HSBC Բանկ Հայաստանը սպառողական վարկերի պորտֆելի ամենամսյա աճ է ակնկալում $300-400 հազ. դոլարի չափով

19.09.2011 15:30
HSBC Բանկ Հայաստանը սպառողական վարկերի պորտֆելի ամենամսյա աճ է ակնկալում $300-400 հազ. դոլարի չափով

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. HSBC Բանկ Հայաստանը սպառողական վարկերի պորտֆելի ամենամսյա աճ է ակնկալում 300-400 հազար դոլարի չափով, ասաց «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ մանրածախ բանկային ծառայությունների դեպարտամենտի ղեկավար Արմեն Բարսեղյանը:

«Սեպտեմբերի ընթացքում մենք ծրագրում ենք 300-400 հազար դոլար գումարի չափով նոր սպառողական վարկեր տրամադրել, և մինչև տարեվերջ ենթադրվում է ամեն ամիս ապահովել այդ մակարդակը»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Ըստ Բարսեղյանի՝ 2010թ.-ի դեկտեմբերից բանկը թարմացրել է սպառողական վարկերի տրամադրումը, ընդ որում վերջին մի քանի ամիսների ընթացքում բավականին ընդլայնվել է նոր վարկերի ծավալը:

«Մենք ակտիվորեն աշխատում ենք այդ շուկայում և ծրագրում ենք ընդլայնել վարկավորման տվյալ տեսակի ուղղությամբ ծավալները»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այսօրվա դրությամբ բանկի սպառողական վարկավորման պորտֆելը կազմում է շուրջ 600-700 հազար դոլար:

«HSBC-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, բացվել է Հայաստանում 1996 թ.-ին և երկրի առաջին միջազգային բանկն է: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է HSBC խմբին, մնացած 30 տոկոսը՝ «Wings Establishment-ին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարի վերջից

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն` 2011թ.-ի հունիսի 30-ի դրությամբ բանկի համախառն վարկային ներդրումները կազմել են 90,8 մլրդ դրամ, ինչը բանկին ՀՀ բանկային համակարգում հինգերորդ տեղն է ապահովել ($1 – 375,3 դրամ):–0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև