OFID-ը Ինեկոբանկին 10 մլն դոլար է տրամադրել ՓՄՁ-ի ֆինանսավորման համար

24.10.2011 14:40
OFID-ը Ինեկոբանկին 10 մլն դոլար է տրամադրել ՓՄՁ-ի ֆինանսավորման համար

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) Միջազգային զարգացման հիմնադրամը (OFID) Ինեկոբանկին 10 մլն դոլար է հատկացրել փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման ծրագրով, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության համաձայն՝ այս վարկային ծրագրի շրջանակներում Ինեկոբանկը կտրամադրի մինչև 1 մլն. ԱՄՆ դոլար սահմանաչափով վարկեր փոքր և միջին ձեռնարկություններին: Տոկոսադրույքը կսահմանվի`  տարեկան10%-ից սկսած, ժամկետը` մինչև 6 տարի, արտոնյալ ժամանակահատվածը` մինչև 2 տարի:

«2008թ. սկսած մենք համագործակցում ենք OFID կազմակերպության հետ և բարձր ենք գնահատում այս կազմակերպության ներդրումը Հայաստանի ՓՄՁ ոլորտի զարգացման գործում: Մենք կարևորում ենք OFID կազմակերպության շարունակական պատրաստակամությունը համագործակցելու Ինեկոբանկի հետ և վստահ ենք, որ համագործակցությունը կլինի երկարատև և արդյունավետ», -  նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը:

Ինեկոբանկն ունի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության մեծ փորձ: Այսօր Ինեկոբանկը ակտիվ համագործակցություն է ծավալում 20-ից ավելի միջազգային կազմակերպությունների հետ, որոնցից 2011թ. սկզբից ներգրավել է 30 մլն. ԱՄՆ դոլարից ավելի միջոցներ և մինչև տարեվերջ նախատեսել է ներգրավել ևս 20 մլն. ԱՄՆ դոլար:

OFID-ը զարգացման ֆինանսական գործակալություն է, որը հիմնադրվել է 1976թ.-ին OPEC-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) անդամ երկրների կողմից՝ հարավ-հարավ համագործակցությանն աջակցելու նպատակով՝ OPEC-ի ոչ անդամ երկրներին օգնություն մատուցելով:

Մինչ այսօր OFID-ը տրամադրել է ավելի քան 13,4 մլրդ. ԱՄՆ դոլարի ֆինանսավորում՝ զարգացման ամենամեծ կարիք ունեցող 130 երկրներին:

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996 թ.-ին՝ նպատակ ունենալով խթանել Հայաստանի մասնավոր հատվածի, մասնավորապես՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը, և նպաստել հասարակության սոցիալական վիճակի բարելավմանը՝ տրամադրելով բարձրորակ բանկային ծառայություններ: 2011թ. երրորդ եռամսյակի վերջի դրությամբ Ինեկոբանկի ակտիվները կազմեցին 69.9 մլրդ. ՀՀ դրամ, իսկ կապիտալը` 13.2 մլրդ. ՀՀ դրամ: (1 դոլարը 377,98 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև