Ամերիաբանկը 2012 թ.-ի I կիսամյակում կհայտարարի բանկային հատվածում միաձուլման նոր գործարքի մասին

20.10.2011 16:54
Ամերիաբանկը 2012 թ.-ի I կիսամյակում կհայտարարի բանկային հատվածում միաձուլման նոր գործարքի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը 2012 թ.-ի առաջին կիսամյակում մտադիր է հայտարարել Հայաստանի բանկերից մեկի հետ միաձուլման նոր գործարքի մասին, ասաց Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

«Մենք մեկ տարի է, ինչ բանակցություններ ենք վարում: Հուսով ենք, որ 2012 թ.-ի առաջին կիսամյակում կհայտարարենք երկրորդ գործարքի մասին», - ասաց նա հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

2010թ.-ին տեղի ունեցավ Ամերիաբանկի և Կասկադբանկի միաձուլումը:  Կասկադբանկի և Ամերիաբանկի բաժնետերերը` «Կասկադ Կապիտալ Հոլդինգս» և «Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունները նշել են, որ միաձուլման նպատակը Հայաստանի ֆինանսական հատվածին աջակցելն է, հզոր և կայուն ֆինանսական պլատֆորմի ստեղծումը երկրի հետճգնաժամային տնտեսական զարգացման համար։

Միաժամանակ Ջրբաշյանը ձեռնպահ մնաց ներկայացնել նախապատրաստվող գործարքի մանրամասները՝ նշելով, որ այն լուրջ գործարք է, և տեղեկատվության ցանկացած արտահոսք կարող է վնասել գործընթացին և հանգեցնել դրա ձախողմանը:

Զարգացման գծով տնօրենի խոսքերով՝ համախմբումը հարկավոր է՝ Հայաստանի բանկային հատվածում արդյունավետության բարձրացման համար:

«Մեր համոզմամբ` տնտեսության այլ ճյուղերի համեմատ ցածր արդյունավետության (բանկային հատվածի) խնդիր կա: Եթե համեմատենք բանկային հատվածի շահութաբերության մակարդակը, օրինակ, արդյունաբերության կամ ծառայության ոլորտների հետ, ապա կարելի է տեսնել, որ բանկային հատվածն այսօր պակաս արդյունավետ է», - ասաց նա:

Այս կապակցությամբ նա նշեց, որ բանկերի միաձուլումը, միավորումը, գնումը բանկային համակարգի արդյունավետության հետ կապված խնդիրների տրամաբանական լուծումն է, «և այդ գործընթացները կակտիվանան»:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post