ՀՀ ԿԲ կառույցը EFSE հիմնադրամի միջոցով 2 մլն եվրո աջակցություն կցուցաբերի ՓՄԲ վարկավորմանը

06.12.2011 18:50
ՀՀ ԿԲ կառույցը EFSE հիմնադրամի միջոցով 2 մլն եվրո աջակցություն կցուցաբերի ՓՄԲ վարկավորմանը

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երեկ Երևանում համաձայնագիր է ստորագրվել Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Ֆոնդի և «Փոքր և Միջին բիզնեսների վարկավորման աջակցություն» ՓԲԸ-ի` Հայաստանի Կենտրոնական բանկի դուստր ընկերության միջև, համաձայն որի Ընկերությունը 2 մլն եվրոյի ներդրում է կատարել վերոնշյալ ֆոնդի  նորաստեղծ ՀՀ դրամով ֆինանսական պատուհանում, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

«Այս ներդրման շնորհիվ Հայաստանի Կենտրոնական բանկն իր ֆինանսական աջակցությունն է ցուցաբերում փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը Հայաստանում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ստորագրված համաձայնագրի համաձայն՝ ֆոնդը ստեղծել է ՀՀ դրամով ֆինանսական պատուհանը` աջակցելու և խթանելու Հայաստանի փոքր և միջին ձեռնարկություններին տեղական արժույթով վարկավորմանը:

«Տեղական արժույթով վարկավորումը համարվում է ամենաարդյունավետ միջոցը արտարժույթային ռիսկերը նվազեցնելու գործում: Մասնավորապես, ներկայումս փոքր և միջին ձեռնարկությունները հնարավորություն կունենան ներգրավել երկարաժամկետ տեղական արժույթով վարկեր` խուսափելով արտարժույթային ռիսկից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այն նաև արդյունավետ մեխանիզմ է լրացուցիչ ֆինանսավորման միջոցներ ներգրավելու համար, մասնավորապես արդեն իսկ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունը 5 մլն եվրոյի ներդրում է նախատեսել`  խթանելու տեղական արժույթով վարկավորումը Հայաստանում, ինչպես նաև Ֆոնդի այլ նպատակային երկրներում:

«Նոր ստեղծված ֆինանսական պատուհանի դռները բաց են նոր միջազգային դոնոր կազմակերպությունների և տեղական ֆինանսական ընկերությունների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Այն փաստը, որ Հայաստանի Կենտրոնական բանկը էական ներդրում է իրականացնում, մեծ վստահություն է ներշնչում Ֆոնդի և նրա երկրի տնտեսության զարգացման վրա հետագա դրական ազդեցության գործում», – ասել է Եվրոպական Ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահ դոկտոր Կլաուս Գլաուբիթթը:

Իր հերթին ներդրումային կոմիտեի նախագահ Մոնիկա Բեքը նշել է, որ չնայած փոքր և միջին ձեռնարկությունները կազմում են Հայաստանի տնտեսության ողնաշարը, նրանք չեն կարողանում համապատասխան արտարժութային եկամուտներ ձևավորել և դրանով ֆինանսավորել իրենց երկարաժամկետ արտարժույթային պարտավորությունները:

«Հետևաբար, ՀՀ Կենտրոնական բանկը հիանալի օրինակ է ծառայում` ներդնելով Ֆոնդի տեղական արժույթով ֆինանսական պատուհանում: Աջակցելով վարկային գործիքների տեսականու ընդլայնմանը, մասնավորապես տեղական արժույթով երկարաժամկետ վարկերը, ՀՀ Կենտրոնական բանկը խթանում է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը միաժամանակ նպաստելով բանկային համակարգի կայունությանը և զարգացմանը»,- ավելացրել է Բեքը:

Միաժամանակ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը բարձր է գնահատել ֆոնդի հետ համագործակցությունը փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման բնագավառում:

«Բանկային համակարգի կայուն զարգացման համար չափազանց կարևոր է փոքր և միջին ձեռնարկությունների տեղական արժույթով ֆինանսավորման ևս մեկ աղբյուրի առկայությունը:  Կենտրոնական բանկի դուստր կառույցի կատարած ներդրումը ֆոնդի կապիտալում հնարավորություններ է ընձեռում Հայաստանի ֆինանսական  ինստիտուտներին լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավել միջազգային աղբյուրներից»,- ասել է նա:

Ըստ Ջավադյանի՝ հայկական երկու բանկեր` Կոնվերս բանկն ու Արարատ բանկը,  արդեն իսկ միջոցներ են ներգրավել ֆոնդից փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման նպատակով և ակնկալվում է, որ նորաստեղծ ֆինանսավորման պատուհանի շնորհիվ համագործակցող ֆինանսական ինստիտուտների թիվը կավելանա:

Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Ֆոնդի նպատակն է նպաստել Հարավային Եվրոպայի և Եվրոպական հարևանության արևելյան տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը, այդ թվում` Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսիան, Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Մակեդոնիան, Վրաստանը, Կոսովոն, Մոլդովան, Մոնտենեգրոն, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան: Այս Ֆոնդն երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է տրամադրում փոքր և միջին ձեռնարկություններին, տնային տնտեսություններին` բնակարանների վերանորոգման վարկերի տեսքով, և այս ամենն իրականացնում է ֆինանսական հաստատությունների միջոցով:

Փոքր և միջին բիզնեսների վարկային օժանդակություն ՓԲԸ-ն ստեղծվել է 2010թ.-ի դեկտեմբերի 28-ին միջազգային մասնագիտացված ֆինանսական հաստատությունների հետ համագործակցության միջոցով` աջակցելու փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորումը Հայաստանում: Մասնավորապես Ընկերության հիմնական նպատակն է բանակցել փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման բնագավառում մասնագիտացված տարբեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ` ապահովելու համար միջազգային ֆինանսական շուկաներից ֆինանսական միջոցների ներհոսք դեպի հայաստանյան վարկատու ինստիտուտներ: Ընկերության միակ սեփականատերը ՀՀ Կենտրոնական բանկն է: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post