ՀՀ ԿԲ-ն պահպանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8%-ի մակարդակում

06.12.2011 18:39
ՀՀ ԿԲ-ն պահպանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8%-ի մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8 տոկոսի մակարդակում, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ 2011 թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, արձանագրվել է 1.2% գնաճ, որի արդյունքում 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազել է 0.9 տոկոսային կետով և կազմել 4.8%` վերադառնալով 4%±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայք:

Խորհուրդն արձանագրեց, որ ներկայումս համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսություն ներթափանցող գնաճային ճնշումները բացակայում են: Ակնկալվում է, որ համաշխարհային տնտեսական աճի սպասվող դանդաղման պայմաններում հիմնական հումքային և պարենային ապրանքների շուկաներում գներն էականորեն չեն փոփոխվի, ինչը համապատասխանում է «Դրամավարկային քաղաքականության 2011 թ. 4-րդ եռամսյակի ծրագրում» նկարագրված համաշխարհային տնտեսության զարգացման բազային սցենարին:

Միաժամանակ դեռևս պահպանվում են զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների լուծման հետ կապված անորոշությունները:

Խորհուրդը համակարծիք է, որ ՀՀ տնտեսությունից նույնպես գնաճային ռիսկեր չեն ակնկալվում. պահպանվում է այն գնահատականը, որ աշխատանքի շուկայի և համախառն պահանջարկի արձանագրված և սպասվող զարգացումները գնաճային միջավայրի վրա էական ճնշումներ չեն ձևավորի:

Խորհուրդն ամփոփեց, որ ՀՀ տնտեսությունը զարգանում է 2011 թ. Դրամավարկային քաղաքականության ծրագրերում կանխատեսված միտումներին համապատասխան և 12-ամսյա հորիզոնում գնաճը մեծ հավանականությամբ կգտնվի 4%±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում:

Այս պարագայում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել «Դրամավարկային քաղաքականության 2011 թ. 4-րդ եռամսյակի ծրագրում» նախանշված բազային սցենարին համապատասխանող ուղղությունը, ինչը ենթադրում է չեզոք քաղաքականության իրականացում:

ԿԲ-ն 2011 թ.-ի սեպտեմբերի 6-ին վերջին անգամ փոխել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8,5 տոկոսից դարձնելով 8 տոկոս:

ՀՀ 2011 թ.-ի պետբյուջեի համաձայն՝ հանրապետությունում գնաճը նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%). –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post