Բնապահպանական թեմայով դպրոցական էսսեների հաղթողները մրցանակներ են ստացել HSBC բանկից

14.12.2011 18:20
Բնապահպանական թեմայով դպրոցական էսսեների հաղթողները մրցանակներ են ստացել HSBC բանկից

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հայ դեռահասները՝ հանուն բնապահպանության» ծրագրի շրջանակներում անցկացված դպրոցական էսսեների մրցույթի երեք հաղթողները չորեքշաբթի դրամական մրցանակներ են ստացել HSBC բանկ Հայաստանի կողմից:

«Հայ դեռահասները՝ հանուն բնապահպանության» ծրագիրը, որը մեկնարկել է 2011թ.-ի փետրվարին, ֆինանսավորվել է HSBC բանկ Հայաստանի կողմից և իրականացվել է «Հայ կանայք՝ հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի հետ համատեղ:

«Ծրագրի շրջանակներում անցկացվել է էսսեների մրցույթ «Ձեր բնակության վայրի բնապահպանական խնդիրներն ու դրանց լուծումները» թեմայով, որի հաղթող է ճանաչվել 20 մարդ, իսկ լավագույն երեք էսսեների հեղինակները դրամական մրցանակ են ստացել», - լրագրողներին ասաց Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի  (WWF) հայկական բաժանմունքի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արթուր Խոյեցյանը:
Ծրագրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է 30 հազար դոլար, իսկ մրցույթի հաղթողներից յուրաքանչյուրը ստացել է շուրջ 1,5 հազար դոլարի մրցանակ:
Խոյեցյանը պարզաբանել է, որ այս մրցույթի նպատակն է եղել կյանքի կոչել էսսեներում տեղ գտած խնդիրները, և այդ աշխատանքները կիրականացվեն HSBC բանկ Հայաստանի աշխատակիցների մասնակցությամբ, ովքեր մասնակցել են կլիմայի փոփոխության դեմ պայքարին նվիրված սեմինարներին:

«Մինչև հաջորդ տարվա հունիս երեք լավագույն էսսեներում ներկայացված գաղափարները պետք է կյանքի կոչվեն», - պարզաբանեց նա:

Խոսելով ծրագրի մասին՝ բաժանմունքի ղեկավարն ասաց, որ այն բաղկացած էր երկու փուլից, և նրա նպատակն էր բարձրացնել շրջակա միջավայրի խնդիրների մասին երիտասարդության իրազեկվածության մակարդակը:
«Առաջին փուլում մշակվել և հրատարակվել է ուսումնական օժանդակ ձեռնարկ, որի հիմքում ընկած էր մեր երկրագնդի նկատմամբ ավելի հոգատար վերաբերմունքի սկզբունքը», - ասաց նա:

Խոյեցյանի խոսքերով՝ երկրորդ փուլում կազմակերպվել են մի շարք սեմինարներ, որոնց մասնակցել են Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի, Լոռու և Սյունիքի մարզերի 35 միջնակարգ դպրոցների շուրջ 60 մանկավարժներ և ավելի քան 200 դպրոցականներ:

«HSBC-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, բացվել է Հայաստանում 1996թ.-ին և երկրի առաջին միջազգային բանկն է: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է HSBC խմբին, մնացած 30 տոկոսը՝ «Wings Establishment-ին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև