Moody’s գործակալության կողմից Հայաստանի վարկանիշի նվազեցումն անսպասելի չէր ՀՀ ֆինանսների նախարարության համար

23.11.2011 12:21
Moody’s գործակալության կողմից Հայաստանի վարկանիշի նվազեցումն անսպասելի չէր ՀՀ ֆինանսների նախարարության համար

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Moody’s միջազգային վարկանիշային գործակալության կողմից Հայաստանի վարկանիշի նվազեցումն անսպասելի չէր ՀՀ ֆինանսների նախարարության համար, երեքշաբթի հաղորդել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը՝ հղում անելով ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին:

Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է արտարժույթով և ազգային արժույթով Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը (Ва2) ՝ «կայունից» հասցնելով «բացասականի»

Moody's –ի կարծիքով՝ Հայաստանի սուվերեն վարկանիշի «բացասական» կանխատեսման պատճառը եվրոպական երկրների և Ռուսաստանի տնտեսական աճի դանդաղման աճող ռիսկերն են, որտեղ արտահանվում է Հայաստանի ապրանքների 58 տոկոսը:

Գործակալությունը նաև հաշվի է առել արտահանումից, դրամական փոխանցումներից և օտարերկրյա ուղիղ ներդրումներից, մասնավորապես՝ ռուսական ներդրումներից հայկական տնտեսության կախվածությունը, որոնք ռիսկ են ներկայացնում արտաքին շուկայում Հայաստանի դիրքի համար:

Միաժամանակ կանխատեսման վատացման երկրորդ պատճառը Moody’s-ը նշել է տնտեսական բարդ ժամանակաշրջան թույլ պարտքային մետրիկաներով Հայաստանի մուտք գործելու ռիսկը:

Գաբրիելյանը ՀՀՀ-ի եթերում հայտարարել է, որ ինչպես հանրապետության արտաքին պարտքի ավելացումը, այնպես էր եվրոպական և ռուսական շուկաներում հայկական ապրանքների արտահանման հետ կապված ռիսկերն արդեն հաշվի են առնվել ՀՀ 2012 թ.-ի պետբյուջեում:

Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ Հայաստանում 2011 թ.-ի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, արձանագրված տնտեսական անկումը կրում է սեզոնային բնույթ:

Moody's-ի գնահատմամբ՝ 2011թ.-ին Հայաստանին պետբյուջեի բարձր դեֆիցիտ (ՀՆԱ-ում շուրջ 11 տոկոս) և ՀՆԱ-ում պետական պարտքի ցուցանիշի մինչև 35 տոկոսի բարձրացում է սպասվում՝ 2008 թ.-ին գրանցված ՀՆԱ-ում 14 տոկոս ցուցանիշի համեմատ:

Միաժամանակ Moody's-ը «կայունից» «բացասականի» է վերանայել Հայաստանի արժութային դեպոզիտների վերին շեմի կանխատեսումը (Ba3):

Ազգային արժույթով պարտքային պարտավորությունների երկրների գծով վերին շեմը «А3»-ից նվազել է «Baa1»-ի:

Արտարժույթով պարտքային պարտավորությունների երկրների գծով վերին շեմը հաստատվել է «Baa3» մակարդակի վրա՝ «կայուն» կանխատեսմամբ:

Վարկանիշային գործակալությունը կարող է «կայուն» մակարդակի վերադարձնել Հայաստանի վարկանիշների կանխատեսումը, եթե երկրի ռիսկերը նվազեն, չնայած կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում նման վերանայման հավանականությունը, ըստ Moody's-ի վերլուծաբանների, չափազանց փոքր է:-0-


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Partners news

Կարդացեք նաև