ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջարկում է վարկային արտոնություններ հեռախոսազանգի միջոցով փոխանցումներ ստացող հաճախոդներին

09.01.2012 14:08
 ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջարկում է վարկային արտոնություններ հեռախոսազանգի միջոցով փոխանցումներ ստացող հաճախոդներին

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ վարկային արտոնություններ է առաջարկում այն հաճախորդներին, ովքեր դրամական փոխանցումները ստանալու համար օգտվում են «Դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի միջոցով» ծառայությունից, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկից:

Ըստ տեղեկատվության՝ այուհետ փաստաթղթավորված եկամուտ ունեցող «Դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի միջոցով» ծառայությունից օգտվող հաճախորդներին ապառիկ, ուսման, ոսկու գրավով ապահովված և սպառողական այլ վարկերը կտրամադրվեն բանկում տվյալ պահին գործող սակագնից 2% ցածր տոկոսադրույքով (բացառությամբ ամբողջությամբ դրամական միջոցներով ապահովված վարկերի և 0% տոկոսադրույքով տրամադրվող ապառիկ վարկերի):

Եթե փաստաթղթավորված եկամուտ ունեցող հաճախորդը վերջին 5 ամիսների ընթացքում առնվազն 5 անգամ փոխանցման հատուկ համակարգերով ստացված փոխանցումները ստացել է հեռախոսազանգի միջոցով, ապա հնարավոր է սպառողական վարկ/վարկային գիծ տրամադրելիս միջին ամսական փոխանցումների գումարի չափով հաշվարկել որպես այլ փաստաթղթավորված եկամուտ:

Եթե փաստաթղթավորված եկամուտ չունեցող հաճախորդը վերջին 5 ամիսների ընթացքում առնվազն 5 անգամ փոխանցման հատուկ համակարգերով ստացված գումարները ստացել է հեռախոսազանգի միջոցով, որոնց միջին ամսական գումարը գերազանցում է 60 հազ. ՀՀ դրամը, ապա կարող է տրամադրվել վարկային գիծ մինչև 100 հազ. ՀՀ դրամ գումարի չափով` ACBA Transfer քարտի ժամկետով կամ սպառողական վարկ միջին ամսական փոխանցումների եռապատիկի չափով` առավելագույնը 12 ամիս ժամկետով:

«Ավելի քան մեկ տարի է ինչ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հնարավորություն է ընձեռում փոխանցում ստացող քաղաքացիներին ստանալ իրենց գումարները առանց Բանկ այցելելու, ընդամենը զանգահարելով 31 88 88 հեռախոսահամարով: Մեկ տարվա ընթացքում Բանկը թողարկել է ավելի քան 17 000 ACBA-Transfer քարտ, որոնց միջոցով իրականացրել է փոխանցված գումարների ավելի քան 12 000 վճարում», - նշվում է տեղեկատվության մեջ:

Ընդ որում ACBA-Transfer քարտը տրամադրվում է անվճար, չունի տարեկան սպասարկման վարձ, կանխիկացումը բանկի բանկոմատների միջոցով կատարվում է անվճար:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, SACAM International ԲԸ-ն՝ 12.44%-ով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08%-ով և Արարատի մարզը՝ 12,28%-ով: (1 դոլարը 385,77 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post