ՎԶԵԲ-ի բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստանում կքննարկեն հանրապետության համար նախատեսված եռամյա ռազմավարությունը

03.11.2011 19:59
ՎԶԵԲ-ի բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստանում կքննարկեն հանրապետության համար նախատեսված եռամյա ռազմավարությունը

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունն այս շաբաթ խորհրդակցություններ կանցկացնի հայ քաղաքական առաջնորդների և քաղաքական հասարակության առանցքային ներկայացուցիչների հետ բանկի կողմից Հայաստանի համար մշակվող եռամյա ռազմավարության շուրջ:

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ-ում ՎԶԵԲ-ի ներկայացուցչության մամուլի ծառայությունից, բանկի թիմը՝ փոխնախագահ Յան Ֆիշերի (Jan Fischer, Vice-President, Operational Policies) և Պոլ-Անրի Ֆորեստիերի  (Paul-Henri Forestier, Director, Caucasus, Moldova and Belarus) գլխավորությամբ, կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի և այլ պաշտոնյաների հետ:

Պատվիրակությունը քննարկումներ կանցկացնի նաև ընդդիմադիր կուսակցությունների անդամների, գործարար ոլորտի առաջատար խաղացողների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և փորձագիտական խորհուրդների, ինչպես նաև դիվանագիտական հասարակության և երկրում գործող միջազգային ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչների հետ:

Ակնկալվում է, որ Հայաստանի համար մշակվող նոր ռազմավարությունը կհաստատվի 2012 թ.-ի սկզբին՝ երեք տարի ժամկետով (2012-2015 թթ.):

ՎԶԵԲ-ի պատվիրակությունը կուսումնասիրի Հայաստանի տնտեսական, քաղաքական և սոցիալական զարգացումը, կքննարկի երկրի միջին ժամկետային հեռանկարներն ու կպարզի, թե ինչպես կարող է աջակցել Հայաստանին շուկայական տնտեսությանն անցում կատարելու գործընթացում:

Կքննարկվեն նաև Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների աջակցության հարցերը եռամյա ռազմավարության գործողության ժամանակ, հատկապես գյուղատնտեսության և տնտեսապես արդարացված ոլորտներում:

«Ֆինանսական ոլորտի զարգացումը ՎԶԵԲ-ի համար մնում է առաջնահերթություն, այդ թվում նաև քաղաքային և համայնքային ոլորտներում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև էներգետիկ արդյունավետության ապահովմանն ուղղված գործունեությունը», - նշվում է տեղեկատվության մեջ:

ՎԶԵԲ-ը Հայաստանում սկսել է գործել 1992 թ.-ից: Մինչ օրս բանկը շուրջ 100 ծրագրերում ներդրումներ է կատարել և տրամադրել է ավելի քան 450 մլն եվրոյի ֆինանսավորում:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post