Ֆինանսական մարմինները պետք է փոխեն իրենց պատկերացումները արտաքին պարտքի վերաբերյալ

30.09.2011 15:30
Ֆինանսական մարմինները պետք է փոխեն իրենց պատկերացումները արտաքին պարտքի վերաբերյալ

Սպառնու՞մ է, արդյոք, Հայաստանին ճգնաժամի երկրորդ ալիք, ինչպե՞ս պաշտպանվել նրանից և հետագայում ի՞նչ անել տնտեսության ոլորտում. «ԱՌԿԱ» գործակալության հետ զրույցում այս մասին իր տեսակետներն է ներկայացրել կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

«ԱՌԿԱ» - Այսօր աշխարհում ակտիվորեն քննարկվում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի ի հայտ գալու հարցը: Համաշխարհային տնտեսության վրա հոռետեսության ամպեր են կուտակվում եվրոպական երկրների պարտքային խնդիրների պատճառով, բազմաթիվ տնտեսագետների կանխատեսումները վկայում են առաջիկայում ճգնաժամի առաջացման մասին: Ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վրա հնարավոր ճգնաժամը, կշրջանցի՞ այն մեր տնտեսությունը, թե՞ մեզ երկրորդ ալիք է սպառնում:

Ա. Մեսրոբյան Իրականում ճգնաժամի երկրորդ ալիք գոյություն չունի, քանի որ ճգնաժամը ոչ մի տեղ չի գնացել: Պարզապես, այդ ճգնաժամը մուտացիայի է ենթարկվել, որտեղ ոչ պակաս կարևոր դեր է խաղացել 2008 թ.-ի ճգնաժամին պետությունների արձագանքը:

«ԱՌԿԱ» - Մուտացիայի ի՞նչ գործընթացի մասին է խոսքը:

Ա. Մեսրոբյան – Իրականում պարտքեր են առաջացել, որոնց աղբյուրները մեծամասամբ երկրորդական շուկայի գործիքներն էին: Նշեմ, որ եթե աշխարհի ՀՆԱ-ն տասնյակ տրիլիոն դոլար է, ապա երկրորդական շուկայի տարողությունը շատ ավելին է: Եթե 20-րդ դարի սկզբին ֆոնդային գործառնությունների 90 տոկոսն անմիջականորեն կապված էր առքուվաճառքի հետ, ապա 20-րդ դարի վերջին 90 տոկոսն առքուվաճառքի իրավունքի գործառնություններն են, այսինքն՝ դերիվատիվ բաղկացուցիչները: Այդ պարտքերը սկսեցին պայթել 2008 թ.-ին և տեղափոխվել  տնտեսական իրական հատված: Եվ որպեսզի այդ հատվածը չպայթի, կառավարությունները սկսեցին մարել պարտքերը բյուջետային միջոցների հաշվին, իսկ կենտրոնական բանկերը՝ լրացուցիչ փողերի թողարկման հաշվին:

«ԱՌԿԱ» - Այսինքն` ընտրվեց հակաճգնաժամային քաղաքականության ոչ լավագույն տարբերա՞կը:

Ա. Մեսրոբյան – Միանգամայն ճիշտ է: Այսպիսով` շատ երկրների իշխանությունները գնացին շատ պարզ և միաժամանակ շատ վտանգավոր ուղիով: Բազմաթիվ պարտքեր, որոնց տնտեսական էությունը կարող էր ավելի լավը լինել, հանկարծ ստացան իրական պարտքի տեսք իրական սուբյեկտներին, իսկ ամենավտանգավոր սուբյեկտը բյուջեն է: Պատահական չէ, որ այդ ամենից հետո հանկարծ սկսեցին խնդիրներ առաջանալ Հունաստանում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Իտալիայում, քանի որ պարտքերը վիրտուալ համակարգից տեղափոխվեցին իրական համակարգ:

Այսպիսով` այն ամենը, ինչ հիմա տեղի է ունենում, նույն ճգնաժամի մուտացիան է, որը մարվեց բավականին անգրագետ ձևով և բավականին վտանգավոր միջոցներով: Այժմ սկսվում են նրա փուլերը, որոնք առաջացել են նույն ճգնաժամի դեմ պայքարի մեխանիզմների կողմից: Այսօր մենք հետևում ենք համաշխարհային ճգնաժամի հետևանքներին, և քանի դեռ միջազգային հանրությունը հստակ չկողմնորոշվի որոշ հասկացությունների առումով, այդ ճգնաժամը, ցավոք, անհնար կլինի հաղթահարել:

«ԱՌԿԱ» - Կոնկրետ ի՞նչ հասկացությունների մասին է խոսքը:

Ա. ՄեսրոբյանԱյսօրվա դրությամբ ամենահիմնարար հասկացությունը պարտքն է: Ի վերջո, չվճարումները, որոնք ուղեկցում էին այս ճգնաժամը, պարտքերի առաջացում է, որոնց վրա տոկոսներ են հաշվարկվում: Իսկ պարտքերը պետք է մարվեն: Հակառակ դեպքում, եթե դրանք շարունակեն կուտակվել, ապա ճգնաժամը հաջորդ փուլ կթևակոխի:

«ԱՌԿԱ» - Ձեր կարծիքով` ի՞նչ է հարկավոր ձեռնարկել այս հարցը կարգավորելու համար:

Ա. Մեսրոբյան – Ողջ աշխարհի, այդ թվում նաև Հայաստանի ֆինանսական մարմինները հրդեհի պարզունակ մարմամբ զբաղվելու փոխարեն պետք է փոխեն իրենց պատկերացումները պարտքի վերաբերյալ, սա առաջին քայլն է: Երկրորդը, պետք է կոշտ կերպով փոխել աշխարհի ֆինանսական հարթակները: Դերիվատիվները լավ են այն դեպքում, երբ միայն ապագա տատանումների ինդիկատորներ են, օրինակ՝ ֆյուչերսները կարող են ցույց տալ արժութային ակնկալիքները:

Շատ վտանգավոր է դերիվատիվներին հնարավորություն ընձեռել ֆինանսական շրջանառության մեջ ներգրավել իրական փողեր: Երրորդը, պետք է հրաժարվել միասնական արժույթից:  Տնտեսության մեջ ինչ-որ բանի մոնոպոլիզացիան վտանգավոր է: Արժույթի զամբյուղ է հարկավոր, որոնք պետք է հավասար կերպով մասնակցեն տարատեսակ ֆինանսական գործառնություններում:

«ԱՌԿԱ» - Սրանք հիմնական ուղղություններն են աշխարհում ճգնաժամի հաղթահարման համար, իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում, արդյո՞ք մեզ մոտ ճգնաժամի նոր փուլ է սպասվում:

Ա. ՄեսրոբյանՀայաստանում ճգնաժամը հաղթահարված չէ, և վատթարագույնը դեռ առջևում է: Կան երկրներ, որոնց պետական պարտքը ՀՆԱ-ի 50 տոկոսից ավելի է, կան երկրներ, որոնց պարտքը 100 տոկոսից ավելի է: Հայաստանում պետական պարտքը 50 տոկոսից պակաս է, սակայն մեր իրավիճակը, արդյոք, ավելի լա՞վ է: Մեր տնտեսագետները յուրահատուկ հատկություն ունեն՝ մտնել թվերի մեջ և այնտել էլ մնալ: Բանն այն է, որ տնտեսության որակը նշում է, թե ինչ բեռ է այն պատրաստ վերցնել իր վրա: Օրինակ` եթե գերմանական մեքենան կարող է տասը տոննա բեռ տանել, ապա դա չի նշանակում, որ հայկական «Երազ» մեքենան ևս կարող է իրեն բեռի նման ծավալ թույլ տալ: «Երազի» համար մեկ տոննայից ավելն արդեն կործանարար է: Այլ կերպ ասած՝ հայկական տնտեսությունը «Երազ» մեքենան է, և այն չի կարող դիմանալ պարտքի նման ծավալին:

«ԱՌԿԱ» - Իսկ ո՞րն է տնտեսության «փոքր բեռնատարողության» պատճառը:

Ա. Մեսրոբյան - Հայաստանի նման երկրներում շատ ուժեղ բևեռացում կա, որը վկայում է տնտեսության մեջ արտոնյալ շերտի առկայության մասին: Հաճախ բևեռացումը դիտարկվում է սոցիալական լարվածության առաջացման պատճառի տեսակետից: Որքան շատ է հարուստների և աղքատների միջև տարբերությունը, այնքան ավելի շատ է հասարակությունը սոցիալապես լարված: Սակայն մյուս կողմից, բևեռացված հասարակությունում արտոնյալ շերտը ստանում է օրենսդրորեն ամրագրված ավելի շատ հարկային արտոնություններ, և հիմնական բեռն ընկնում է ոչ արտոնյալ շերտերի վրա: Առաջացած շրջապտույտը շատ վտանգավոր է:  Եվս մեկ վտանգավոր պահ է մեր տնտեսության օլիգարխիկ բնույթը: Երբ օլիգարխները սիմվոլիկ գումարներ են ուղղում, այսպես կոչված, բարեգործությանը՝ չվճարելով հարկերի առյուծի բաժինը, ապա սա խոսում է այն մասին, որ տնտեսությունը հիվանդ է: Տնտեսությունն ավելի շատ է փակուղի մտնում, որի հեղինակներն օլիգարխներն են: Իսկ օլիգարխիկ տնտեսությունը կարող է պայթյունի հանգեցնել:

«ԱՌԿԱ» - Ե՞րբ է նոր տնտեսական անկում սպասվում:

Ա. ՄեսրոբյանՀայաստանում արդեն տնտեսական անկում է ընթանում: Մենք խառնում ենք թվերն իրական տնտեսության հետ:

«ԱՌԿԱ» - Կարո՞ղ եք օրինակներ բերել:

Ա. Մեսրոբյան – Օրինակ բերեմ: Նախորդ տարի մեզ մոտ գնաճը 9,4 տոկոսի սահմանում էր: Ի՞նչ է ցույց տալիս այս թիվը: Վերցնում են 470 անուն ապրանք, որոնց վրա կշիռային գործակիցներ են սահմանված, որոնց հիման վրա հաշվարկվում է զամբյուղն ու գնաճը: Կարծում եմ, որ գնաճը պետք է հաշվարկվի երեք կատեգորիայի համար՝ ապահոված մարդկանց համար՝ հաշվի առնելով 470 անուն ապրանքը, միջին խավի համար՝ շուրջ 150-200 ապրանք և անապահովների համար՝ հաշվի առնելով 50-60 ապրանք:

«ԱՌԿԱ» - Իսկ ի՞նչ կտա մեզ նման մաթեմատիկան:

Ա. ՄեսրոբյանԱյդ դեպքում մենք գնաճի մասին իրական պատկեր կստանանք, որի հիման վրա կկառուցենք մեր ֆինանսական և տնտեսական քաղաքականությունը:

«ԱՌԿԱ» - Ամեն դեպքում` ինչպե՞ս կարող է Հայաստանը դիմակայել ճգնաժամի հնարավոր նոր փուլին:

Ա. Մեսրոբյան - Կա միայն մեկ միջոց՝ կառավարությունը պետք է վոլյունտարիստական որոշմամբ կոտրի օլիգարխիկ համակարգը: Քաղաքակիրթ միջոցներով դա անհնար է անել, քանի որ կառավարման օլիգարխիկ համակարգը ենթադրում է, որ մեզ մոտ օրենքներն ընդունում են օլիգարխները, բացի այդ նրանք են որոշում, թե ինչ գներ է պետք սահմանել: Նման իրավիճակում անհնար է գործել քաղաքակիրթ մեթոդներով: Մեզ կօգնի միայն վիրաբուժական միջամտությունը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև