«Ամերիա» խումբը կոչ է անում միասնաբար օգնել կյանքի համար պայքարող մանուկներին

22.12.2011 14:14
«Ամերիա» խումբը կոչ է անում միասնաբար օգնել կյանքի համար պայքարող մանուկներին

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ամերիա» ընկերությունների խումբը 2011թ. դեկտեմբերի 23-ին կազմակերպում է ամանորյա բարեգործական միջոցառում` աճուրդ, որը նպատակ ունի աջակցել քաղցկեղային և հեմատոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաներին, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Ամերիաբանկի մամուլի ծառայությունից:

«Ամերիա»  ընկերությունում արդեն ավանդույթ է դարձել նման աճուրդի կազմակերպումը Ամանորի շեմին:

Այս անգամ աճուրդին կներկայացվեն հայ անվանի մի շարք անձանց կողմից ստեղծված նկարները: Նրանց շարքում են Լևոն Իգիթյանը, Արա Երնջակյանը,  Նարեկ Սարգսյանը, Միքայել Պողոսյանը, Երվանդ Երզնկյանը, Ազատ Գասպարյանը, Լևոն Մալխասյանը, Վարդան Պետրոսյանը, Կարեն Ջանիբեկյանը, Յակոբ Զարգարյանը, Հայկ Դեմոյանը, Շուշան Պետրոսյանը, Գեղամ Գրիգորյանը, Անդրեն, Արամոն, Նունե Եսայանը, Վիգեն Ստեփանյանը, Արմեն Խանդիկյանը, Երվանդ Մանարյանը, Հովհաննես Չեքիջյանը, Արա Գևորգյանը, Էդուարդ Թոփչյանը և այլոք: Նկարչական աշխատանքների կազմակերպման հարցում իր մեծ աջակցությունն է ցուցաբերել Գեղագիտության Ազգային Կենտրոնը:

«Միջոցառման կազմակերպմանն աջակցել է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը»,- նշվում է բանկի հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն, աճուրդին ներկայացվելու են նաև հայ անվանի նկարիչների ստեղծագործություններ: Աճուրդից ստացված ողջ հասույթը կփոխանցվի 17 երեխայի, որոնք այս պահին գտնվում են բուժման մեջ և դրամական օգնության խիստ կարիք են զգում:

«Կոչ ենք անում Հայաստանի բոլոր կառույցներին, անհատ անձանց` միանալ «Ամերիա» խմբի նախաձեռնությանը, մասնակցել բարեգործական ցուցհանդես-աճուրդին կամ հանդես գալ առանձին հանգանակությամբ: Այս նախաձեռնությունը հնարավորություն կընձեռի օգնել քաղցկեղային և հեմատոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաներին, ովքեր այս պահին ունեն դրա խիստ կարիքը, ովքեր գոյության ամենօրյա պայքար են մղում, պայքար, որի ելքը կախված է մեր բոլորի ֆինանսական ու բարոյական աջակցությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

«Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերն է «Տրոյկա Դիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:–0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև