Համաշխարհային բանկը մտադիր է օժանդակել Հայաստանին ճգնաժամը դիմակայելու հարցում

26.10.2011 18:35
Համաշխարհային բանկը մտադիր է օժանդակել Հայաստանին ճգնաժամը դիմակայելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկը մտադիր է օժանդակել Հայաստանին բարելավել և ամրապնդել արտաքին ցնցումների դիմակայության հնարավորությունները, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին (Jean-Michel Happi):

«Ճգնաժամն այնպիսի երևույթ չէ, որը գալիս ու գնում է, այն շարունակում է իր ազդեցությունը գործել երկրների տնտեսական վիճակի վրա: Սակայն կարևոր է այն քաղաքականությունը, որն իրականացվում է արտաքին մարտահրավերներին Հայաստանի դիմակայության բարձրացման նպատակով»,- ասաց նա:

Հափին նշեց, որ նախորդ շաբաթ Համաշխարհային բանկի և Հայաստանի ֆինանսների նախարարության ու Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ պատրաստած «Հայաստան` պետական ծախսերի ուսումնասիրություն. հարկաբյուջետային կոնսոլիադացում և վերականգնում» զեկույցի քննարկումները զգալիորեն կնպաստեն երկրի ֆիսկալային հնարավորությունների գնահատմանը:

«Մենք մի քանի ամիս առաջ դասեր քաղեցինք ճգնաժամից, և բազմաթիվ դասեր տեղին են նաև հիմա, մասնավորապես, խոսքը գնում է սոցիալական ապահովագրության ցանցի հզորացման, ընտանեկան նպաստների արդյունավետության բարձրացման, կառավարության հնարավորությունների բարձրացման մասին, որպեսզի բնակչության խոցելի շերտերին ցուցաբերվող աջակցությունն ավելի նպատակաուղղված լինի»,- ասաց նա:

Այս կապակցությամբ ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարն ասաց, որ բանկը մտադիր է աջակցություն ցուցաբերել երկրների տնտեսություններին արտաքին մարտահրավերներին դիմակայելու նրանց հնարավորությունների բարելավման նպատակով:

«Հայաստան` պետական ծախսերի ուսումնասիրություն. հարկաբյուջետային կոնսոլիադացում և վերականգնում» զեկույցում գնահատվում է եկամուտների ներուժը, որը կառավարությունը կարող է օգտագործել հարկային վարչարարության և անհրաժեշտ հարկային քաղաքականության միջոցով:

Փաստաթղթում նշվում է, որ երկրում անհրաժեշտ է գերակա կարգով իրագործել հարկաբյուջետային համախմբում, որը, սակայն, չպետք է ապահովվի տնտեսական կայուն աճի հաշվին: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև