Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում

07.11.2011 15:41
Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքն ավելացավ 0,4 տոկոսով՝ հասնելով 380,77 դրամի: Շաբաթվա ընթացքում իրականացված առքուվաճառքի ծավալը կազմեց 12,62 մլն դոլար, ինչը 7,86 տոկոսով ավել է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Կանխիկ  դոլարի միջին փոխարժեքը նույնպես ավելացավ 0,49 տոկոսով և շաբաթ օրը՝ նոյեմբերի 5-ին կազմեց 382,60 դրամ:

Ամերիկյան արժույթը՝ որպես արժույթ ապաստան, շարունակում է մնալ Հայաստանի արժույթի շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում: Միաժամանակ նախորդ հինգ առևտրային նստաշրջանների ժամանակ դոլարին հաջողվեց դրամի հանդեպ թարմացնել իր տարեկան առավելագույն ցուցանիշը՝ հասնելով 381,0 դրամի: Ըստ մեզ՝ դա պայմանավորված է եվրագոտու պարտքային խնդիրների լուծման հանդեպ պահպանվող անորոշությամբ, ինչպես նաև FOREX համաշխարհային արժույթի շուկայում ամերիկյան արժույթի արժեքի աճով:

1

Առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանում ԱՄՆ դոլարի արժեքը բոլոր հնարավորություններն ունի շարունակելու իր աճը՝ համաշխարհային ֆինանսական շուկաներում դեռ պահպանվող անկայունության ֆոնի ներքո: Ամերիկյան արժույթին լրացուցիչ աջակցություն կցուցաբերի բնակչության և բիզնեսի կողմից արտարժույթի աճող պահանջարկը, որոնք զգուշանում են դրամի աժեզրկումից: Իսկապես, ՀՀ ԿԲ մամուլի ծառայության տեսության համաձայն՝ ներբանկային արժութային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերի կողմից արտարժույթի զուտ վաճառքի ծավալը կազմեց 19,397 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2,8 անգամ ավել է նախորդ շաբաթվա ցուցանիշից:

2

FOREX շուկայում և Հայաստանում հաջորդ շաբաթ ամերիկյան արժույթի արժեքի աճին կարող են խոչընդոտել Հունաստանից ստացվելիք դրական լուրերը՝ ԵՄ և ԱՄՀ պայմանների կատարման մասին՝ երկրին ֆինանսական օգնության հերթական տրանշի տրամադրման համար: Ներքին շուկայում դոլարի արժեքի աճը կարող են զսպել նաև կենտրոնական բանկի գործողությունները՝ ուղղված ազգային արժույթի փոխարժեքի աջակցմանը:

Հայաստանում այս շաբաթ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կտատանվի 378 – 385 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթ Հայաստանում եվրոյի փոխարժեքը սահմանվել է FOREX համաշխարհային արժույթի շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը նվազել է 2,52 տոկոսով՝ դառնալով 1,3790:

Առևտրային շաբաթվա սկզբից միասնական եվրոպական արժույթը գտնվում էր ԱՄՆ ամրապնդվող դոլարի ճնշման տակ, այն բանից հետո, երբ Ճապոնիայի ԿԲ-ն ազգային արժույթի փոխարժեքի թուլացմանն ուղղված ինտերվենցիա անցկացրեց: Միաժամանակ Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի ընդլայնման համար աղբյուրների բացակայությունը նույնպես թուլացրեց ամերիկյան արժույթի նկատմամբ եվրոյի դիրքերը:

Հունաստանի վարչապետ Գերգիոս Պապանդրեույին հաջողվեց կրակի վրա յուղ լցնել. նա երեքշաբթի՝ նոյեմբերի 1-ին, հայտարարեց հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: Արդյունքում ներդրողների մոտ մտավախություններ առաջացան, որ քվեարկության արդյունքները կարող են սպառնալիքի տակ դնել եվրագոտու ֆինանսական ճգնաժամը կանխելու ծրագրի իրականացումը: Դրա հետևանքով եվրոպական արժույթը նվազեց՝ հասնելով շաբաթվա նվազագույնին՝ 1,3607-ի:

Սակայն շաբաթվա երկրորդ կեսին եվրոյին հաջողվեց մասամբ վերականգնել իր դիրքերը այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Հունաստանում հանրաքվեն չեղյալ է հայտարարվել: Նույնիսկ ԵԿԲ հերթական նիստի անսպասելի արդյունքները չկարողացան մթագնել իրավիճակը: Հիշեցնենք, որ եվրոպական կարգավորիչը նվազեցրել էր հիմնական տոկոսադրույքը՝ 0,25 տոկոսից մինչև 1,25 տոկոս: Արդյունքում՝ համաշխարհային արժութային շուկայի իրադարձություններին արձագանքելով՝ նախորդ շաբաթ Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը նվազեց 1,96 տոկոսով՝ դառնալով 531,55 դրամ:

3

Առաջիկա շաբաթվա ընթացքում Հունաստանի իրադարձությունները կշարունակեն մնալ շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում, քանի որ այժմ հույն վարչապետ Գերգիոս Պապանդրեուն պետք է բանակցություններ սկսի նոր կոալիցիոն կառավարության ձևավորման ուղղությամբ, ինչը թույլ կտա երկրին միջազգային վարկատուներից ֆինանսական օգնության հերթական տրանշ ստանալ: Երկրի քաղաքական կուսակցությունների միջև տարաձայնությունները կարող են անորոշություն ավելացնել՝ այսպիսով եվրոյի նվազում առաջացնելով:

Միաժամանակ եվրոյի վրա որոշակի ազդեցություն կունենա մակրոտնտեսական վիճակագրությունը, որը նախատեսված է ընթացիկ շաբաթ: Կարևոր ամերիկյան նորություններից պետք է նշել սեպտեմբեր ամսվա առևտրային բալանսի վերաբերյալ տվյալները, գործազրկության նպաստ ստանալու առաջնային հայտերի քանակը և նոյեմբերին Միչագանի համալսարանից սպառողական վստահության ցուցիչի  կանխատեսված թվերը: Եվրոպական նորություններից պետք է ընդգծել սեպտեմբերին եվրագոտու մանրածախ առևտրի շրջանառության ծավալի փոփոխման տվյալները, հոկտեմբերին Գերմանիայի սպառողական գնաճի վերջնական թվերը և նոյեմբերին ԵԿԲ տնտեսական ամենամսյա հաշվետվության հրապարակումը:

Առաջիկա շաբաթվա ընթացքում եվրոյի գնանշումների տատանման ենթադրելի միջակայքը 1,3500-1,4000-ն է: Այդ դեպքում Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը կլինի 520-545 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթ Հայաստանում ռուսական կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը նվազել է 1,55 տոկոսով՝ դառնալով 12,71 դրամ: Այս ամենը պայմանավորված էր ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու անկմամբ՝ վարկային տրանշի հատկացման պայմանների վերաբերյալ հանրաքվե անցկացնելու Հունաստանի ցանկության և ԵՄ գագաթնաժողովում Եվրոպայի ֆինանսական հատվածի կայունացման մշակված միջոցների արդյունավետորեն վերաբերյալ ներդրողների մտավախությունների աճի ֆոնի ներքո:

ԱՄՆ դոլարի և, համապատասխանաբար, դրամի նկատմամբ ռուսական ռուբլու դինամիկան առաջիկա շաբաթ կախված կլինի ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից: Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի  վիճակագրությունը չափավոր դրական կլինի, ինչը կարող է դրամի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի աճի հանգեցնել: Սակայն այն դեպքում, եթե այդ վիճակագրությունն այնքան բարենպաստ չլինի, որքան սպասվում է, և ներդրողների ուշադրության կենտրոնում կրկին հայտնվեն Հունաստանի իրադարձությունները, ապա ռուբլու վրա ճնշումը կշարունակվի:

Հայաստանում առաջիկա հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը հավանաբար կգտնվի 12,55 – 13,00 դրամի սահմաններում:

Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև