Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2011թ.-ի արդյունքներով կկազմի 5,5%. նախարար

27.12.2011 19:28
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2011թ.-ի արդյունքներով  կկազմի 5,5%. նախարար

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Անցնող տարվա արդյունքներով Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կկազմի 5,5 տոկոս, կարծում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների՝ տնտեսական ակտիվության աճը 2011թ.-ի նոյեմբերին, 2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 2,4 տոկոս, իսկ անցած ամսվա համեմատ գրանցվել է տվյալ ցուցանիշի 7,3 տոկոս անկում:

«Անցնող տնտեսական տարին կարելի է հաջող համարել: Ըստ բոլոր տնտեսական ցուցանիշների, բացի շինարարության ոլորտից, մենք բավականին լավ արդյունքներ ունենք, մասնավորապես՝ արդյունաբերության ոլորտում»,-երեքշաբթի լրագրողներին ասաց նա:

Միաժամանակ նախարարը հատուկ ընդգծեց, որ հիմնականում այս տարի տնտեսական ակտիվության ցուցանիշը պայմանավորված է տնտեսության իրական հատվածի զարգացմամբ:

Ըստ նախարարի՝ տարվա արդյունքում  ենթադրվում է 13,5-14 տոկոսով արդյունաբերական արտադրանքի ծավալների աճ:

«Բացի այդ, 11 ամիսների արդյունքում միայն ծառայությունների ոլորտի աճը կազմել է շուրջ 10 տոկոս, արտահանման ծավալների աճը կազմել է 34,6 տոկոս: Սեպտեմբերի վերջին շուրջ 24,2 տոկոս է կազմել ներդրումների ծավալի աճը, իսկ մանրածախ շրջանառության ծավալներն ավելացել են շուրջ 14 տոկոսով»,- տեղեկացրեց Դավթյանը:

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների՝ ՀՀ ՀՆԱ-ի ծավալը 2011թ.-ի երկրորդ եռամսյակում, 2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 3,9 տոկոսով և կազմել շուրջ 828,7 մլրդ դրամ: ՀՀ 2011թ.-ի պետբյուջեի համաձայն, երկրում նախատեսված է 4,6 տոկոս մակարդակով տնտեսական աճ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post