Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը 2011թ.-ին նպաստել է 53 մլն դրամի փոխհատուցմանը

24.01.2012 14:49
Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը 2011թ.-ին նպաստել է 53 մլն դրամի փոխհատուցմանը

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Ֆինանսական հաշտարարի գրասենյակի միջնորդությամբ Հայաստանում ֆինանսական կազմակերպությունների կողմից հաճախորդներին փոխհատուցվել է շուրջ 53 մլն դրամ, ասաց Հայաստանի ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը:

«2011 թ.-ին գրասենյակ է ստացվել ֆինանսական կազմակերպությունների դեմ ուղղված 803 բողոք, մենք ուսումնասիրել ենք 145 պահանջ», - երեքշաբթի ամփոփելով եռամյա գործունեության արդյունքները՝ նշեց Սարգսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ հաճախորդների օգտին լուծված գործերի տեսակարար կշիռը նախորդ տարի կազմել է 68 տոկոս:
Ֆինանսական հաշտարարի խոսքով՝ նախորդ տարի գրասենյակի ամենամեծ ձեռքբերումներից մեկը բնակչության շրջանում վստահության մակարդակի բարձրացումն էր:
Նա նշեց, որ այս մասին վկայում է ոչ միայն գրասենյակ դիմած անձանց թվի ավելացումը, այլև ՀՀ ԿԲ-ի կողմից պարբերաբար անցկացվող հարցման արդյունքները, որը վերաբերում է ֆինանսական հաշտարարի գրասենյակի գործունեությանը: «Պատասխանները ցույց են տալիս, որ բնակչությունը գիտի, որ երկրում գործում է ֆինանսական հաշտարարի գրասենյակը, վստահում է նրան և պատրաստ է դիմել խնդիր ունենալու դեպքում», - ասել է Սարգսյանը:
Գրասենյակի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն, դրական ելքով գործերի 74 տոկոսը լուծվել է ֆինանսական կազմակերպության հետ հաշտեցման միջոցով:

803 բողոքից 422-ը ներկայացվել է բանկերի, 274-ը՝ ապահովագրական ընկերությունների, 58-ը՝ վարկային կազմակերպությունների, 15-ը՝ այլ կառույցների դեմ:

Ֆինանսական հաշտարարի գրասենյակի կողմից քննարկված 145 պահանջներից 62-ը վերաբերում էին բանկերին, 71-ը՝ ապահովագրական կազմակերպություններին, 4-ը՝ վարկային կազմակերպություններին, 8-ը՝ գրավատներին:
ԱՊՀ երկրների շրջանում Ֆինանսական համակարգի հաշտատարի առաջին գրասենյակը ստեղծվել և սկսել է գործել Հայաստանում 2009 թ.-ի հունվարի 24-ից: 2009 թ.-ին գրասենյակը հաճախորդներին փոխհատուցել է շուրջ 26 մլն դրամ:
Կառույցի գործունեությունն ուղղված է ՀՀ բանկային համակարգի հաճախորդների իրավունքների և շահերի պաշտպանությանը, նրանց պահանջների օպերատիվ, արդյունավետ և անվճար քննարկմանը, ինչպես նաև հանրապետության ֆինանսական համակարգի նկատմամբ բնակչության վստահության բարձրացմանը: (1 դոլարը 387,96 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև