10.10.2011 13:41
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքն աճել է 0,94 տոկոսով՝ հասնելով 376,50 դրամի: Շաբաթվա ընթացքում իրականացված առքուվաճառքի ծավալը կազմել է 10,35 մլն ԱՄՆ դոլար, ինչը 14,05 տոկոսով ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքն ավելացավ 0,45 տոկոսով և շաբաթ օրը՝ հոկտեմբերի 8-ին, կազմեց 377,97 դրամ:
Դոլարը շարունակում է մնալ Հայաստանի արժութային շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում՝ որպես ապաստան-արժույթ: Մեր կարծիքով դա կապված է FOREX արժույթի համաշխարհային շուկայում դոլարի աճի և Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային տնտեսության դանդաղեցման հետևանքների կապակցությամբ առաջացած մտավախությունների ֆոնի ներքո: Հունաստանում հնարավոր դեֆոլտը և եվրագոտու այլ երկրների վրա պարտքային ճգնաժամի տարածումը ևս ավելացնում են Հայաստանում դոլարի նկատմամբ պահանջարկը:
Այս շաբաթ Հայաստանում ԱՄՆ դոլարի արժեքն ունի աճը շարունակելու բոլոր հնարավորությունները համաշխարհային ֆինանսական շուկաներում պահպանվող անկայունության ֆոնի ներքո: ԱՄՆ դոլարին լրացուցիչ աջակցություն կցուցաբերի բնակչության և բիզնեսի կողմից արտարժույթի նկատմամբ աճած պահանջարկը, ովքեր դրամի արժեզրկման կապակցությամբ մտավախություններ ունեն:
Իսկապես, ՀՀ ԿԲ մամուլի ծառայության շաբաթվա ամփոփագրի համաձայն՝ ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից արտարժույթի զուտ վաճառքի ծավալը նախորդ շաբաթ կազմել է 15,256 մլն ԱՄՆ դոլար, ինչը 59,21 տոկոսով ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Երկրում դոլարի արժեքի աճը կարող են զսպել միայն ԿԲ-ի գործողությունները:
Այս շաբաթ արժույթի շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի տոկոսադրույքին նվիրված ՀՀ ԿԲ հերթական նիստը, որը նախատեսված է հոկտեմբերի 11-ին: Մենք ենթադրում ենք, որ կարգավորիչը, հնարավոր է, ձեռնպահ մնա հիմնական տոկոսադրույքը նվազեցնելուց հիմնականում պահպանվող գնաճային ռիսկերի պատճառով, ինչը կարող է փոքր ինչ աջակցել հայկական դրամի արժեքին: Հայաստանում ԱՄՆ դոլարի կանխիկ վաճառքի փոխարժեքը առաջիկա շաբաթ հավանաբար կլինի 375 – 380 դրամի սահմաններում:
Հայաստանում նախորդ շաբաթ եվրոյի արժեքը սահմանվում էր FOREX համաշխարհային արժույթի շուկայում տեղի ունեցած իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը նվազեց 0,1 տոկոսով՝ դառնալով 1,3373: Եվրոն շարունակվում է ճնշման տակ գտնվել եվրագոտու ծայրամասային տնտեսությունների պարտքային խնդիրների կապակցությամբ գոյություն ունեցող մտավախությունների ֆոնի ներքո: Սակայն երեքշաբթի՝ հոկտեմբերի 4-ին, եվրոյին հաջողվեց վերականգնել կորուստները: ՊԴԾ նախագահ Բեն Բեռնանկեի ելույթը, որի ժամանակ նա ակնարկեց Հունաստանի խնդիրների խորացման դեպքում «քանակական խթանման» ծրագիրը շարունակելու հնարավորության մասին, աջակցեց եվրոյին:
ԱՄՆ-ից ստացված մակրոտնտեսական վիճակագրությունը, մասնավորապես՝ սեպտեմբերին ոչ գյուղատնտեսական հատվածում նոր աշխատատեղերի թիվը լավատեսություն ավելացրեց: Սեպտեմբերին ցուցանիշն ավելացել է 103 հազարով՝ կանխատեսված 60 հազարի փոխարեն, ինչը որոշակի հույս է ներշնչում կայուն թույլ աշխատաշուկայի համար: Աշխատաշուկայից ստացված լավատեսական տվյալների ֆոնի ներքո եվրոյին հաջողվեց հասնել շաբաթվա իր առավելագույն ցուցանիշին՝ 1,3524:
Սակայն նախորդ շաբաթվա վերջում եվրոն կրկին նվազեց շաբաթվա սկզբին գրանցած ցուցանիշի նկատմամբ այն բանից հետո, երբ Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հայտարարեց Իտալիայի և Իսպանիայի վարկային վարկանիշերի նվազման մասին: Այս ամենի արդյունքում արձագանքելով համաշխարհային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններին՝ Հայաստանում նախորդ շաբաթ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը նվազեց 0,14 տոկոսով՝ դառնալով 510,27 դրամ:
Այս շաբաթ ԱՄՆ-ի աշխատաշուկայից ակնկալվող դրական տվյալների ֆոնի ներքո եվրոն, հավանաբար, կգտնվի 1,3100-1,3600 միջակայքում: Եվրոյի վրա որոշակի ազդեցություն կունենա մակրոտնտեսական վիճակագրությունը: ԱՄՆ-ում ակնկալվող նորությունների շրջանում հարկավոր է նշել սեպտեմբերին մանրածախ առևտրի շրջանառության ծավալի փոփոխությունը, Միչիգանի համալսարանից ստացվող վստահության հոկտեմբերյան ինդիկատորի կանխատեսվող տվյալները, ինչպես նաև Բաց շուկայում գործառնությունների դաշնային կոմիտեի նիստի սեպտեմբերի 20-ի արձանագրության հրապարակումը:
Եվրագոտուց ակնկալվող նորությունների թվում է եվրագոտում սպառողական գների սեպտեմբերյան համաթիվը: Ակնկալվում է, որ ԱՄՆ-ից ստացվող վիճակագրությունը չափավոր լավատեսական կլինի, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ եվրոյի վրա: Այս ամենի կապակցությամբ Հայաստանում այս շաբաթ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը կտատանվի 500-520 դրամի սահմաններում:
Հայաստանում ռուսական կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ նվազեց 0,08 տոկոսով՝ դառնալով 11,89 դրամի: Այս ամենը պայմանավորված էր ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի անկմամբ և ռուսական ռուբլու աճով՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ:
ԱՄՆ դոլարի և, համապատասխանաբար, դրամի նկատմամբ ռուբլու դինամիկան այս շաբաթ կախված կլինի ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից: Ակնկալվում է, որ այս վիճակագրությունը չափավոր դրական կլինի, ինչը կարող է բերել դրամի նկատմամբ ռուսական ռուբլու աճի:
Առաջիկա հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում Հայաստանում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 11,75 – 12,05 դրամի սահմաններում:–0–
Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: