Հայէկոնոմբանկն ու ՎԶԵԲ-ը Հայաստանում ՓՄԲ-ի հատվածի վարկավորման գծով 6 մլն դոլարի համաձայնագիր են ստորագրել

22.12.2011 16:33
Հայէկոնոմբանկն ու ՎԶԵԲ-ը Հայաստանում ՓՄԲ-ի հատվածի վարկավորման գծով 6 մլն դոլարի համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հինգշաբթի 6.0 մլն. ԱՄՆ դոլարի 5 տարի մարման ժամկետով վարկային պայմանագիր են ստորագրել, որով ներգրավված միջոցները ուղղվելու են միկրո, փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը:
«Համաձայնագրի շրջանակներում 3 մլն դոլարի առաջին տրանշը կտրամադրվի առաջնահերթ կարգով, ևս 3 մլն դոլարի երկրորդ տրանշը՝ ըստ պահանջի», - հինգշաբթի համաձայնագրի ստորագրման արարողության ընթացքում հայտարարեց ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:

Նա ընդգծեց, որ վարկը համապատասխանում է Հայաստանի հարցում ՎԶԵԲ-ի ռազմավարությանը միկրո և փոքր ընկերություններին ֆինանսավորում տրամադրելու համատեքստում: «Դրա հետ մեկտեղ մենք նաև տեխնիկական օգնություն կցուցաբերենք՝ նորաստեղծ ընկերություններին և ագրոհատվածում գործող ընկերություններին ֆինանսավորելու համար», - ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում ՎԶԵԲ-ը նման գործառույթ առաջին անգամ է իրականացնում:

Ռազլոգը նաև կարևորեց այն, որ ֆինանսավորումը կտրամադրվի ՀՀ դրամով:

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի վարչության նախագահ Արմեն Նալջյանն իր հերթին նշեց, որ տեխնիկական աջակցության շրջանակներում ՎԶԵԲ-ի մասնագետները կծանոթացնեն բանկի աշխատակիցներին նորաստեղծ բիզնեսի վարկավորման և ագրովարկավորման սկզբունքների հետ:

Նրա խոսքերով՝ այս համաձայնագրի շրջանակներում վարկերը տրամադրվելու են միկրո և փոքր բիզնեսի վարկավորման ստորաբաժանման կողմից, որի վարկային պորտֆելը 2011 թ.-ի արդյունքում կազմել է շուրջ 5,5 մլն դոլար:

Նա նաև տեղեկացրեց, որ այս համաձայնագրի շրջանակներույմ վարկի միջին չափը կկազմի 3 մլն դրամ, իսկ տոկոսադրույքները կսահմանվեն սկսած 14 տոկոսից:

Հայէկոնոմբանկը ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շրջանակներում, որը սկսվել է 2009 թ.-ին, իրականացրել է 51 մլն դոլարի ծրագրեր:

2011թ.-ի դեկտեմբերի 21-ի դրությամբ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի ընդհանուր կապիտալը գերազանցում է 9.14 մլրդ դրամը, ընդհանուր ակտիվները կազմում են 64.4 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 30.5 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ավանդները` 10.7 մլրդ դրամ, շահույթը` 504.6 մլն. դրամ:

Բանկի գործող տեղական և միջազգային քարտերի քանակը կազմում է մոտ 140,000 հատ: Բանկն ունի 39 մասնաճյուղ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում:

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն գրանցվել է 1991 թ.-ի օգոստոսի 26-ին: Բանկի բաժնետոմսերի ավելի քան 78 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետերերին՝ ՎԶԵԲ-ին (25 տոկոս +1 բաժնետոմս) և «ՍԻԼ» կոնցեռնի հիմնադիրներ Սուքիասյաններ ընտանիքին (53,4 տոկոս): (1 դոլարը 382,43 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post