Մետաղների շուկա. պղնձի և ոսկու գնանշումները կարողացել են վերականգնվել

10.10.2011 14:03
Մետաղների շուկա. պղնձի և ոսկու գնանշումները կարողացել են վերականգնվել

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Չորս շաբաթվա անկումից հետո անցյալ շաբաթ առաջին անգամ ոսկուն հաջողվել է վերականգնել իր դիրքերի մի մասը: Այնուամենայնիվ, հստակ վերընթաց միտում այդպես էլ չի գրանցվել: Անցած հնգօրյակի ընթացքում ոսկու շուկայում փոփոխականությունը պահպանվել է:

Շաբաթվա հիմնական իրադարձություններն են դարձել ԵԿԲ-ի հերթական նիստը՝ տոկոսադրույքի վերաբերյալ, և ԱՄՆ աշխատանքի նախարարության հաշվետվությունը՝ սեպտեմբերի զբաղվածության վերաբերյալ: Երբ հրապարակվեց, որ եվրոպական կարգավորիչն առանցքային դրույքն անփոփոխ է թողել 1,5 տոկոսի մակարդակում, ճնշումն ուժեղացավ թանկարժեք մետաղի գնանշումների վրա: Սակայն շուկայում լավատեսություն ավելացրեց ԵԿԲ նախագահ Ժան-Կլոդ Տրիշեի ավանդական ասուլիսը, որի ընթացքում նա հայտարարեց, որ «ճիշտ է համարում տոկոսադրույքների պահպանումը ներկա մակարդակում»: Տրիշեն նաև տեղեկացրեց   դրամավարկային քաղաքականության մեղմացման ուղղությամբ «ոչ ստանդարտ» միջոցների մասին: Այսպիսով, ԵԿԲ-ն կվերսկսի 40 մլրդ եվրո գումարի չափով ապահով պարտատոմսերի գնումները, ինչպես նաև 13 ամիս ժամկետով բանկերի վերաֆինանսավորման գործառույթ կանցկացվի, որի շրջանակներում միջոցները կտրամադրվեն ֆիքսված դրույքով և անսահմանափակ ծավալով:

Դրամավարկային քաղաքականության մեղմացման ուղղությամբ միջոցները դրական են գնահատվել շուկայի մասնակիցների կողմից, և հույս ներշնչել, որ Եվրոպային կհաջողվի հաղթահարել պարտքային ճգնաժամը, որի շնորհիվ ակտիվների մեծ մասը, այդ թվում՝ ոսկին, սկսեցին գնային աճ գրանցել:

ԱՄՆ-ից ստացված մակրոտնտեսական վիճակագրությունը, մասնավորապես՝ սեպտեմբերին ոչ գյուղատնտեսական հատվածում նոր աշխատատեղերի թիվը լավատեսություն ավելացրեց: Սեպտեմբերին ցուցանիշն ավելացել է 103 հազարով՝ կանխատեսված 60 հազարի փոխարեն, ինչը որոշակի հույս է ներշնչում կայուն թույլ աշխատաշուկայի համար:

Սակայն նախորդ շաբաթվա վերջում եվրոն կրկին նվազեց շաբաթվա սկզբին գրանցած ցուցանիշի նկատմամբ այն բանից հետո, երբ Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հայտարարեց Իտալիայի և Իսպանիայի վարկային վարկանիշների նվազման մասին:

Ոսկու գինը նախորդ հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում աճել է 0,87 տոկոսով և մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմել 1637,60 ԱՄՆ դոլար:

Ըստ մեր գնահատականների, ֆինանսական շուկաներում առկա անորոշության և հստակ ներդրումային կողմնորոշիչների բացակայության ֆոնի ներքո, ոսկու բարձր փոփոխականությունը կպահպանվի նաև առաջիկա շաբաթվա ընթացքում: ԱՄՆ-ի տնտեսության վերականգնման համար հիմնավոր նախադրյալների սակավությունը և եվրագոտու առավել խոշոր տնտեսության պարտքային ճգնաժամի տարածման պահպանվող ռիսկերն ավելացնում են ԱՄՆ դոլարի պահանջարկը՝ այդպիսով ճնշում գործադրելով ոսկու վրա:

Առաջիկա շաբաթվա ընթացքում ոսկու գնանշումների վրա որոշակի ազդեցություն կունենան ԱՄՆ-ի և եվրագոտու մակրոտնտեսական տվյալները: ԱՄՆ-ում ակնկալվող նորությունների շրջանում հարկ է նշել սեպտեմբերին մանրածախ առևտրի շրջանառության ծավալի փոփոխությունը, Միչիգանի համալսարանից ստացվող վստահության հոկտեմբերյան ինդիկատորի կանխատեսվող տվյալները, ինչպես նաև Բաց շուկայում գործառնությունների դաշնային կոմիտեի նիստի սեպտեմբերի 20-ի արձանագրության հրապարակումը: Եվրագոտուց ակնկալվող նորությունների թվում է եվրագոտում սպառողական գների սեպտեմբերյան համաթիվը:

Ակնկալվում է, որ ԱՄՆ-ից ստացվող վիճակագրությունը չափավոր լավատեսական կլինի, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ ոսկու վրա:

Միաժամանակ, եթե եվրագոտու սպառողական գնաճի տվյալները կանխատեսումներից բարձր լինեն՝ տարեկան կտրվածքով 3 տոկոս, թանկարժեք մետաղի գնանշումները կարող են շարունակել իրենց աճը: Թանկարժեք մետաղի համար որպես դիմակայություն հանդես կգա մեկ տրոյական ունցիայի դիմաց 1685,0 ԱՄՆ դոլար մակարդակը: Այն դեպքում, եթե մակրոտնտեսական տվյալները հաստատեն ԱՄՆ-ի տնտեսական աճի թուլությունը, ոսկին կարող է անկում ցուցադրել: Առաջիկա հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում ոսկուն աջակցող մակարդակ կարող է դառնալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1580,0  ԱՄՆ դոլարը:

Ֆյուչերսային շուկայում անցած շաբաթ պղնձի արժեքն աճել է 5,75 տոկոսով և կազմել 3,288 ԱՄՆ դոլար՝ պղնձի մեկ ֆունտի դիմաց: Կարմիր մետաղի արժեքի աճին աջակցող գործոն է դարձել ԱՄՆ-ից ստացված չափավոր դրական տնտեսական վիճակագրությունը և դրամավարկային քաղաքականության մեղմացման վերաբերյալ ԵԿԲ որոշումը:

Պղնձի գնանշումներին լրացուցիչ աջակցություն ցուցաբերեցին Լոնդոնի մետաղների բորսայի (ԼՄԲ) ակտիվների բորսային պաշարները:

1

Առաջիկա շաբաթվա ընթացքում պղնձի արժեքը կորոշվի ԱՄՆ-ի և եվրագոտու տնտեսական նորություններով: Համաշխարհային ֆինանսական շուկաներում պահպանվող անորոշության ֆոնի ներքո պղինձը չափազանց խոցելի ակտիվ է համարվում: ԱՄՆ-ի և եվրագոտու տնտեսական բացասական տվյալների դեպքում համաշխարհային տնտեսության դանդաղեցմանը վերաբերող վտանգը կուժեղանա, իսկ կարմիր մետաղը կկարողանա վերսկսել իր նվազումը՝ ԱՄՆ ամրապնդվող դոլարի ֆոնի ներքո:

Սակայն ակնկալվում է, որ ԱՄՆ-ի վիճակագրությունն առաջիկա շաբաթում չափավոր դրական կլինի: Եթե այդ կանխատեսումներն արդարանան, պղինձը կկարողանա շարունակել իր չափավոր աճը: Ֆյուչերսային շուկայում առաջիկա շաբաթվա ընթացքում պղնձի արժեքի տատանման ենթադրելի դիապազոնը 3,10–3,45 ԱՄՆ դոլար է՝ պղնձի մեկ ֆունտի դիմաց:-0-

Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև