«HSBC Բանկ Հայաստան»-ը ճանաչվել է Հայաստանում 2011 թ.-ի տարվա լավագույն բանկ The Banker պարբերականի կողմից

02.12.2011 15:02
«HSBC Բանկ Հայաստան»-ը ճանաչվել է Հայաստանում 2011 թ.-ի տարվա լավագույն բանկ The Banker պարբերականի կողմից

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն ճանաչվել է Հայաստանում 2011 թ.-ի տարվա լավագույն բանկ The Banker պարբերականի կողմից, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ըստ տեղեկատվության՝ Լոնդոնում կայացած պաշտոնական արարողության ժամանակ մրցանակը հանձնվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի տնօրենների խորհրդի անդամ Մարկ Էմմերսոնին:

Ընդհանուր առմամբ Էյչ-Էս-Բի-Սի-ն արժանացել է վեց մրցանակի՝ ներառյալ «Էյչ-Էս-Բի-Սի Խմբի «2011 թվականի Տարվա բանկ»  ճանաչվելը:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, իր գոյության 12-րդ տարում The Banker պարբերականի կողմից անցկացվող մրցանակաբաշխությունը դարձել է ոլորտի ամենահեղինակավորներից մեկը:

Ըստ տեղեկատվության՝ հաղթողներն ընտրվել են ակտիվների աճ, շահութաբերություն, ռազմավարական հարաբերություններ, հաճախորդների սպասարկում, մրցակցային սակագներ, նոր ծառայություններ, ինչպես նաև հետճգնաժամային փուլում փոքր և միջին ձեռնարկություններին ցուցաբերվող աջակցությունը չափանիշներով: Հետազոտության արդյունքները կհրապարակվեն The Banker պարբերականի 2011 թվականի դեկտեմբերյան համարում:
«The Banker հեղինակավոր ամսագրի այս մրցանակը ևս մեկ անուղղակի վկայությունն է մեր ռազմավարության հաջողության. նպատակաուղղված ընդլայնողական քաղաքականություն, նորարարական ծառայությունների ներմուծում, կապիտալի և ռիսկերի արդյունավետ կառավարում, ծախսերի խիստ վերահսկում բոլոր ոլորտներում` ի շահ հաճախորդների և այլ շահառուների», - նշել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:

2011 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի ակտիվները կազմել են 174 մլրդ դրամ (տարեսկզբից 20 տոկոսի աճ), հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 114,5 մլրդ դրամ (9 տոկոսի աճ), հաճախորդներին տրված համախառն վարկերը կազմել են 104 միլիարդ դրամ (21 տոկոսի աճ):

Ընդ որում բանկի կապիտալի եկամտաբերությունը կազմել է 24 տոկոս (3 տոկոսի աճ` 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ), այս տարվա ինը ամսվա ընթացքում շահույթը հարկումից հետո կազմել է 4.6 միլիարդ ՀՀ դրամ (53 տոկոսի աճ` 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ), իսկ վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 2,5 մլրդ դրամ (169 տոկոսի աճ՝ 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ):

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցվել է 1995 թ.-ի սեպտեմբերի 25-ին: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսը, բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թ.-ի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիա բորսայի անդամ է: (1 դոլարը 381,06 դրամ )-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post