Fitch-ը հաստատել է Հայաստանի երկարաժամկետ ԷԴՎ-ն BB- մակարդակում՝ «Կայուն» կանխատեսմամբ

01.09.2011 19:52
Fitch-ը հաստատել է Հայաստանի երկարաժամկետ ԷԴՎ-ն BB- մակարդակում՝ «Կայուն» կանխատեսմամբ

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը BB- մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին Fitch Ratings-ի մամուլի ծառայությունից:

Fitch-ի սուվերեն վարկանիշների բաժնի տնօրեն Չարլզ Սևիլի (Charles Seville) խոսքերով՝ Հայաստանի վարկանիշի հաստատումն արտացոլում է այն, որ երկրի իշխանությունները կրճատում են բյուջետային և արտաքին անհավասարակշռությունները՝ ԱՄՀ-ի կողմից աջակցություն ստացող  տնտեսական քաղաքականության ծրագրի համաձայն:

«Այդուհանդերձ, տնտեսությունը խոցելի է արտաքին ցնցումների նկատմամբ: Պետական պարտքն ու համախառն արտաքին պարտքը էականորեն բարձր են, քան դրանք եղել են մինչև 2008-2009 թթ.-ի ճգնաժամը», - ասել է նա:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ Fitch-ը 2011 թ.-ին Հայաստանի կառավարությունից ակնկալում է բյուջետային դեֆիցիտի կրճատում մինչև ՀՆԱ-ի 3,9 տոկոսը՝ հաշվի առնելով այն, որ 2010 թ.-ին կառավարությունը կրճատել է դեֆիցիտը մինչև ՀՆԱ-ի 5 տոկոս:

«Ծրագրերի համախմբումը հիմնվում է ծախսերի զսպման և հարկային մուտքերի ավելացման համատեղման վրա, ինչը երկարաժամկետ մարտահրավեր է: Կառավարությունը հետագայում նախատեսում է կրճատել դեֆիցիտը՝ 2012 թ.-ին հասցնելով այն ՀՆԱ-ի 3,2 տոկոսի», - նշվում է տեղեկատվության մեջ:

Արտահանման ընդլայնմամբ պայմանավորված՝ ընթացիկ հաշվի դեֆիցիտը (CAD) 2010-2011 թթ.-ին կրճատվել է, և ակնկալվում է, որ այս միտումը կշարունակվի 2012-2013 թթ.-ին:

Fitch-ում կարծում են, որ 2011 թ.-ին ՀՆԱ-ի 12 տոկոսի մակարդակում կանխատեսվող դեֆիցիտը կֆինանսավորվի արտաքին փոխառությունների և օտարերկրյա ուղիղ ներդրումների (ՀՆԱ-ի շուրջ 6 տոկոսի չափով) հաշվին: Արտաքին պարտքի գծով վճարումները 2012-2013 թթ.-ին կավելանան, սակայն կմնան ավելի ցածր՝ «BB» միջին վարկանիշ ունեցող երկրների համեմատ:

Fitch-ը 2011-2013 թթ.-ին Հայաստանում կանխատեսում է 4-5 տոկոսի սահմաններում ՀՆԱ-ի աճի իրական տեմպեր, ինչը հիմնականում համապատասխանում է աճի միջնաժամկետ ներուժին:

«2011 թ.-ի հունվար-հուլիսին տնտեսական ակտիվությունը ավելացել է  միջինը 5 տոկոսով՝ արդյունաբերության, գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտների, ինչպես նաև ավելի բարձր հումքային արտահանման և դրամական փոխանցումների հոսքի հաշվին: Կառավարությունը նպատակաուղղված է բարելավել գործարար միջավայրն ու զարգացնել արտահանման ներուժը», - նշվում է տեղեկատվության մեջ:

Fitch-ի վերլուծաբանները կարծում են, որ նման աճը բավարար է ՀՆԱ-ի շուրջ 40 տոկոսի մակարդակում պետական ընդհանուր պարտքի կայունացման համար, եթե չգրանցվեն ֆինանսական ցնցումներ կամ փոխարժեքի հետ կապված շոկեր:

«Սակայն պետական պարտքի շուրջ 90 տոկոսը արտարժույթի տեսքով է, իսկ վճարունակության գործակիցը չափազանց զգայուն է փոխարժեքի տատանումների նկատմամբ», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

ԿԲ-ի կողմից տոկոսադրույքների վերջին բարձրացումը նվազեցրեց փոխարժեքի նկատմամբ ճնշումն ու օգոստոսին նպաստեց գնաճի նվազմանը՝ մինչև 4,8 տոկոս, ինչը նպատակային դիապազոնի սահմաններում է, որի վերին շեմը 5,5 տոկոս է: ԿԲ-ն նվազեցնում է դոլարայնացումն ու շուկայում ամրապնդում է հայկական դրամի դիրքը:

Պաշարների կամ դրամի վրա ճնշումը, որի պատճառը տնտեսական աճի գլոբալ դանդաղումն ու Ռուսաստանի տնտեսության աճի շոկն են, կթուլացնի արտաքին հավասարակշռությունն ու կարող է հանգեցնել բացասական վարկանիշի բերող գործողությունների: Ճգնաժամը թուլացրեց արտաքին շոկերը կլանելու Հայաստանի ունակությունը, ինչը ստիպեց կառավարությանն ավելացնել պետական պարտքը՝ հասցնելով այն ՀՆԱ-ի և GXD-ի 40 տոկոսի:

Վարկանիշային գործակալությունում այն կարծիքի են, որ ներքին և արտաքին քաղաքական լարվածությունը, որը կապված է նաև ղարաբաղյան հարցի հետ, ևս կարող է հանգեցնել բացասական վարկանիշի:

«Եթե Հայաստանն իրականացնի հարկային բարեփոխումներ և կրճատի դեֆիցիտը 2 կետով, ապա դա դրական կազդի վարկանիշերի վրա: Դոլարայնացման կրճատումը ևս դրական ազդեցություն կունենա», - նշվում է Fitch-ի տեղեկատվության մեջ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post