Հիփոթեքով արված անշարժ գույքի գործարքների թվի աճը խթանում է տոկոսադրույքների նվազումը

17.01.2012 17:01
Հիփոթեքով արված անշարժ գույքի գործարքների թվի աճը խթանում է տոկոսադրույքների նվազումը

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Հիփոթեքով արված անշարժ գույքի գործարքների թվի ավելացումը խթանում է հիփոթեքային տոկոսադրույքների նվազումը, կարծում է «Ակցեռն» անշարժ գույքի կորպորացիայի ղեկավար Հակոբ Բաղդասարյանը:

«Այսօր Հայաստանում տարեկան միջինը 1-2 հազար անշարժ գույքի հետ կապված գործարք է իրականացվում հիփոթեքային վարկերով: Բնականաբար, գործարքների նման քանակը չի կարող բանկերի համար արդյունավետություն ապահովել: Եթե այդ թիվը գոնե մեկ զրոյով ավելանա, ապա բանկերը կսկսեն մրցակցել, և, բնականաբար, հիփոթեքային տոկոսադրույքները կնվազեն»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բաղդասարյանը:

Ըստ նրա՝ հիփոթեքային վարկերի նվազումը կապված է որոշակի ռիսկերի հետ, բայց բանկերը պետք է գնան այդ ռիսկին, որպեսզի ակտիվացնեն երկրի տնտեսությունը, ինչն առաջին հերթին, հենց բանկերին է ձեռնտու:

Նա նշեց, որ ներկայումս իր գլխավորած կորպորացիայի հաճախորդների միայն 15 տոկոսն է հիփոթեքով գործարքներ անում:

«Եթե տոկոսադրույքները նվազեն, կարծում եմ, յուրաքանչյուր երկրորդ գնորդ նախապատվությունը կտա հիփոթեքային վարկերին»,- ավելացրեց նա:

Ըստ ՀՀ ԿԲ տվյալների՝ Հայաստանում 2011թ.-ի նոյեմբերին հիփոթեքի միջին տոկոսադրույքը կազմել է 12,7 տոկոս՝ անցած ամսվա համեմատ ավելանալով 0,15 տ.կ.-ով: ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերը ծավալն ընթացիկ տարվա նոյեմբերի վերջին կազմել է շուրջ 107,6 մլրդ դրամ՝ հոկտեմբերի համեմատ ավելանալով 2 տոկոսով:

Ակցեռն անշարժ գույքի կորպորացիան բաժնետիրական ընկերություն է, որը Հայաստանի անշարժ գույքի շուկայում գործում է 1993թ.-ից, նրա կազմում մտնում  են՝ լիարժեք Անշարժ գույքի գործակալություններ (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ), Իրավաբանական խորհրդատվություն, Անշարժ գույքի գնահատման ծառայություն, Նախագծման-շինարարական բաժին, Ցանցային մարքեթինգի բաժին:

Ընկերության գործունեությունը լիցենզավորված է և տարածվում է անշարժ գույքի հետ կապված բոլոր տեսակի գործառնությունների վրա (գնում, վաճառք, վարձակալություն, գնահատում)՝ ինչպես բնակելի, այնպես էլ ոչ բնակելի անշարժ գույքի (բնակարաններ, տներ, առանձնատներ, հողային տարածքներ, ամառանոցներ, առևտրային և արդյունաբերական օբյեկտներ և այլն): ($1-389 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post