ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Կոնստանտին Սարոյանը

21.10.2011 15:02
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Կոնստանտին Սարոյանը

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Կոնստանտին Սարոյանը, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բորսայի մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության համաձայն՝ հոկտեմբերի 3-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Խորհուրդը Սարոյանին ընտրել է գլխավոր տնօրեն պաշտոնակատարի պաշտոնում, իսկ արդեն հոկտեմբերի 18-ին նրա թեկնածությունը գրանցվել է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից:

Կոնստանտին Սարոյանը նոր սերնդի առաջադեմ մասնագետներից է, փորձառու` բանկային կառավարման և տեխնոլոգիաների մշակման ու հայաստանյան շուկայում դրանց ներդրման գործում:

Սարոյանն իր կարիերան սկսել է 1999 թ-ից: 2001-2002թթ. եղել է Հաշվարկաքլիրինգային խմբի ղեկավար Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայում:  2002թ.-ից ղեկավարել է մարքետինգի, ստրատեգիական պլանավորման բաժինները մի շարք ՀՀ բանկերում:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, 2004-2011թթ.-ին Սարոյանը զբաղեցրել է ղեկավար պաշտոններ «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ում: Հանդիսացել է Բանկի ներքին աուդիտի ղեկավար, Տնօրինության անդամ և ղեկավարել է տարբեր մի շարք ուղղություններ՝ ներառյալ մարքեթինգի, հասարակության հետ կապերի, մարդկային ռեսուրսների կառավարման, ռազմավարական պլանավորման, բիզնեսի զարգացման:

Սարոյանը նաև մասնակցել է միջազգային կազմակերպությունների տարբեր ծրագրերում և աշխատանքային խմբերում, որպես կապիտալի շուկայի զարգացման փորձագետ:

Սարոյանը ավարտել է Երևանի պետական համալսարանը, ունի տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում:

Նա դասավանդել է մի շարք համալսարաններում, ներկայումս դասավանդում է «Հայաստանում Ֆրանսիական Համալսարան» Հիմնադրամում:

2008թ.-ի հունվարին սկանդինավյան երկրներում գործող OMX բորսայական օպերատորը ձեռք է բերել Հայաստանի Ֆոնդային Բորսայի (ՀՖԲ) և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրվարին NASDAQ-ի և OMX-ի միավորման արդյունքում ստեղծված NASDAQ OMX Group-ը դարձավ ՀՖԲ-ի և ՀԿԴ-ի միակ սեփականատերը:

27.01.2009թ.-ից «Հայաստանի ֆոնդային բորսա” ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն դարձավ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը:--0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև