Համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքը. ինչո՞վ է սպառնում «մոտեցող փոթորիկը» Հայաստանի տնտեսությանը

10.10.2011 18:48
Համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքը. ինչո՞վ է սպառնում «մոտեցող փոթորիկը» Հայաստանի տնտեսությանը

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրոպայի և ԱՄՆ-ի պարտքային կոլապսը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի առաջ գալու վերաբերյալ մտավախությունների առիթ է տալիս:

Տարբեր երկրների առաջատար ԶԼՄ-ները, տնտեսական վերլուծաբանները և պետական գերատեսչություններն արդեն նախազգուշացնում են դրա մոտեցման մասին:

Մասնավորապես, հայտնի տնտեսագետ և նոբելյան մրցանակի դափնեկիր Փոլ Կրուգմանը ճգնաժամի երկրորդ ալիքի ռիսկը գնահատում է 50 տոկոսի մակարդակով:

Ըստ նրա, այսօրվա իրավիճակն արտացոլում է այն, որ 2008 թվականի ճգնաժամից հետո որևէ վերականգնում տեղի չի ունեցել: Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Նուրիել Ռուբինին հայտարարել է, թե ներկայում համաշխարհային տնտեսության նկատվող դանդաղումը վկայում է ճգնաժամային երկրորդ ալիքի մոտեցման մասին: Հայտնի ներդրող և ֆինանսիստ Ջորջ Սորոսը նույնպես հակված է կարծելու, որ ճգնաժամը դեռ չի ավարտվել, և պետք է սպասել «երկրորդ գործողությանը»:

Ինչո՞վ է սպառնում «մոտեցող փոթորիկը» Հայաստանի տնտեսությանը: Պատրա՞ստ է, արդյոք, հայրենական տնտեսությունը ճգնաժամի նոր մասին, ինչպե՞ս է նա փորձելու դիմակայել դրա անխուսափելի հետևանքներին: Այս հարցերի պատասխաններն «ԱՌԿԱ» գործակալությունը փորձել է ստանալ համապատասխան գերատեսչությունների ղեկավարներից, անկախ փորձագետներից, մասնագետներից և քաղաքական գործիչներից:

Հայաստանի տնտեսությունը պատրաստ է դիմակայել ճգնաժամին, բայց ոչ բոլոր փորձագետներն են դրա հետ համաձայն

Հայկական տնտեսությունն այսօր ավելի ձևավորված է և պատրաստ է համաշխարհային ճգնաժամի հնարավոր երկրորդ ալիքին, ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալությանը:

«Փորձը ցույց է տվել, որ ընդհանուր առմամբ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները, հատկապես, վերջին ճգնաժամի ընթացքում, բավականին արդյունավետ էին»,- ավելացրեց նա:

Նախարարը նշեց, որ Հայաստանը վերջին 20 տարիների ընթացքում բավականին մեծ փորձ է կուտակել, ունի անհրաժեշտ գործիքները և գիտի, թե ինչպես դիմակայել նմանատիպ վտանգներին:

Դրա հետ դժվար է չհամաձայնել, սակայն 2008 թվականից ավելի քան կրկնակի աճած արտաքին պետպարտքի մեծությունը 2011 թվականի առաջին եռամսյակում (Ֆինանսների նախարարության տվյալներով) շուրջ 1,6 մլրդ դոլարից մինչև ավելի քան 3,4 մլրդ դոլար լուրջ մտավախությունների առիթ է տալիս:

Թեև, ինչպես այս կապակցությամբ «ԱՌԿԱ» գործակալությանն է ասել Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, «այն պարտավորությունները, որոնք մենք ավելացրեցինք 2009 թվականին, աստիճանաբար կրճատվում են և կառավարելի կդառնան 2012-2013 թվականներին»:

Ֆինանսների նախարարը միաժամանակ ավելացրել է, որ պատկանում է լավատեսների շարքին, ովքեր կարծում են, թե ճգնաժամ չի լինելու, քանի որ նախորդն «այնքան խորն էր, որ մենք դրանից, դանդաղ, բայց դուրս ենք գալիս և ճգնաժամի երկրորդ ալիք չենք կանխատեսում»:

Ֆինանսների նախարարի լավատեսությունը չի կիսում անկախ փորձագետ Հարություն Մեսրոպյանը: Նա կարծում է, որ Հայաստանի պետպարտքը, թեև 50 տոկոսից պակաս է, այսինքն, ԱՄՀ-ի կողմից ընդունելի սահմաններում է, սակայն տնտեսությունը դրանից օգուտ չի քաղում: «Տնտեսության որակը խոսում է այն մասին, թե ինչ բեռ է նա պատրաստ վերցնել իր ուսերին: Եթե գերմանական մեքենան պատրաստ է դիմանալու տասը տոննա բեռի, դա չի նշանակում, թե մեր «ԵրԱզ»-ը նույնպես կարող է իրեն բեռան այդպիսի ծավալ թույլ տա»,- ասել է փորձագետն «ԱՌԿԱ» գործակալությանը:

Համաշխարհային վերլուծաբանները ենթադրում են, որ նոր հավանական ճգնաժամի հիմքում ընկած են պարտքային և բյուջետային խնդիրները: Այդ կարծիքին է նաև Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը:

«Հնարավոր նոր ճգնաժամի հիմքում, մասնավորապես, ընկած են պարտքային, բյուջետային խնդիրները և Եվրոպայի ու ԱՄՆ-ի ֆինանսավորման խնդիրները»,- ասաց նա: Ասատրյանը կարծում է, որ Հայաստանի տնտեսությունն առայսօր դուրս չի եկել նախորդ ճգնաժամից, ինչի մասին, մասնավորապես, խոսում է մասնավոր տրանսֆերտների դեռևս չավարտված նախաճգնաժամային մակարդակը:

Իսկապես, Հայաստանի Կենտրոնական բանկի վիճակագրական տվյալներով, բանկային համակարգի միջոցով ոչ առևտրային նպատակներով դեպի Հայաստան ուղղվող մասնավոր տրանսֆերտների ծավալն ընթացիկ տարվա 8 ամիսների ընթացքում կազմել է շուրջ 944 մլն դոլար: Միաժամանակ, 2008, 2009 և 2010 թվականների նույն ժամանակահատվածի ցուցանիշը կազմում էր համապատասխանաբար  շուրջ 1035 մլն, 672 մլն և 756 մլն դոլար:

Լինել, թե՞ չլինել

Կարելի է, անշուշտ, համաձայնել կամ չհամաձայնել հարգարժան փորձագետների դատողություններին`ճգնաժամի նոր ալիք կլինի, թե ոչ, սակայն փաստերից չես փախչի: Այսպես, օրինակ, աշխարհում կտրուկ աճում է դոլարի պահանջարկը, իսկ դա, Արմսվիսբանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Կարեն Տուրյանի կարծիքով, ճգնաժամի նոր փուլի շատ որոշակի ազդանշան է:

Միջազգային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը եվրոյի նկատմամբ

1

Աղբյուր՝ ProFinance service. http://www.forexpf.ru/.

Իսկապես, եթե օգոստոսի վերջում միջազգային շուկայում եվրոյի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 1,45 դոլար՝ մեկ եվրոյի դիմաց, ապա արդեն հոկտեմբերի 3-ին եվրոն արժեր 1,32 դոլար: Հոկտեմբերի 3-ից արտարժույթի շուկայում չնչին տատանումներ են նկատվել, իսկ հոկտեմբերի 10-ի դրությամբ փոխարժեքը սահմանվել է մեկ եվրոյի դիմաց 1,34 դոլար մակարդակում:

Համաշխարհային ճգնաժամի նոր ալիքը կարող է անմիջական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա, կարծում է ընդդիմադիր ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

«Համաշխարհային տնտեսության թեթև տկարությունը մեզ մոտ գրիպի է վերածվում»,- ասաց նա: Մինասյանը նշեց նաև, որ հումքային ապրանքների գների տատանումներն այսպես թե այնպես աշխարհում կարող են լինել, և քանի որ Հայաստանը միջազգային գործընթացներից մեծ կախում ունեցող երկիր է, այդ թվում՝ տրանսֆերտներից և հումքի գներից, այդ փոփոխությունները նրա վրա կազդեն:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանը միաժամանակ կասկած չունի, որ Հայաստանն ի վիճակի է դիմակայելու համաշխարհային ճգնաժամին: Համաշխարհային տնտեսության մարտահրավերներին պատրաստ լինելը պատգամավորը հիմնավորեց նրանով, որ երկիրն արդեն բախվել է 2008 թվականի ճգնաժամային ցնցումների հետ և դիմացել դրանց ճնշմանը:

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանն այդքան էլ լավատեսորեն չի տրամադրված: Փորձագետը կարծում է, որ, եթե զարգացած պետություններում սկսվի ճգնաժամի երկրորդ ալիքը, ապա այն կտարածվի նաև բոլոր երկրներում, և Հայաստանը դրանից չի խուսափի, ինչպես չխուսափեց առաջին ալիքից:

«Կրկին կցանկանայի ուշադրություն դարձնել տնտեսության զարգացման մոդելի փոփոխության անհրաժեշտությանը, ինչը ձևափոխության հիմնարար և ոչ թե կարճաժամկետ խնդիր է: Հայաստանի ռեսուրսները շատ սահմանափակ են իրավիճակից խուսափելու կամ այն մեղմելու համար»,- ասաց Հերգնյանը:

Հայաստանի Բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանի կարծիքով, ճգնաժամի երկրորդ ալիքի հատկանիշներն աշխարհում ակնհայտ են: «Տնտեսությունները ռեցեսիայի փուլում են»,- այսպես է բնութագրել բանկիրն աշխարհի ներկայիս իրավիճակը:

Նա միաժամանակ տեղեկացրել է, որ հայկական բանկերն ինքնուրույն են մշակում հակաճգնաժամային այն միջոցառումները, որոնք նրանք պետք է այս կամ այն ժամանակահատվածում ձեռնարկեն անկախ ճգնաժամային կամ վերելքային փուլի առկայությունից:

«Անհրաժեշտ բոլոր սթրես-թեստերն իրականացվում են, և, ըստ իս, բանկերը պատրաստ են»,- ասել է նա:

Իսկ այդ ժամանակ...

Իսկ այդ ժամանակ աշխարհում դոլարի պահանջարկի աճի և եվրոյի արժեզրկման ֆոնի ներքո նկատվում է ոսկու գների ռեկորդային անկում: Այսպես, եթե սեպտեմբերի սկզբում ոսկին արժեր տրոյական մեկ ունցիայի դիմաց 1900,3 դոլար, ապա հոկտեմբերի 4-ի դրությամբ դեղին մետաղի գինը կազմել է 1678,5 դոլար:

Առաջատար ֆոնդային բորսաները նույնպես իրենց ինդեքսների սրընթաց անկում են արձանագրել:

Dow Jones, S&P 500 և NASDAQ բորսաների ինդեքսների փոփոխությունը

2

Աղբյուր՝ Google Finance. http://www.google.com/finance.

Հոկտեմբերի 3-ին է արձանագրվել ամերիկյան և եվրոպական առաջատար ֆոնդային բորսաների ամենաուժեղ անկումը՝ սև օր ներդրողների համար և ճգնաժամի ևս մեկ նախազգուշացնող ազդանշան: Այդ օրը Dow Jones-ի, S&P 500-ի և NASDAQ-ի ինդեքսները սեպտեմբերի 16-ի նկատմամբ  (ինդեքսների անկման սկիզբը) ընկել են համապատասխանաբար 7.42, 9.62 և 10.94 տոկոսով: Ինդեքսների հետագա դինամիկան թռիչքաձև է եղել, և արդեն հոկտեմբերի 7-ին, հոկտեմբերի 6-ի համեմատ, նկատվել է Dow Jones-ի, S&P 500-ի և NASDAQ-ի ինդեքսների անկում համապատասխանաբար մինուս 0.18, 0.82 և 1.1 տոկոսով:

Եվրոպական բորսաները հոկտեմբերի 4-ին փակվել են վերջին 26 ամիսների ընթացքում հիմնական ինդեքսների ամենացածր ցուցանիշներով: Այսպիսին է ներդրողների արձագանքը եվրոպական բանկերին սպառնացող առաջիկա լուրջ կորուստների մասին պաշտոնատար անձանց հայտարարությանը, ինչպես նաև այն լուրին, թե Հունաստանի հերթական վարկային տրանշի հատկացումը հետաձգվում է:

Եվս մեկ ռեկորդ արձանագրվեց Իսպանիայում, որտեղ գործազրկությունն աճեց մինչև ռեկորդային մակարդակի՝ մոտենալով 21 տոկոսի:

Եվրագոտու 17 երկրների սպառողական գները սեպտեմբերին 2,5 տոկոսից աճեցին մինչև 3 տոկոս, այն դեպքում, երբ ԵԿԲ-ի տարածաշրջանային նորմերը կազմում են տարեկան 2 տոկոս: ԵՄ-ի տնտեսության այսպիսի պատկերը ռեցեսիայի վտանգի առջև է կանգնեցնում երկրներին:

Ինչը մեզ չի սնանկացնում, հարստացնում է

Ինչպես տեսնում ենք, փաստարկների և հակափաստարկների ստեղծած պատկերը բավականին հակասական է և թույլ չի տալիս որոշակի կանխատեսումներ կատարել այն մասին, թե ինչպես կանդրադառնա ճգնաժամի հնարավոր երկրորդ ալիքը Հայաստանի տնտեսության վրա: Մի բան պարզ է՝ աշխարհում տեղի ունեցող զարգացման տարբեր փուլերում ժամանակ առ ժամանակ եղել են ֆինանսատնտեսական և այլ ճգնաժամեր, և 2008 թվականի ճգնաժամը բացառություն չէ: Կլինի՞ այն վերջինը, դժվար թե: Բայց դա չի նշանակում, թե պետք է ձեռքերը ծալած նստել և հնազանդությամբ սպասել «երկնային պատժի» հերթական փուլին: Ամեն ինչից կարելի է դաս քաղել, նույնիսկ՝ ճգնաժամից: Եվ, վերջիվերջո, ձևափոխելով հայտնի արտահայտությունը, կարելի է ասել. «այն, ինչ մեզ չի սնանկացնում, հարստացնում է»: -0-

Դավիթ Մանուկյան, «ԱՌԿԱ» գործակալության վերլուծական բաժին:


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև