Մետաղների շուկա. Իտալիայի իրադարձությունները զսպում են ոսկու և պղնձի գնանշման աճը

15.11.2011 17:46
Մետաղների շուկա. Իտալիայի իրադարձությունները զսպում են ոսկու և պղնձի գնանշման աճը

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթվա սկզբում ոսկու գնանշումն աճեց՝ հասնելով վեցշաբաթյա առավելագույն ցուցանիշին՝ տրոյական մեկ ունցիայի դիմաց 1802,80 ԱՄՆ դոլարի: Այս ամենի գլխավոր պատճառը Հունաստանում պահպանվող քաղաքական անորոշությունն է և Իտալիայի վրա պարտքային ճգնաժամի տարածման վերաբերյալ նոր մտահոգությունները, որը եվրագոտում մեծությամբ երրորդ տնտեսությունն է:

Այնուամենայնիվ, երեքշաբթի՝ նոյեմբերի 8-ին ամերիկյան առևտրային նստաշրջանի ընթացքում ոսկու գնանշումը սկսեց անկում ապրել: Իտալիայի բյուջետային խնդիրները կրկին մտահոգեցին ներդրողներին՝ հանգեցնելով ռիսկային ակտիվների զանգվածային վաճառքի: Շուկայի մասնակիցները վաճառում էին թանկարժեք մետաղը՝ նախապատվություն տալով դոլարին: Այս ամենի հետևանքով ոսկին նվազեց՝ հասնելով շաբաթվա իր ամենացածր ցուցանիշին՝ տրոյական մի ունցիայի դիմաց 1735,78 ԱՄՆ դոլարի:

Ուրբաթ՝ նոյեմբերի 11-ին, ոսկուն հաջողվեց վերականգնել իր կորուստներն այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Իտալիայի խորհրդարանի գերագույն պալատը հավանության է արժանացրել կոշտ խնայողության միջոցների մասին օրենքը: Լուրն այն մասին, թե հունական քաղաքական կուսակցությունները կարողացել են պայմանավորվել անցումային կառավարության ղեկավարի թեկնածության հարցի շուրջ, որը կդառնա ԵԿԲ նախկին փոխնախագահ Լուկաս Պապադիմոսը, ևս դրական ազդեց ներդրողների տրամադրվածության վրա՝ աջակցելով ոսկու արժեքի աճին:

Այս ամենի արդյունքում ոսկու արժեքը նախորդ հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում աճեց 1.91 տոկոսով՝ հասնելով տրոյական մեկ ունցիայի դիմաց 1787,79 ԱՄՆ դոլարի:

Այս շաբաթ ոսկու համար աջակցող մակարդակ կլինի տրոյական մեկ ունցիայի դիմաց 1745,0 ԱՄՆ դոլարը:

Այս շաբաթ ոսկու դինամիկայի վրա որոշակի ազդեցություն կունենա մակրոտնտեսական վիճակագրությունը: Կարևոր ամերիկյան նորություններից հարկավոր է նշել սպառողական գների համաթվի, արդյունաբերական արտադրության և հոկտեմբերին բնակարանային շուկայի տվյալները, ինչպես նաև սեպտեմբերին օտարերկրյա ներդրողների կողմից ամերիկյան երկարաժամկետ արժեթղթերի գնման ծավալի թվերը: Եվրոպական նորություններից հարկավոր է նշել եվրագոտում սպառողական գների համաթվի հոկտեմբերյան տվյալներն ու երրորդ եռամսյակում ՀՆԱ-ի նախնական տվյալները:

Ակնկալվում է, որ ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունը չափավոր լավատեսական կլինի: Այս դեպքում ոսկին կարող է շարունակել իր աճը: Առաջիկա հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում ոսկու համար դիմադրության շեմ կարող է դառնալ տրոյական մեկ ունցիայի դիմաց 1835,0 ԱՄՆ դոլարը:

Նախորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքը նվազեց 2,65 տոկոսով՝ հասնելով պղնձի մեկ ֆունտի դիմաց 3,469 ԱՄՆ դոլարի: Կարմիր մետաղի արժեքի նվազման հիմնական գործոնը դարձավ ամրապնդվող դոլարը եվրոպական պարտքային ճգնաժամի հաղթահարման մռայլ հեռանկարների պատճառով ռիսկի նկատմամբ ներդրողների միտվածության նվազման ֆոնի ներքո:

Կարմիր մետաղի գնանշման համար աջակցող գործոն դարձավ Լոնդոնի մետաղների բորսայում (ԼՄԲ) այս ակտիվի նվազող բորսային պաշարը:

1

Այս շաբաթ պղնձի արժեքը կորոշվի ԱՄՆ-ից, եվրագոտուց ստացվող տնտեսական նորություններով, ինչպես նաև Իտալիայում և Հունաստանում տեղի ունեցող իրադարձություններով: Աթենքին ֆինանսական օգնության հերթական տրանշի տրամադրման նկատմամբ պահպանվող անորոշության և Իտալիայում ծագած քաղաքական իրավիճակի ֆոնի ներքո կարմիր մետաղի գնանշումը խոցելի է մնում:

Այնուամենայնիվ, եթե կանխատեսումներն արդարանան, և ԱՄՆ-ից ու եվրագոտուց ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունը չափավոր դրական լինի, ինչպես նաև նվազի Իտալիայի քաղաքական անորոշության մակարդակը, ապա պղինձը կարող է թանկանալ: Այս շաբաթ ֆյուչերսային շուկաներում պղնձի արժեքի տատանման ենթադրվող դիապազոնը պղնձի մեկ ֆունտի դիմաց 3,32–3,75 ԱՄՆ դոլարն է:-0-

Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև