Երևանում տեղի է ունեցել Համահայկական բանկի բացումը

07.09.2011 16:57
Երևանում տեղի է ունեցել Համահայկական բանկի բացումը

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի Երևանում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և պաշտոնատար այլ անձանց ներկայությամբ, տեղի է ունեցել Համահայկական բանկի (Panarmenian Bank) բացումը:

«Համահայկական բանկի ստեղծման գաղափարը ծագել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակաշրջանում՝ հաշվի առնելով երկարաժամկետ ներդրումների համար ֆինանսական միջոցների պակասը», - լրագրողներին ասաց Համահայկական բանկի խորհրդի նախագահ և գլխավոր-գործադիր տնօրեն Վահրամ Ներսիսյանցը:

Նա նշեց, որ Համահայկական բանկը չի մրցելու առևտրային բանկերի հետ, չի ընդունելու ավանդներ և չի տրամադրելու առևտրային բանկերի համար ավանդական ծառայություններ:

«Ընդհակառակը, մենք համագործակցելու ենք առևտրային բանկերի հետ: Համահայկական բանկը ֆինանսավորման ծրագրերի փաթեթներ կնախապատրաստի, որոնց շրջանակներում ձեռնարկությունների երկարատև կարիքները կֆինանսավորվեն Համահայկական բանկի կողմից, իսկ ավելի կարճաժամկետները կամ առևտրի ֆինանսավորման հարցերը կլուծվեն առևտրային բանկերի կողմից: Այլ կերպ ասած, մենք ավելի շուտ լրացնելու ենք միմյանց, քան մրցելու», - ասաց նա:

Նրա խոսքերով՝ Համահայկական բանկն արդեն ծրագրում է համագործակցել մի քանի հայկական բանկերի, մասնավորապես՝ Ամերիաբանկի և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի հետ:

Նա նաև պարզաբանեց, որ երկարաժամկետ ֆինանսավորման շրջանակներում կտրամադրվեն վարկեր մինչև տասը տարի ժամկետով, իսկ տոկոսադրույքներն առավելագույն չեն լինի:

«Առևտրային բանկերի համար առավելագույն տոկոսադրույքներն ընդունելի են, սակայն քանի որ մենք զարգացման բանկ ենք, ապա պետք է հավասարակշռության բերենք մեր ֆինանսական շահութաբերության դերն ու զարգացման դերը», - ասաց նա:

Ներսիսյանցի խոսքով՝ քանի որ բանկը դեպոզիտներ չի ընդունում, իր ռեսուրսները նա ներգրավելու է երկու աղբյուրներից: Դրանք միջազգային ֆինանսական կազմակերպությունների, օրինակ՝ Համաշխարհային բանկի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի, ՎԶԵԲ-ի, Եվրոպական ներդրումային բանկի, Զարգացման ասիական բանկի, Եվրասիական բանկի երկարաժամկետ միջոցներն են:

Նա պարզաբանեց, որ այդ կազմակերպությունների ռեսուրսները կներգրավվեն և կբաշխվեն որպես երկարաժամկետ ներդրումներ Համահայկական բանկի վերլուծության հիման վրա:

Որպես երկրորդ աղբյուր Ներսիսյանցը նշեց սփյուռքահայերի ռեսուրսների ներգրավման հնարավորությունը, որոնց համար բանկը պարտատոմսեր է թողարկելու: Միաժամանակ վարչության նախագահը ընդգծեց, որ Համահայկական բանկը կգործի պետությունից և կառավարությունից անկախ:

«Մենք ոչ մի դեպքում պատվերներ չենք ընդունելու կառավարությունից կամ որևէ այլ պետական մարմնից, այլ ղեկավարվելու ենք բացառապես շուկայով և տնտեսական չափորոշիչներով», - ասաց նա:

Այս կապակցությամբ Ներսիսյանցը պարզաբանեց, որ զարգացման բոլոր այն բանկերը, որոնց կառավարման հարցում պետությունը որևէ դեր է խաղացել, անհաջողության են հասել, իսկ շուկայի օրենքներով ղեկավարվողները հաջողության են հասել:

Համահայկական բանկը զարգացման բանկ է և հիմնադրվել է որպես բաց բաժնետիրական ընկերություն: Բանկային գործունեություն իրականացնելու արտոնագիր է ստացել 2011թ.-ի հունիսին: Բանկի գործունեությունը կարգավորելու է ՀՀ ԿԲ-ն:

Համահայկական բանկը ոչ առևտրային կառույց է՝ 100 մլն դոլար կանոնադրական կապիտալով, որից 20 մլն դոլարը Հայաստանի կառավարության կողմից վճարված մասնաբաժինն է: Բանկի գործունեության առաջնահերթությունների թվում են ՏՏ-ի, առողջապահության, կրթության և զբոսաշրջության ոլորտները:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև