Հայաստանն ունի հասարակության վստահությունը վայելող կայուն և կայացած ֆինանսական համակարգ

24.11.2011 12:41
Հայաստանն ունի հասարակության վստահությունը վայելող կայուն և կայացած ֆինանսական համակարգ

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկում նոյեմբերի 22-ին ազգային դրամի 18-ամյակի և Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ տեղի է ունեցել ընդունելություն, որին մասնակցել են առևտրային բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների տնօրենները և ապահովագրական բրոքերները:

Ինչպես նշում են ԿԲ մամուլի ծառայությունից, ընդունելությանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է նրանց ազգային դրամի ներդրման տարեդարձի և մասնագիտական տոնի առթիվ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԿԲ նախագահը բարձր է գնահատել ազգային արժույթի ներդրման նշանակությունը Հայաստանի ֆինանսական համակարգի կայացման գործում: Իր խոսքում ԿԲ նախագահն անդրադարձել է ֆինանսական համակարգի զարգացման անցած ուղուն, եւ նշել, որ կենտրոնական բանկի եւ ֆինանսական համակարգի մասնակիցների նպատակասլաց եւ ամենօրյա աշխատանքի արդյունքում այսօր Հայաստանի Հանրապետությունն ունի հասարակության վստահությունը վայելող կայուն եւ կայացած ֆինանսական համակարգ, ինչի ամենակարեւոր վկայությունն է ֆինանսական միջնորդության, ինչպես նաեւ ՀՆԱ-ում բանկային համակարգի ակտիվների տեսակարար կշռի աճը:

ԿԲ նախագահը նաեւ անդրադարձել է վերջին շրջանում ապահովագրական համակարգի բարեփոխումներին, մասնավորապես, ԱՊՊԱ համակարգի ներդրմանը:

Ամփոփելով իր խոսքը, Արթուր Ջավադյանը եւս մեկ անգամ շնորհավորել է ներկաներին՝ մաղթելով հետագա ձեռքբերումներ եւ շեշտելով, որ կայացած եւ ամուր ֆինանսական համակարգի առկայությունն իր հերթին կնպաստի ամուր եւ վստահելի ազգային արժույթ ունենալուն:

Ներկաներին ողջունել և շնորհավորել է նաեւ Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը:

Այնուհետեւ ԿԲ նախագահը պատվոգրեր և նվերներ է հանձնել ֆինանսական համակարգում երկարամյա աշխատանքային կենսագրություն ունեցող  Կենտրոնական բանկի և առեւտրային բանկերի մի խումբ աշխատակիցներին:

Հայաստանում ապահովագրական համակարգի ներդրման 15-ամյակի կապակցությամբ Արթուր Ջավադյանը շնորհավորագրեր եւ հուշանվերներ է հանձնել նաեւ ապահովագրական ընկերությունների տնօրեններին:  --0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև