Մետաղների շուկա. Ոսկու գնանշումը շարունակում է աճել, իսկ պղինձինը՝ մնալ ճնշման տակ

08.11.2011 18:11
Մետաղների շուկա. Ոսկու գնանշումը շարունակում է աճել, իսկ պղինձինը՝ մնալ ճնշման տակ

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթվա սկզբին ոսկու գնանշումը գտնվում էր ճնշման տակ ԱՄՆ դոլարի ամրապնդման ֆոնի ներքո: Այս ամենի հիմնական պատճառն առաջին հերթին Ճապոնիայի բանկի միջամտությունն էր՝ ազգային արժույթի փոխարժեքի թուլացման նպատակով, երկրորդը՝ պարտքային ճգնաժամի տարածումը զսպելու Եվրոպայի ունակության նկատմամբ կրկին առաջացած կասկածներն են:

Լուրն այն մասին, թե Հունաստանը մտադիր է հանրաքվե անցկացնել, ցնցեց շուկաները, քանի որ ներդրողների մոտ մտավախություն առաջացավ, որ քվեարկության արդյունքները կարող են սպառնալիքի տակ դնել եվրագոտու ֆինանսական ճգնաժամի կանխման ծրագրի իրականացումը: Այս ամենի արդյունքում ոսկին նվազեց՝ հասնելով շաբաթվա իր նվազագույն ցուցանիշին՝ տրոյական մեկ ունցիայի դիմաց 1681,11 ԱՄՆ դոլարի:

Սակայն առևտրային շաբաթվա երկրորդ կեսին ոսկուն հաջողվեց ոչ միայն վերականգնել սեփական կորուստները, այլև աճել՝ հասնելով հինգշաբաթական նոր առավելագույն ցուցանիշին՝ տրոյական մեկ ունցիայի դիմաց 1767,52 ԱՄՆ դոլարի, ինչից հետո հայտնի դարձավ, որ Հունաստանի հանրաքվեն չեղյալ է հայտարարվել: ԱՄՆ ՊԴԾ-ի և ԵԿԲ-ի դրամային քաղաքականության մեղմ պայմանները, որոնց հերթական նիստերը տեղի են ունեցել չորեքշաբթի նոյեմբերի 2-ին և հինգշաբթի՝ նոյեմբերի 3-ին, ստիպեցին ներդրողներին ոսկի գնել՝ որպես այլընտրանքային ներդրում:

Այս ամենի արդյունքում նախորդ հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում ոսկու գինն աճեց 0,63 տոկոսով՝ հասնելով տրոյական մեկ ունցիայի դիմաց 1754,40 ԱՄՆ դոլարի:

Այս շաբաթ Հունաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կշարունակվեն գտնվել շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում, քանի որ այժմ Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն պետք է նոր կոալիցիոն կառավարության ձևավորման շուրջ բանակցություններ սկսի, ինչը թույլ կտա երկրին միջազգային վարկատուների կողմից ստանալ ֆինանսական օգնության հերթական տրանշը: Երկրի քաղաքական կուսակցույթունների միջև տարաձայնությունները կարող են անորոշություն ավելացնել՝ հանգեցնել դոլարի աճի, ինչը կարող է ճնշում գործադրել ոսկու գնանշման վրա: Այս շաբաթ ոսկու համար աջակցող մակարդակ կլինի տրոյական մեկ ունցիայի դիմաց  1680,0 ԱՄՆ դոլարը:

Միաժամանակ ոսկու դինամիկայի վրա որոշակի ազդեցություն կունենա նաև ընթացիկ շաբաթ հրապարակվելիք մակրոտնտեսական վիճակագրությունը:

Կարևոր ամերիկյան նորություններից պետք է նշել սեպտեմբեր ամսվա առևտրային բալանսի վերաբերյալ տվյալները, գործազրկության նպաստ ստանալու առաջնային հայտերի քանակը և նոյեմբերին Միչիգանի համալսարանից սպառողական վստահության ցուցիչի  կանխատեսված թվերը: Եվրոպական նորություններից պետք է ընդգծել սեպտեմբերին եվրագոտու մանրածախ առևտրի շրջանառության ծավալի փոփոխման տվյալները, հոկտեմբերին Գերմանիայի սպառողական գնաճի վերջնական թվերը և նոյեմբերին ԵԿԲ տնտեսական ամենամսյա հաշվետվության հրապարակումը:

Եթե Պապանդրեուին հաջողվի հարթել տարաձայնություններն ու կատարել ֆինանսական օգնության հերթական վճարման տրամադրման վերաբերյալ ԵՄ-ի և ԱՄՀ-ի պայմանները, իսկ ԱՄՆ-ի և եվրագոտու մակրոտնտեսական վիճակագրությունը չափավոր լավատեսական լինի, ապա ոսկին կարող է շարունակել իր աճը: Առաջին հինգ առևտրային նստաշրջանների ժամանակ ոսկու համար դիմադրության մակարդակ կարող է լինել տրոյական մեկ ունցիայի դիմաց 1815,0  ԱՄՆ դոլարը:

Նախորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքը նվազեց 4,1 տոկոսով՝ հասնելով պղնձի մեկ ֆունտի դիմաց 3,5635 ԱՄՆ դոլարի: Կարմիր մետաղի արժեքի նվազման հիմնական գործոնը դարձավ ամրապնդվող դոլարը ռիսկի նկատմամբ ներդրողների միտվածության անկման ֆոնի ներքո եվրոպական պարտքային ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ մռայլ հեռանկարների և ԱՄՆ-ից ստացված թույլ մակրոտնտեսական տվյալների պատճառով: Իսկապես, ոչ գյուղատնտեսական հատվածում նոր աշխատատեղերի թիվը հոկտեմբերին կազմել է 80,0 հազար՝ կանխատեսված 95,0 հազարի փոխարեն:

Կարմիր մետաղի գնանշման համար աջակցող գործոն դարձավ Լոնդոնի մետաղների բորսայում (ԼՄԲ) այս ակտիվի նվազող բորսային պաշարը:

1

Այս շաբաթ պղնձի արժեքը կորոշվի ԱՄՆ-ից, եվրագոտուց և Չինաստանից ստացվող տնտեսական նորություններով, ինչպես նաև Հունաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով: Աթենքին ֆինանսական օգնության հերթական տրանշի տրամադրման շուրջ պահպանվող անորոշության և այդ երկրում քաղաքական կուսակցությունների միջև գոյություն ունեցող տարաձայնությունների ֆոնի ներքո կարմիր մետաղի գնանշումը խոցելի է մնում: Միաժամանակ Չինաստանից ստացվող նորությունները, մասնավորապես՝ արդյունաբերական արտադրության ծավալի ու հոկտեմբերին սպառողական գնաճի թվի փոփոխությունը, որոնք կարող են նախորդ ամսվա համեմատ ավելի վատը լինել, կարող են շուկայի մասնակիցներին ստիպել պղինձ վաճառել:

Իսկ եթե կանխատեսումներն արդարանան, և ԱՄՆ-ի ու եվրագոտու մակրոտնտեսական վիճակագրությունը չափավոր դրական լինի, իսկ Չինաստանում հոկտեմբերին արդյունաբերական արտադրության աճի դանդաղումը զգալի չլինի, պղնձի արժեքը կարող է աճել: Այս շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքի տատանման ենթադրվող դիապազոնը պղնձի մեկ ֆունտի դիմաց 3,26–3,81 ԱՄՆ դոլարն է:

Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև