Մետաղների շուկա. ոսկու և պղնձի գնանշումն աճեց Չինաստանից և եվրագոտուց ստացված դրական տվյալների շնորհիվ

24.01.2012 18:37
Մետաղների շուկա. ոսկու և պղնձի գնանշումն աճեց Չինաստանից և եվրագոտուց ստացված դրական տվյալների շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթվա ընթացքում, բացի հինգշաբթի օվանից, ոսկու գնանշումը համոզիչ աճ էր արձանագրում: Առևտրային հինգ օրերի ընթացքում ոսկու արժեքն ավելացավ 1,74 տոկոսով՝ հասնելով տրոյական մեկ ունցիայի դիմաց 1666,19 ԱՄՆ դոլարի: Այս ամենի պատճառը դարձավ լուսնային օրացույցով Նոր տարվա նախաշեմին Ասիայում կայուն և հաստատուն ֆիզիկական պահանջարկը, ինչպես նաև Չինաստանից և եվրագոտուց ստացված ավելի բարենպաստ մակրոտնտեսական տվյալները:

Իսկապես, երեքշաբթի՝ հունվարի 17-ին հրապարակված Չինաստանի տնտեսական վիճակագրությունը նպաստեց ոսկու աճին: Այսպես, ՀՆԱ-ի աճի տեմպերը 2011 թ.-ի չորրորդ եռամսյակում տարեկան արտահայտմամբ կազմեցին 8,9 տոկոս՝ կանխատեսված 8,6 տոկոսի փոխարեն, իսկ արդյունաբերության աճը դեկտեմբերին ևս արագացավ՝ 12,4 տոկոսից մինչև 12,8 տոկոս: ZEW ինստիտուտի կողմից ներկայացված Գերմանիայի տնտեսական լավատեսության համաթիվը, որը սպասվածից բարձր էր, ևս աջակցեց ոսկու գնանշման աճին:

Հինգշաբթի՝ հունվարի 19-ին, ոսկու արժեքի աճին խոչընդոտեց ԱՄՆ զբաղվածության վերաբերյալ վիճակագրությունը, որը կանխատեսվածից ավելի դրական էր: Այսպես, ԱՄՆ-ում գործազրկության նպաստների առաջնային հայտերի թիվը մեկ շաբաթվա ընթացքում, հունվարի 8-14-ը, նվազեց 50 հազարով՝ մինչև 352 հազար: Այս նվազումն ավելի քան վեց տարվա ընթացքում ամենազգալին էր, իսկ հայտերի թիվը 2008 թ.-ի ապրիլից հասավ ամենանվազագույն ցուցանիշի: Միաժամանակ լույս տեսած ԱՄՆ-ում սպառողական գնաճի զեկույցը ցույց տվեց, որ դեկտեմբերյան ցուցանիշը տարեկան արտահայտությամբ չի փոխվել՝ 2,2 տոկոս, ինչը հանգեցրեց ոսկու արժեքի նվազմանը:

Այս շաբաթվա սկզբին զրկվելով ասիական ֆիզիկական պահանջարկից՝ ոսկին կարող է հայտնվել ճնշման տակ: Այս ամենը կապված է այն բանի հետ, որ ասիական շուկաների մեծ մասն այս շաբաթվա առաջին երկու օրը փակ կլինեն լուսնային օրացույցով Նոր տարվա տոնակատարությունների պատճառով: Չինական շուկաները փակ կլինեն այս շաբաթվա ընթացքում: Առաջին հինգ առևտրային օրերի ընթացքում ոսկու համար աջակցող շեմ կլինի տրոյական մեկ ունցիայի դիմաց 1625,0 ԱՄՆ դոլարը: Շաբաթ օրը՝ հունվարի 21-ին, Հունաստանի կառավարության և մասնավոր վարկատուների միջև դադարեցված բանակցությունները, որոնք նվիրված էին պետական պարտքի վերակառուցվածքայնությանը, կարող են ուժեղացնել լարվածությունը ֆինանսական շուկաներում՝ նման կերպով ճնշում գործադրելով ոսկու վրա:

Այս շաբաթ ոսկու գնանշումը կսահմանվի ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացվող մակրոտնտեսական վիճակագրությամբ: Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն տոկոսադրույքին նվիրված ԱՄՆ Պահուստային դաշնային համակարգի նիստը, 2011 թ.-ի չորրորդ եռամսյակում ՀՆԱ-ի նախնական տվյալների, դեկտեմբերին բնակարանային հատվածի տվյալների հրապարակումը: Եվրոպական նորություններից հարկ է նշել հունվարին եվրագոտում գործարար ակտիվության համաթվի նախնական տվյալների հրապարակումը, ինչպես նաև IFO ինստիտուտի կողմից հունվարին Գերմանիայի գործարար միջավայրի պայմանների ինդիկատորը: Ակնկալվում է, որ այս վիճակագրության մեծ մասը չափավոր դրական կլինի, ինչը կարող է աջակցել ոսկու գնանշմանը: Այս շաբաթ թանկարժեք մետաղի համար դիմադրության շեմ կարող է լինել տրոյական մեկ ունցիայի դիմաց 1700,0 ԱՄՆ դոլարը:

Նախորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքը աճեց 2,6 տոկոսով՝ հասնելով մեկ ֆունտ պղնձի դիմաց 3,7445 ԱՄՆ դոլարի: Պղնձի թանկացման պատճառներից մեկը դարձավ Չինաստանում ՀՆԱ-ին և արդյունաբերությանը վերաբերող դրական վիճակագրությունը: Սակայն արդեն ուրբաթ՝ հունվարի 20-ին, կարմիր մետաղի ֆյուչերսային գնանշման աճը դադարեց ԱՄՆ-ից ստացված բնակարանային երկրորդական շուկայի դեկտեմբերյան թույլ տվյալների և Չինաստանի տնտեսության տվյալների պատճառով:

Այսպես, ԱՄՆ-ում դեկտեմբերին բնակարանների երկրորդական շուկայում վաճառքի ծավալն աճել է 5,0 տոկոսով՝ կանխատեսված 5,2 տոկոսի համեմատ: Չինաստանի մատակարարման մենեջերների հունվարյան նախնական համաթիվը, որը հաշվարկվում է HSBC բանկի կողմից, կազմեց 48,8: Այս ցուցանիշը երրորդ ամիսն անընդմեջ գտնվում է 50 կետից ցածր, ինչը վկայում է այն մասին, որ տնտեսական աճը, հավանաբար, կշարունակի դանդաղել:

Նախորդ շաբաթ կարմիր մետաղին աջակցող լրացուցիչ գործոն դարձավ Լոնդոնի մետաղների բորսայում (ԼՄԲ) այս ակտիվի նվազող բորսային պաշարը:

Այս շաբաթ պղնձի դինամիկան հիմնականում կախված կլինի ԱՄՆ-ից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից: Ակնկալվում է, որ այս վիճակագրությունը չափավոր դրական կլինի: Եթե կանխատեսումներն արդարանան և երկար օգտագործման ապրանքների պատվերների տվյալները, ինչպես նաև դեկտեմբերին բնակարանների շուկայի և 2011 թ.-ի չորրորդ եռամսյակում ՀՆԱ-ի տվյալները իսկապես բարենպաստ լինեն, ապա գունավոր մետաղներն, այդ թվում նաև պղինձը կարող են շարունակել իրենց աճը: Այս շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի գնանշման տատանման ենթադրվող դիապազոնը պղնձի մեկ ֆունտի դիմաց 3,60 – 3,90 ԱՄՆ դոլարն է:

Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև