Արարատբանկն ու ԶԵԱԲ-ը փոքր բիզնեսի վարկավորման համաձայնագիր են ստորագրել

20.01.2012 13:15
Արարատբանկն ու ԶԵԱԲ-ը փոքր բիզնեսի վարկավորման համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. Արարատբանկն ու Զարգացման եվրասիական բանկը (ԶԵԱԲ) ուրբաթ 4 մլն դոլարի համաձայնագիր են ստորագրել՝ Հայաստանում միկրո և փոքր բիզնեսի ֆինանսավորման նպատակով:

«Սա Զարգացման եվրասիական բանկի հետ համագործակցության նոր հնարավորություն և նոր ուղիներ են», - ասել է Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը:

Նշելով, որ այս համաձայնագիրը ԶԵԱԲ-ի հետ Արարատբանկի համագործակցության առաջին ծրագիրն է՝ Օսիպյանը տեղեկացրել է, որ վարկերը կտրամադրվեն 12-14 տոկոս միջին տոկոսադրույքով՝ 3-5 տարի մարման ժամկետով:

«Համոզված եմ, որ սա առաջին փուլն է, և հետագայում մենք հնարավորություն կունենանք համագործակցել նաև այլ ոլորտներում՝ միջին և խոշոր բիզնեսի վարկավորման գծով», - ասաց նա:

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին՝ վարչության նախագահը պարզաբանեց, որ բանկի համար ֆինանսավորման ավանդական ոլորտներն են արդյունաբերությունը, ծառայությունները, առևտուրը, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակումը:

«Մենք բավական ակտիվ ենք, համագործակցում ենք միկրո և փոքր բիզնեսի վարկավորման ոլորտում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Համաշխարհային բանկի, KfW գերմանական բանկի հետ, և այս ծրագիրը նոր հնարավորություն է ինչպես Արարատբանկի, այնպես էլ հաճախորդների և հասարակության համար», - ասաց նա:

Օսիպյանը նաև տեղեկացրեց, որ ԶԵԱԲ-ի կողմից վարկավորման միջոցները տրամադրվելու են ԱՄՆ դոլարով, և փոքր սուբյեկտների ու միկրոբիզնեսի վարկավորումը ևս իրականացվելու է արտարժույթով:

ԶԵԱԲ-ի վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբան (Dmitry Zhurba) իր հերթին գոհունակություն հայտնեց այս համաձայնագրի ստորագրման կապակցությամբ և նշեց, որ գործարքը երկար ժամանակ էր պատրաստվում և պետք է ավարտվեր դեռևս նախորդ տարի:

«Մեզ համար շատ ուրախալի է, որ գործարքն ավարտվեց: Զարգացման եվրասիական բանկը զարգացնում է իր ներկայությունը Հայաստանում, զարգացնում և խորացնում է համագործակցությունը», - ասաց նա:

Ժուրբան նաև ավելացրեց, որ ԶԵԱԲ-ը Հայաստանում հանդես է գալիս որպես զարգացման այլ միջազգային բանկերի ծրագրերի միջնորդ՝ երկրում փոքր և միջին բիզնեսին աջակցելու նպատակով:

«Արարատբանկը վաղուց աշխատում է միջազգային այլ ֆինանսական ինստիտուտների հետ, և ես հուսով եմ, որ մեր համագործակցությունը կշարունակի զարգանալ և խորանալ», - նշեց նա:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  «Հայկապբանկի» իրավահաջորդն է, հիմնադրվել է 1991թ.-ի սեպտեմբերի 20-ին:  Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին:

ԶԵԱԲ-ը հիմնադրվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թ.-ի հունվարին՝ մասնակից-պետությունների շուկայական տնտեսության զարգացման նպատակով: Բանկի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ դոլարը: Բանկի մասնակից-պետություններն են՝ ՌԴ-ն, Ղազախստանը, Հայաստանն ու Տաջիկստանը: Հայաստանում ԶԵԱԲ-ի ֆինանսավորման ծավալը գերազանցում է 20 մլն դոլարը, բանկը Հայաստանում առաջին վարկը տրամադրել է 2010 թ.-ին:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post