09.09.2011 18:48
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը չի պատրաստվում արտերկրից միջոցներ փոխառել, ուրբաթ լրագրողներին ասաց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ մեկնաբանելով պետական պարտատոմսերի թողարկման հնարավորությունը:
«Հայաստանն աննպատակահարմար է համարում միջազգային շուկայից միջոցների ներգրավումը, քանի որ դեռևս մենք կարող ենք ավելի էժան և երկար արտոնյալ վարկեր ներգրավել միջազգային կազմակերպություններից»,- ասաց Գաբրիելյանը:
Չբացառելով հետագայում նման հնարավորությունը՝ նախարարը նշեց, որ կառավարությունը ներկայումս իր առջև նման խնդիր չի դնում:
Հայաստանի հետ հարևան երկրներից Վրաստանն արդեն երկու անգամ արտերկրում թողարկել է եվրաբոնդեր, վերջին անգամ՝ 500 մլն դոլար գումարի չափով 2011թ.-ի ապրիլին:
2010թ.-ի վերջի դրությամբ, ՀՀ պետական մարմինների կողմից ներգրավված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 3,299 մլն ԱՄՆ դոլար, որոնցից 2,253.7 մլն ԱՄՆ դոլարը ներգրավվել են միջազգային կազմակերպություններից, իսկ 1,045.3 ԱՄՆ դոլարը՝ տարբեր երկրներից: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: