Համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքը սկսվել է. Կուդրին

14.12.2011 14:44
Համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքը սկսվել է. Կուդրին

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքն արդեն սկսվել է, կարծում է ՌԴ նախկին վարչապետ և ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Դժվար է այժմ կանխատեսել այդ գործընթացների բնույթը, դրանց արդյունքները, սակայն ես համոզված եմ, որ իրավիճակը կվատթարանա: Դժվար է ասել, թե որքան խորը կլինի այն, սակայն, ըստ էության, ճգնաժամի երկրորդ ալիքն արդեն սկսվել է», - ասել է նա երեքշաբթի «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Կուդրինը հիշեցրել է, որ ըստ փորձագետների գնահատականների՝ Եվրոպայի մի շարք երկրներում, այդ թվում նաև Իտալիայում ՀՆԱ-ի անկում է սպասվում: «Հաջորդ տարի ողջ եվրագոտում ՀՆԱ-ի ընդհանուր աճը գնահատվում է 0,2 տոկոս», - հիշեցրել է ՌԴ ֆինանսների նախկին նախարարը: «Դա միջին վիճակագրական անճշտության չափն է, այսինքն իմ կարծիքով՝ եվրագոտում բացասական աճի հավանականությունը 70 տոկոսից ավել կլինի», - ավելացրել է Կուդրինը:

Նրա կարծիքով՝ նման պայմաններում հնարավոր է՝ նավթի համաշխարհային գների էական անկում:

Խոսելով նավթի գների կանխատեսման մասին՝ նա նշել է, որ կան մի շարք գործոններ, որոնք դրական են ազդում: Նա, մասնավորապես, հիշեցրել է, որ ՕՊԵԿ-ի տեղեկատվության համաձայն՝ այս տարի Սաուդիան Արաբիան նավթի առավելագույն ծավալ է արտադրել: «Իսկ դա նշանակում է, որ այս գործոնը ևս կազդի նավթի գների նվազման վրա», - ասել է Կուդրինը:

«Տպագրական հաստոցի գործարկման միջոցով եվրոպական տնտեսության փրկություն կսկսվի, եվրոն աճի միտում կգրանցի, իսկ դա նշանակում է, որ միգուցե այդ ամենը կնպաստի գների պահպանմանը», - կանխատեսել է նա:

Սակայն Կուդրինի կարծիքով՝ ընդհանուր առմամբ համաշխարհային տնտեսությունում իրավիճակը կվատթարանա, ինչը կանդրադառնա նաև Ռուսաստանի վրա:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post