2012թ.-ի Ղարաբաղի պետբյուջեի նախագիծը 3,3 մլրդ դրամ սեփական եկամուտների աճ է նախատեսում

16.11.2011 14:44
2012թ.-ի Ղարաբաղի պետբյուջեի նախագիծը 3,3 մլրդ դրամ սեփական եկամուտների աճ է նախատեսում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2012թ.-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախատեսվում է 3,3 մլրդ դրամով ավելացնել սեփական եկամուտների ծավալը, նախօրեին կառավարության հերթական նիստի ժամանակ հայտնեց ԼՂՀ ֆինանսաների նախարար, փոխվարչապետ Սպարտակ Թևոսյանը:

Ըստ նրա՝ առաջիկա տարում նաև կավելանա տարեկան Հայաստանի կողմից տրամադրվող միջպետական վարկի չափը, իսկ ընդհանուր ծախսերը կկազմեն ավելի քան 76 մլրդ դրամ:

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն իր հերթին հանձնարարեց նախարարություններին և այլ պետական գերատեսչություններին ևս մեկ անգամ հստակեցնել ծախսային հաշվետվությունները և հիմնավորված ձևով ներկայացնել կառավարության հաստատմանը:

Ղարաբաղի կառավարության ղեկավարը հայտնեց, որ արգելված է տնտեսության նպատակներով փոխել նախահաշիվների հոդվածները և չնախատեսված ծախսեր անել: «Անհրաժեշտ է ծախսել այնքան, որքան նախատեսված է»,- ավելացրեց Հարությունյանը:

Վարչապետը նշեց, որ 2012թ.-ը դժվար կլինի, այնպես որ չի կարելի վատնողություն թույլ տալ, առավել ևս, որ պետական մարմինների կողմից հատկացված միջոցները բավարար են:

«Չնայած անցանկալի համաշխարհային ֆինանսատնտեսական զարգացումների հետ կապված սպասվող դժվարություններին, գալիք տարում ԼՂՀ-ում կրկին ավելի քան 10 տոկոս տնտեսական աճ կապահովվի, ինչն իր հերթին կօգնի ավելացնել սոցիալական վճարումները՝ թոշակները, նպաստները և մյուս նյութական օգնությունը»,-ասաց Հարությունյանը:

Նա տեղեկացրեց, որ 2012թ.-ին հանրապետությունում կշարունակվի լայնածավալ շինարարությունը, շահագործման կհանձնվեն նոր կրթօջախներ, բժշկական հաստատություններ, բնակելի տներ և այլ օբյեկտներ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև