Հայաստանում 2011 թ.-ի արդյունքում ՀՆԱ-ի աճն ակնկալվում է 5%-ի սահմաններում. էկոնոմիկայի նախարար

02.12.2011 12:18
Հայաստանում 2011 թ.-ի արդյունքում ՀՆԱ-ի աճն ակնկալվում է 5%-ի սահմաններում. էկոնոմիկայի նախարար

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2011 թ.-ի արդյունքում Հայաստանում ՀՆԱ-ի 5 տոկոսանոց աճ է ակնկալվում, ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

«Այսօր կարելի է ասել, որ տարին տնտեսական տեսակետից կարելի է հաջողված համարել», - ասել է նա ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ:

Դավթյանը նաև գոհունակություն է հայտնել, որ նման աճն ապահովվում է երկրի տնտեսության իրական հատվածի աճի հաշվին:

«Դա, առաջին հերթին, արդյունաբերության ոլորտն է, որտեղ այս տարի բավականին լուրջ առաջընթաց է արձանագրվել, և տարվա արդյունքում կարծում եմ՝ արդյունաբերության աճը կկազմի 12-13 տոկոս», - ասել է նա:

Նախարարի խոսքերով՝ այսօրվա դրությամբ արտահանման ծավալների էական աճ է գրանցվում (20-25 տոկոս), ինչպես նաև՝ 13 տոկոսանոց աճ զբոսաշրջության ոլորտում:

«Միակ ցուցանիշը, որը կրճատվում է, շինարարության ոլորտն է, սակայն ես դա բացասական երևույթ չէի համարի, քանի որ այդ ամենը հանգեցնում է մի քանի տարի առաջ տնտեսությունում գոյություն ունեցող անհավասարակշռության հարթմանը, և մեր տնտեսությունն այսօր ավելի հավասակաշռված է», - ասել է նա:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2011 թ.-ի հոկտեմբերին շինարարության ոլորտում 25 տոկոսանոց անկում է արձանագրվել: Միաժամանակ հոկտեմբերին շինարարական աշխատանքների ծավալը կազմել է ավելի քան 46,2 մլրդ դրամ՝ սեպտեմբերի համեմատ կրճատվելով 6,7 տոկոսով:

Դավթյանը նաև ավելացրել է, որ այսօր բավականին դժվար է գնահատել արտաքին ռիսկերի աստիճանը:

«Սակայն ես լավատեսորեն եմ տրամադրված և կարծում եմ, որ միջազգային կառույցները, քաղաքական և տնտեսական ղեկավարությունը հնարավորություն կգտնեն՝  գլոբալ տնտեսության մեջ այդ ռիսկերի կրճատման համար», - եզրափակել է նա:

ՀՀ 2011 թ.-ի պետբյուջեի համաձայն՝ երկրում տնտեսական աճը նախատեսված է 4,6 տոկոսի սահմաններում: (1 դոլարը 381,06 դրամ է) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post