Հայբիզնեսբանկը պահուստային կենտրոն է ստեղծել ֆորսմաժորային դեպքերի համար

09.09.2011 15:33
Հայբիզնեսբանկը պահուստային կենտրոն է ստեղծել ֆորսմաժորային դեպքերի համար

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայբիզնեսբանկը պահուստային կենտրոն է բացել՝ ֆորսմաժորային պայմաններում անխափան գործունեություն ապահովելու նպատակով, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

«Վերջերս ստեղծված պահուստային կենտրոնն ապահովելու է բանկի աշխատանքային գործունեությունը արտակարգ իրավիճակների պայմաններում, ինչպիսիք են` ջրհեղեղը, երկրաշարժը, քաղաքական անկայունությունը, ռազմական գործողությունները և այլն», - նշվում է բանկի մամուլի հաղորդագրության մեջ:

Տեղեկատվության համաձայն, պահուստային կենտրոնն, անվտանգության նկատառումներից ելնելով, հեռացված է գլխամասային գրասենյակից, այն կառուցվել է Հայբիզնեսբանկի «Վանաձոր» մասնաճյուղի տարածքում և գործում է Microsoft ընկերության Cloud-համակարգի և «Dell» ընկերության կողմից արտադրված ժամանակակից սարքավորումների հիման վրա, ինչը թույլ է տալիս ունենալ աշխատող վիրտուալ սերվերների մեծ քանակ:

Բանկային պրոցեսների արձանագրման առցանց ռեժիմ է գործում, որը հնարավորություն է տալիս բոլոր գործարքները անմիջապես արձանագրել Պահուստային կենտրոնում:

«Այս կենտրոնը ստեղծվել է՝ ելնելով տեղեկատվական անվտանգության պահանջներից», - ասել է Հայբիզնեսբանկի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Մուշեղ Գիշյանը:

Պահուստային կենտրոնի ստեղծումը լուծում է երկու հիմնական խնդիր. արտակարգ իրավիճակներում ինֆորմացիայի լրացուցիչ պահպանման ապահովում և բանկի աշխատակիցների անխափան գործունեության պայմաններ` հաճախորդների սպասարկման ապահովմամբ:

«Պահուստային կենտրոնում արտակարգ իրավիճակների պայմաններում աշխատող անձնակազմն արդեն ձևավորվել և մասնակցել է հատուկ ուսուցման դասընթացների: Կնքված են պայմանագրեր Երևանից անկախ համացանցային կապ տրամադրող ընկերությունների հետ, ինչը թույլ կտա հաճախորդներին (ինչպես ռեզիդենտներին, այնպես էլ ոչ ռեզիդենտներին) ցանկացած պահի կառավարել իրենց հաշիվները անկախ այն բանից, թե որ երկրում են գտնվում», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Տեղեկատվության համաձայն, չնայած որ կենտրոնն արդեն տեխնիկապես գործում է` մինչև տարվա վերջ նախատեսվում է անցկացնել ողջ կենտրոնի հնարավորությունների հետ կապված փորձարկման միջոցառումներ, ընդհուպ մինչև հաճախորդների սպասարկումը:

Բանկը հաջորդ տարվա ընթացքում ծրագրում է կառուցել նմանատիպ պահուստային կենտրոն նաև Եվրոպայի տարածքում:

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն (մինչև 2006 թ.-ի օգոստոսի 26-ին «Հայինվեստբանկ») գրանցվել է 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ին:

2006 թ.-ին Ուկրպրոմբանկը (Կիև) ձեռք է բերել բանկի կապիտալում մասնակցության 35 տոկոսը, Ուկրաինայի ապահովագրական միությունը՝ «Ալֆա Գարանտը»՝ 35 տոկոսը,  «Chrystie Management» ընկերությունը՝ 30 տոկոսը: 2011 թ.-ի երկրորդ եռամսյակի վերջում Chrystie Management-ին է պատկանում է Հայբիզնեսբանկի բաժնետոմսերի 86,99 տոկոսը, մնացած 13,01 տոկոսը պատկանում է Ուկրպրոմբանկին:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև