Մետաղների շուկա. ԵՄ գագաթնաժողովի դրական արդյունքները կաջակցեն ոսկու և պղնձի գնանշման աճին

01.11.2011 18:36
Մետաղների շուկա. ԵՄ գագաթնաժողովի դրական արդյունքները կաջակցեն ոսկու և պղնձի գնանշման աճին

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ ողջ շաբաթվա ընթացքում ոսկու գնանշումն աճում էր՝ կարողանալով թարմացնել հոկտեմբերի իր առավելագույն ցուցանիշը՝  տրոյական մեկ ունցիայի դիմաց 1752,31 ԱՄՆ դոլար: Այս ամենի պատճառը եվրագոտում պարտքային ճգնաժամի շուրջ տեղի ունեցած իրադարձություններն էին:

Երկուշաբթի՝ հոկտեմբերի 24-ին, ԵՄ պետությունների առաջնորդների գագաթնաժողովի առաջին հանդիպման (որը տեղի էր ունեցել հոկտեմբերի 23-ին) դրական արդյունքները ներդրողների շրջանում վստահություն առաջացրեցին: Եվրագոտու պարտքային խնդիրների լուծման հեռանկարների նկատմամբ շուկայի մասնակիցների չափավոր լավատեսությունը բարձրացրեց ռիսկի նկատմամբ ներդրողների միտվածությունը՝ աջակցելով ապրանքահումքային ակտիվների, այդ թվում նաև ոսկու աճին:

Ոսկու գնանշման առավել զգալի աճ է գրանցվել երեքշաբթի՝ հոկտեմբերի 25-ին, այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ չորեքշաբթի՝ հոկտեմերի 26-ին նախատեսված ԵՄ ֆինանսների նախարարների հանդիպումը չեղյալ է հայտարարվում, քանի որ օրակարգի հարցերի քննարկումը դեռևս չի ավարտվել: Կտրուկ կերպով վատթարացրեց իրավիճակը ԱՄՆ-ում հոկտեմբերի սպառողական վստահության տվյալների հրապարակումը. ցուցանիշը կազմեց 39,8՝ սեպտեմբերին գրանցված 46,4-ի դիմաց: Conference Board-ի հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ տեղեկացվում է, որ ԱՄՆ սպառողների տրամադրվածության ցուցանիշը վերադարձել է 2008-2009 թթ.-ի ռեցեսիայի ժամանակ գրանցված մակարդակին: Մամուլի հաղորդագրությունը հիասթափեցրեց ներդրողներին, կրկին խոսակցություններ տարածվեցին այն մասին, թե ԱՄՆ ՊԴԾ-ն կարող է տնտեսության քանակական խթանման նոր փուլ սկսել, ինչը աջակցել է ոսկու՝ որպես ապաստան-ակտիվի, արժեքին:

ԵՄ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի չորեքշաբթի՝ հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած երկրորդ հանդիպման դրական արդյունքները հինգշաբթի առևտրային օրվա սկզբին փոքր-ինչ նվազեցրին ապաստան-ակտիվի, այդ թվում նաև ոսկու նկատմամբ պահանջարկը: Սակայն առքուվաճառքի ընթացքում եվրոպական նստաշրջանի ժամանակ ոսկու գնանշումը սկսեց աճել, քանի որ աշխարհում գնաճային ճնշման կարճաժամկետ աճի մասին սպասումներ հայտնվեցին:

Ոսկու գնանշմանը լրացուցիչ աջակցություն ցուցաբերեցին իր հիմնական մրցակիցների նկատմամբ ԱՄՆ դոլարի անկումը և ապրանքահումքային ակտիվների գնանշման աճը: Այս ամենի արդյունքում ոսկու արժեքը նախորդ հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում աճեց 6,2 տոկոսով՝ հասնելով տրոյական մեկ ունցիայի դիմաց 1743,44 ԱՄՆ դոլարի:

Մենք ենթադրում ենք, որ այս շաբաթ ԵՄ գագաթնաժողովի արդյունքները լավատեսություն կներշնչեն շուկայի մասնակիցներին՝ նման կերպով աջակցելով ոսկու արժեքի աճին: Միաժամանակ եվրագոտու պարտքային ճգնաժամի հաղթահարման և տարածման կանխարգելման մասշտաբային ծրագրի իրագործումը կարող է հանգեցնել լիկվիդայնության ավելացմանը ֆինանսական համակարգում՝ միջին ժամկետային հեռանկարում ավելացնելով գնաճի տեմպերը, ինչը կաջակցի ոսկու գնանշման աճին: Թանկարժեք մետաղի համար դիմադրության մակարդակ կարող է լինել տրոյական մեկ ունցիայի դիմաց 1775,0 ԱՄՆ դոլարը:

Միաժամանակ չարժե մոռանալ այս շաբաթ նախատեսված մակրոտնտեսական վիճակագրության մասին: Ամերիկյան կարևոր նորություններից հարկավոր է նշել  զբաղվածների թվի մասին ADP գործակալության տվյալներն ու հոկտեմբերին ոչ գյուղատնտեսական հատվածում նոր աշխատատեղերի քանակը, ինչպես նաև տոկոսադրույքի վերաբերյալ ՊԴԾ-ի որոշումը: Եվրոպական նորություններից կարելի է նշել նոյեմբերի 3-ին նախատեսված ԵԿԲ-ի հերթական նիստը, որը նվիրված է հիմնական տոկոսադրույքին:

Իսկ եթե ԱՄՆ-ից ստացվող տնտեսական վիճակագրությունը կանխատեսվածից թույլ լինի կամ ԵԿԲ նիստի արդյունքները հիասթափեցնեն շուկայի մասնակիցներին, ապա ոսկին կարող է անկում ապրել: Առաջիկա հինգ առևտրային նստաշրջանների ժամանակ ոսկու համար աջակցող մակարդակ կարող է լինել տրոյական մեկ ունցիայի դիմաց 1695,0 ԱՄՆ դոլարը:

Նախորդ շաբաթ ֆյուչերսային շուկաներում պղնձի արժեքն աճեց 14,15 տոկոսով՝ հասնելով պղնձի մեկ ֆունտի դիմաց 3,715 ԱՄՆ դոլարի: Կարմիր մետաղի համար դրական գործոն դարձավ ներդրողների լավատեսության աճը եվրագոտու պարտքային ճգնաժամի հաղթահարմանը նվիրված ԵՄ պետությունների ղեկավարների երկրորդ հանդիպման բարենպաստ արդյունքների ֆոնի ներքո:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնորդները մասնավոր ներդրողների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել հունական պարտքի 50 տոկոսի դուրսգրման կապակցությամբ, ինչպես նաև Աթենքը կարող է 100 մլրդ եվրո ստանալ միջազգային վարկատուների կողմից ֆինանսական օգնության երկրորդ ծրագրի շրջանակներում: Միաժամանակ ԵՄ առաջնորդները պայմանավորվել են մինչև 1 տրիլիոն եվրոյի հասցնել Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի ծավալը, որը այժմ 440 մլրդ եվրո է կազմում, մասնավորապես նման կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Միաժամանակ ԱՄՆ-ից ստացված դրական մակրոտնտեսական վիճակագրությունը, մասնավորապես՝ ՀՆԱ-ի տվյալները լավատեսություն ավելացրեցին: Իսկապես, երրորդ եռամսյակում ցուցանիշի աճի տեմպերը տարեկան արտահայտությամբ կազմել են 2,5 տոկոս՝ երկրորդ եռամսյակի 1,3 տոկոսի դիմաց: Պղնձի գնանշմանը լրացուցիչ աջակցություն ցուցաբերեցին Լոնդոնի մետաղների բորսայում (ԼՄԲ) ակտիվի նվազող բորսային պաշարները:

1

ԵՄ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի դրական արդյունքներն այս շաբաթ կաջակցեն պղնձին: Ակնկալվում է նաև, որ ԱՄՆ-ից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունը, մասնավորապես՝ զբաղվածների թվի փոփոխության մասին ADP գործակալության տվյալները և հոկտեմբերին ոչ գյուղատնտեսական հատվածում նոր աշխատատեղերի քանակը չափավոր դրական կլինեն: Եթե այս կանխատեսումներն արդարանան, ապա պղինձը կարող է շարունակել իր չափավոր աճը:

Սակայն եթե տնտեսական տվյալները կանխատեսվածից ավելի բացասական լինեն, ապա կարմիր մետաղը կարող է վերսկսել իր անկումը: Ավելին, եթե ԵԿԲ նիստի արդյունքները բացասական լինեն, ապա պղնձի գնանշման նվազումը կուժեղանա: Այս շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքի տատանման ենթադրվող շեմը պղնձի մեկ ֆունտի դիմաց 3,51–3,82 ԱՄՆ դոլարն է:-0-

Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև