնտեսական աճը 2011 թվականին կկազմի 4,7-5,5%. ԿԲ կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2011 թվականին տնտեսական աճը 4,7-5,5 տոկոս կկազմի` նախկինում կանխատեսվող 3,7-4,8 տոկոսի փոխարեն, ասվում է «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված «ՀՀ ԿԲ 2011 թվականի երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության  ծրագրում»։

Միաժամանակ, ինչպես նշվում է փաստաթղթում, 2012 թվականի առաջին կիսամյակի տնտեսական աճը կանխատեսվում է 3,3-4,6 տոկոսի սահմաններում։

Կենտրոնական բանկի ԴՎՔ համաձայն` ավելացված արժեքի աճն արդյունաբերական ոլորտում 2011 թվականին կկազմի շուրջ 8,3-10,3 տոկոս, ինչին հիմնականում կնպաստի լեռնահանքային և մետաղագործության ծավալների կանխատեսվող աճը համաշխարհային շուկաներում գունավոր մետաղների գների բարձր մակարդակի պահպանման պարագայում։

Բացի այդ, տվյալ ցուցանիշի աճին կնպաստի նաև սննդի արդյունաբերության և խմիչքների արտադրության, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտադրության կանխատեսվող աճը։

Շինարարության ոլորտում կանխատեսվում է ավելացված արժեքի որոշակի աճ, սակայն ավելացված արժեքի իրական աճը տվյալ ոլորտում կանխատեսվում է 0,6-2,6 տոկոսի սահմաններում, ինչը պայմանավորված է էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի ոլորտում շինարարական աշխատանքների ծավալի մեծացմամբ։

ԿԲ-ն ծառայությունների ոլորտում կանխատեսում է 3-5 տոկոսանոց աճ, որը հիմնականում կպայմանավորվի պետական և մասնավոր ծախսերի աճով, ինչն իր հերթին կանդրադառնա ինչպես ապրանքաշրջանառության ծավալների, այնպես էլ տրամադրվող այլ ծառայությունների ծավալների վրա։

Գյուղատնտեսության ոլորտի կանխատեսումները նույնպես լավատեսական են և 2011 թվականին հասնում են 6,1-8,1 տոկոսի, ինչին կնպաստի աճն ինչպես անասնաբուծության, այնպես էլ բուսաբուծության ոլորտում։

ՀՆԱ աճը, Հայաստանի 2011 թվականի պետական բյուջեի համաձայն, նախատեսված է 4,6 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը՝ 4 (±1,5 տոկոս) տոկոսի մակարդակում ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև