Արդշինինվեստբանկի նոր ղեկավար է նշանակվել Մհեր Գրիգորյանը

03.10.2011 14:27
Արդշինինվեստբանկի նոր ղեկավար է նշանակվել Մհեր Գրիգորյանը

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 3-ից Արդշինինվեստբանկի վարչության նախագահ է նշանակվել Մհեր Գրիգորյանը, ով ավելի վաղ զբաղեցրել է ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը:

Ինչպես տեղեկացրեցին «ԱՌԿԱ» գործակալությանը բանկի մամուլի ծառայությունից, ներկայացնելով նորանշանակ վարչության նախագահին՝ բանկի խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանը վստահեցրել է, որ Մհեր Գրիգորյանը, լինելով հայկական բանկային համակարգի հմուտ գիտակ, կդառնա Արդշինինվետբանկում ձևավորված աշխատանքային լավագույն ավանդույթների շարունակողը:

Գրիգորյանն իր հերթին նշել է, որ բարձր է գնահատում իրեն արված առաջարկն ու կարծում է, որ իր առջև բավականին հավակնոտ նպատակ է կանգնած:

«Իմ առջև կանգնած է բավականին հավակնոտ նպատակ, այն է` դարձնել Արդշինինվեստբանկն առավել հզոր և մրցունակ` շարունակելով իրագործել մանրածախ և կորպորոտիվ բիզնեսի զարգացմանն ուղղված նոր նախագծեր», - նշեց նա:

Մհեր Գրիգորյանը ծնվել է 1972 թվականին, մասնագիտությամբ իրավաբան է: 1996 թվականից աշխատում է բանկային համակարգում` ՀՀ կենտրոնական բանկում, Հայներարտբանկում, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» բանկում: 2006-2007 թվականներին եղել է Ինեկոբանկի գործադիր տնօրենը: 2002-2006թթ համատեղությամբ աշխատել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում` որպես խորհրդատու: 2007 թվականից մինչև նոր նշանակումը, եղել է ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրենի տեղակալ-տնօրինության անդամ:

Ժամանակակից տեխնոլոգիաները և փորձը Արդշինինվեստբանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` ավանդների ընդունում, քարտային ծառայություններ, վարձավճարների ընդունում, հաշիվների սպասարկում, վարկերի տրամադրում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով և կանխիկ դրամով:

Բանկը Հայաստանում ունի 49 մասնաճյուղ և 6 մասնաճյուղ ԼՂՀ տարածքում: Բանկն ունի նաև ներկայացուցչություն Փարիզում:

Բանկն արժանացել է Moody's-ի Ba1 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, և Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաև ֆինանսական կայունության («BFSR») «D-» վարկանիշին:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև