FITCH-ն իջեցրել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ վարկանիշը՝ հասցնելով այն «BB-» մակարդակի՝ «Կայուն» կանխատեսմամբ

06.12.2011 14:18
FITCH-ն իջեցրել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ վարկանիշը՝ հասցնելով այն «BB-» մակարդակի՝ «Կայուն» կանխատեսմամբ

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է հայկական ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը  (ԷԴՎ)՝ «BB» մակարդակից հասցնելով «BB-» մակարդակի՝ «Կայուն» կանխատեսմամբ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին Fitch Ratings-ի մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության համաձայն, կարճաժամկետը ԷԴՎ-ն հաստատվել է «B» մակարդակում, կայունության վարկանիշը հաստատվել է «b+» մակարդակում, անհատական վարկանիշը՝ «D» մակարդակում, իսկ աջակցության վարկանիշը հաստատվել է «3» մակարդակում:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ երկարաժամկետ ԷԴՎ-ի իջեցումն արտացոլում է բանկի բաժնետեր Credit Agricole S.A.-ի կողմից (այսուհետ՝ «CA», «AA−»/Rating Watch «Բացասական) աջակցություն ստանալու հավականության մասին գործակալության կարծիքի փոփոխությունը», - նշվում է տեղեկատվության մեջ:
Այս պահին Fitch-ն իր գնահատականներում մեծ շեշտ է դնում այն գործոնների վրա, որոնք ավելի վաղ սահմանվել են որպես զսպող՝ աջակցություն ստանալու հավանականության համար: Այդպիսի գործոններից մեկն այն է, որ Հայաստանի շուկան CA-ի համար ռազմավարական տեսակետից նշանակալի չէ, ինչպես նաև այն, որ այդ բաժնետիրոջն է պատկանում բանկի փոքրամասնական փաթեթը (28%) և CA-ի սահմանափակ առկայությունն այլ զարգացող շուկաներում:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, այս ամենը նշանակում է, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գործունեության ցուցանիշները և դեֆոլտը, եթե այն տեղի ունենար, իրենցից անբարենպաստ հետևանքների փոքր ռիսկ են ներկայացնում խմբի այլ կառույցների համար:

Միաժամանակ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ԷԴՎ-ն և աջակցության վարկանիշը շարունակում են արտացոլել CA-ի կողմից աջակցություն ստանալու չափավոր հավանականությունը՝ հաշվի առնելով ապրանքանիշերի ասոցացումը, CA-ի հետ համագործակցության պատմությունն ու ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ոչ մեծ ծավալը (իսկ դա նշանակում է, որ հաշվի է առնվում նաև աջակցության պոտենցիալ արժեքը):
«Ապագայում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ԷԴՎ-ի վերանայումն, ամենայն հավանականությամբ, կախված կլինի անհրաժեշտության դեպքում բանկին աջակցություն ցուցաբերելու CA-ի պատրաստակամության մասին Fitch-ի կարծիքի փոփոխությունից: Եթե Հայաստանի ինքնավար վարկանիշի վերաբերյալ որևէ բացասական վարկանիշային գործողություն հայտնվի, ինչը կհանգեցնի համակարգային սթրեսի ավելի բարձր ռիսկի, ապա այս ամենին կարող է հետևել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ վարկանիշի նվազում», - նշվում է հաղորդագրության մեջ:

Միաժամանակ ըստ Fitch Ratings-ի՝ CA-ի կողմից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտություն դեռ չի առաջացել, իսկ դա նշանակում է, որ աջակցության ցուցաբերումը գործնականում դեռ չի ստուգվել՝ հաշվի առնելով բանկի լավ ֆինանսական դիրքերը: Սովորական գործունեության ընթացքում CA-ը բանկին ֆինանսավորում է տրամադրում, որը կազմում է 2011 թ.-ի երրորդ եռամսյակի վերջում նրա փոխառու ֆինանսավորման գրեթե տասը տոկոսը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կայունության վարկանիշը հաշվի է առնում վերջերս գրանցված արագ աճը, վարկերի կենտրոնացման մակարդակի բարձրացումն ու վարկերի դեռևս բարձր դոլարացումը (2011 թ.-ի երրորդ եռամսյակի վերջում վարկերի 57 տոկոսը), ինչն ազգային արժույթի արժեզրկման դեպքում բանկին ենթարկում է անուղղակի շուկայական ռիսկի: Միաժամանակ վարկանիշն արտացոլում է խնդրահարույց վարկերի ցածր մակարդակը, լավ լիքվիդայնությունը, վերաֆինանսավորման կառավարվող ռիսկերը, ամուր շահութաբերությունն ու կապիտալիզացումը (ըստ Basel II-ի՝ 2011 թ.-ի երրորդ եռամսյակի վերջում ընդհանուր կապիտալի բավականաչափությունը կազմում էր 20,8 տոկոս) և երկրում բանկի լայն հաճախորդային բազան:

Fitch-ը նշում է, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կայունության վարկանիշի բարձրացման ներուժն այս պահին սահմանափակ է: Միաժամանակ կարող է դեպի անկում վարկանիշի վրա իրականացվող ճնշում գործադրվել վարկային պորտֆելի կենտրոնացման հետագա բարձրացման և ակտիվների ավելի թույլ որակի հետևանքով կապիտալի բավականաչափության բացասական ցուցանիշների դեպքում:

2011 թ.-ի երրորդ եռամսյակի վերջում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Հայաստանի խոշորագույն բանկն է համախառն ակտիվների մեծությամբ (երկրի բանկային համակարգի ակտիվների գրեթե 11 տոկոսը), զբաղեցրել է շուկայի զգալի մասնաբաժինը գյուղատնտեսական հատվածի վարկավորման  (շուրջ 50 տոկոս) և սպառողական վարկավորման (14 տոկոս) հատվածում: CA-ն ուղղակի և անուղղակի կերպով բանկի 28 տոկոսանոց մասնաբաժնի սեփականատերն է, իսկ մնացած բաժնետոմսերը բաշխված են Գյուղացիական փոխօգնության տասը միավորումների միջև: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև