«Անելիք» համակարգով դրամական փոխանցումների թիվը 11 ամիսների ընթացքում աճել է 50%՝ գերազանցելով 1,4 մլն-ը

22.12.2011 17:15
«Անելիք» համակարգով դրամական փոխանցումների թիվը 11 ամիսների ընթացքում աճել է 50%՝ գերազանցելով 1,4 մլն-ը

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք» դրամական փոխանցումների համակարգով 2011 թվականի 11 ամիսների ընթացքում  փոխանցումների քանակը ավելի քան 50%-ով աճել է 2010 թվականի նույն ժամանակաշրջանում կատարված փոխանցումների քանակի համեմատ՝ կազմելով 1,405,088, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Անելիք Բանկից:

Հաղորդագրության համաձայն՝ 2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում  «Անելիք» դրամական փոխանցումների համակարգով իրականացված փոխանցումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14%-ով՝ կազմելով 951 464 240 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Աճի նման տեմպերի պահպանման դեպքում «Անելիք» դրամական փոխանցումների համակարգի շրջանառությունը տարեվերջին կգերազանցի 1 մլրդ. ԱՄՆ դոլարը:

«2009 թվականի տնտեսական ճգնաժամի ժամանակ «Անելիք» դրամական փոխադրումների համակարգի գրանցված անկումը վերջին երկու տարիներին վերականգնվում է, դրա մասին են վկայում 2010-2011 թվականներին համակարգի գրանցած քանակական և ծավալային ցուցանիշները»,- ասաց Ֆինանսական շուկաներում գործառնությունների և թղթակցային հարաբերությունների վարչության պետ Արման Շուշյանը:

Նա ոգևորիչ համարեց նաև այն փաստը,  որ աճում է դեպի Հայաստան փոխանցումների ծավալը ոչ միայն «Անելիք Բանկով», այլ նաև հայկական այլ բանկերով, որոնք օգտվում են «Անելիք» համակարգից:

«2011 թվականին «Անելիք» համակարգով փոխանցումների աճի տեսանկյունից առանձնացել են հայկական 3 բանկեր` ՀայԷկոնոմբանկը, Արարատբանկը և Զարգացման Հայկական Բանկը, որոնք գրանցել են թե ծավալային, և թե քանակական զգալի աճ»,- ասաց Շուշյանը:

Անելիք Բանկը ստեղծվել է 1990 թվականին: Այն միակն է հայկական բանկերից, որն ունի սեփական «Անելիք Ռու» ՍՊԸ առևտրային դուստր բանկ Ռուսաստանի Դաշնությունում` գրանցված ՌԴ ԿԲ-ի կողմից։ Բանկը համագործակցում է Հայաստանի տարածքում գործող գրեթե բոլոր միջազգային վարկային ծրագրերի հետ:

Սեպտեմբերի 30-ի դրությամբ, Անելիք բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 15,8 մլրդ դրամ, ակտիվները՝ 67,8 մլրդ դրամ, պարտավորությունները՝ ավելի քան 52 մլրդ դրամ:–0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post