07.11.2011 14:08
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիան ծրագրում է 2012թ.-ին մասնակիցներին նոր գործիք՝ երկարաժամկետ վարկային պաշարների հարթակ առաջարկել, որոնք պահանջված են բանկերի և ներդրումային ընկերությունների կողմից, հայտնեց NASDAQ OMX Արմենիայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:
Ըստ նրա՝ բորսայի հաջորդ նորամուծությունը կդառնա նոր առևտրային համակարգի ներմուծումը, որը NASDAQ OMX-ի մասնակիցներին հնարավորություն կընձեռի ներգրավվել այլ շուկաներ և արտերկրի ներդրողների համար հայկական արժեթղթերի հասանելիություն կապահովի:
«Կարծում ենք, որ դա հայկական կազմակերպությունների համար խթան կհանդիսանա, որպեսզի մտածեն էմիսիաների իրականացման ուղղությամբ»,- ասաց նա:
Ինչպես նշեց Սարոյանը, կառավարությունը շուկայի վերակենդանացման համար մի քանի խթանող մեխանիզմներ է ներմուծել: Այսպես, այն ընկերությունները, որոնց բաժնետոմսերը «A» և «B» բորսային հաթակներում լիստինգ են անցել, հնարավորություն ունեն օգտվել հարկային արտոնություններից՝ մինչև 50 տոկոսով շահութահարկի վճարը նվազեցնելով, ինչպես նաև հետ ստանալ ԱԱՀ-ն, որը վճարում է էմիսիայի հետ կապված իրավաբանական, խորհրդատվական և այլ ծառայությունների համար:
NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:
2005թ.-ի նոյեմբերի 7-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արժույթի առքուվաճառքի աճուրդների կազմակերպման լիցենզիա էր տրամադրվել, իսկ արժութային հարթակում առքուվաճառքը պաշտոնապես մեկնարկեց 2005թ.-ի նոյեմբերի 15-ին: --0--
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: