18.10.2011 16:29
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը չի գտնվում այն երկրների թվում, որոնց ճգնաժամի երկրորդ ալիքն առաջին հերթին կհարվածի, կարծում է Համաշխարհային բանկի աղքատության կրճատման և տնտեսական կառավարման ստորաբաժանման մասնաճյուղային տնօրեն Իվոն Ցիկատան (Yvonne Tsikata):
«Եթե ճգնաժամի ազդեցությանն ավելի լայն իմաստով նայենք, մասնավորապես՝ տնտեսության աճի կամ պահանջարկի վրա ազդեցությանը՝ այո, (հետևանքներ) կարող են լինել: Սակայն այժմ սպառնալիքը բավական հեռու է, և ավելի շատ այն վերաբերում է Արևելյան Եվրոպայի երկրներին»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:
Նշելով, որ Համաշխարհային բանկն այսօր ավելի կենտրոնացած է Արևելյան Եվրոպայի, մասնավորապես՝ բալկանյան տարածաշրջանի երկրների վրա, Ցիկատան ասաց, որ այսօրվա դրությամբ երեք հիմնական գործոններ են առանձնացվում, որոնք կարևոր են համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքի զարգացման տեսանկյունից և երկրի տնտեսության վրա դրա ազդեցությունից:
Ըստ նրա՝ այդ գործոններից առաջինն առևտուրն է, ինչը արևելյան եվրոպական երկրների համատեքստում շատ անգամ կախված է Հունաստանի և Իտալիայի իրավիճակից, քանի որ հիմնական առևտրաշրջանառությունն իրականացվում է այդ երկրների հետ:
«Հայաստանի համատեքստում, հաշվի առնելով, որ հանքահումքային արտադրության արտահանումը հիմնականում Ռուսաստանի միջոցով է կատարվում, իսկ արտաքին ներդրումները, մասնավորապես, զբոսաշրջության ուղղությամբ Ֆրանսիայից են գալիս, նաև այն, որ Ռուսաստանը և Ֆրանսիան վատ կատարողականություն չեն դրսևորում, կարելի է հաստատել, որ Հայաստանն առևտրի ոլորտում լուրջ խնդիրներ չունի»,- ասաց նա:
Խոսելով երկրորդ գործոնի ՝ բանկային հատվածի մասին, մասնաճյուղային տնօրենը նշեց, որ Հայաստանի տնտեսության այդ հատվածը մեծ կապ չունի Հունաստանի կամ Իտալիայի բանկային համակարգի հետ, իսկ հաշվի առնելով այն, որ Հայաստանում լիկվիդայնության հետ կապված խնդիրների բացակայության պատճառով տոկոսադրույքները բարձր չեն, այդ գործոնն արդեն պրոբլեմատիկ չի լինի Հայաստանի համար:
Ըստ Ցիկատայի՝ երրորդ գործոնն արժույթն է: «Հաշվի առնելով, որ եվրագոտու հիմնական արժույթը եվրոն է, Հունաստանի կամ այլ եվրոպական երկրների շոկերը կարող են անդրադառնալ այդ արժույթի վրա, իսկ Հայաստանն այդ իմաստով որոշակիորեն պաշտպանված է, քանի որ այն հիմնականում այդ արժույթից չի օգտվում»,- ասաց նա: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: