Հայաստանում 2012 թ.-ին ՎԶԵԲ-ի ներդրումների ծավալը կարող է կազմել շուրջ 80 մլն եվրո

09.01.2012 12:53
Հայաստանում 2012 թ.-ին ՎԶԵԲ-ի ներդրումների ծավալը կարող է կազմել շուրջ 80 մլն եվրո

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2012 թ.-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներդրումների ծավալը կարող է հասնել մոտավորապես 80 մլն եվրոյի, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:

«Սա շատ մոտավոր թիվ է: Մենք չենք ֆիքսում մեր ներդրումների ծավալը, ամեն ինչ կախված է ՎԶԵԲ-ից ռեսուրսներ ներգրավելու հարցում հաճախորդների ցանկությունից: Հուսով եմ, որ մենք կապահովենք 2011 թ.-ի ցուցանիշների նման արդյունքներ», - ասել է նա:

Նախորդ տարվա արդյունքում ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսության մեջ շուրջ 80 մլն եվրո է ներդրել:

Խոսելով գործունեության ուղղությունների մասին՝ Ռազլոգը նշել է, որ ՎԶԵԲ-ի առաջնահերթությունների թվում կրկին բանկային ոլորտը կլինի:

«Մենք նաև ուղղակի կերպով ֆինանսավորում կտրամադրենք մասնավոր ընկերություններին, կքննարկենք նաև մունիցիպալ հատվածի նախագծերը», - պարզաբանել է նա:

Միաժամանակ երևանյան գրասենյակի ղեկավարը չի բացառել տնտեսության այլ հատվածների ֆինանսավորման հնարավորությունը՝ կախված հայտերի ընդունումից:

Ռազլոգը նաև ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը բավարարված է տրամադրված միջոցների օգտագործման արդյունավետությունից:

«Մենք շատ գոհ ենք Հայաստանի արդյունքներից: Մեր նախագծերը համահունչ են այն արդյունքների հետ, որոնք մենք արձանագրել ենք մեր փաստաթղթերում», - ասել է նա:

Այս կապակցությամբ Ռազլոգը հավելել է, որ այս ամենի շնորհիվ բանկը պատրաստ է ոչ միայն աջակցել, այլև ավելացնել Հայաստանի տնտեսության ֆինանսավորման գործում իր մասնակցության բարձր մակարդակը:

1992 թ.-ից Հայաստանում գործող ՎԶԵԲ-ը երկրում խոշոր ներդրողներից մեկն է: Հայաստանում գործունեության մեկնարկից մինչ օրս ՎԶԵԲ-ի կատարած ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցում է 470 մլն եվրոն, ընդ որում ներդրումների շուրջ 92 տոկոսն ուղղվել է մասնավոր հատվածի զարգացմանը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post